«Մարդիկ սկսում են հասկանալ, սթափվել, հիասթափությունը օրեցօր մեծանում է, իսկ Փաշինյանը փորձում է փրկել իրավիճակը». Կարինե Նալչաջյան

Հոգեբան Կարինե Նալչաջյանն այն կարծիքին է, որ Նիկոլ Փաշինյանը հակում ունի ինքնանույնանալ հայոց արքաների, Հիսուս Քրիստոսի հետ՝ անցնելով մարդկայինի և աստվածայինի սահմանները:

«Քրիստոսը միանգամից զուգորդվում է փրկչի հետ. Նիկոլ Փաշինյանն իրեն փրկիչ է զգում: Այդ հարցում մեր ազգաբնակչության որոշակի հատված նրան ոգևորել է: Երևի թանկ է իր համար այդպիսի զգացողություններ ունենալը»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գեղարքունքի մարզ իր կատարած այցն ամփոփելիս նշել էր. «Մենք պետք է Հայաստանը նորովի կառուցենք այնպես, ինչպես կկառուցեինք Հիսուսի երկրորդ գալստյանը սպասելիս»:

Կարինե Նալչաջյանը նկատեց՝ պետք չէ տրամաբանություն փնտրել Նիկոլ Փաշինյանի ինքնանույնացումների մեջ. «Նա խոսում է ոչ թե Քրիստոսի, եկեղեցու մասին, այլ՝ ինքն իր մասին, ինքը կենտրոնացած է իր կերպարի վրա: Առանձնապես հիմքեր չունեմ մտածելու, որ ինքը մեծագույն արժեք է համարում եկեղեցի պահպանելը, մեր կրոնի նկատմամբ իր վերաբերմունքի մեջ որևէ նվիրվածություն չի երևում: Ուղղակի փրկչի գաղափարն իրեն դուր է եկել, ինքը ներկայացել է՝ որպես փրկիչ, և փրկչի կերպարը Քրիստոսն է: Պարզունակ են կապերը, եկեք՝ խորքային բաներ չփնտրենք»:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե այսօր գյուղերում քաղաքակրթական հեղափոխություն է տեղի ունենում, հոգեբանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանն անկեղծ է՝ քաղաքակրթական հեղափոխության խնդիր իրենց առջև դրված է. «Բայց փառք Աստծո, մեր երկրում դեռևս չեմ տեսնում այդ արժեքների կործանումը, այն ամենը, ինչ մեզ համար թանկ է, դեռևս պահպանվում է: Փաշինյանը և մյուսները տեսնում են, որ հողն իրենց ոտքերի տակից փախչում է: Ինքնախաբեության էլ ի՞նչ աստիճան պետք է լինի, որպեսզի չտեսնեն, որ մեծագույն հիասթափություն կա: Որ կողմ շրջվում ես՝ թրքահոտ է գալիս, մարդիկ սկսում են հասկանալ, սթափվել, հիասթափությունն օրեցօր է մեծանում, մարդիկ հասկանում են, որ ինչ-որ շատ կարևոր արժեքների է սկսել հարված հասնել, նույնիսկ ֆիզիկական անվտանգության հարց է առաջ գալիս: Հիմա Փաշինյանը փորձում է փրկել իրավիճակը: Նա հրաշալի ամբոխավար է, փողոցում աշխատանքն իր մոտ ստացվում է: Նա նորից դուրս է եկել փողոց, զբաղված է նրանով, ինչ իր մոտ ստացվում է: Բայց իր կերպարի ներգործությունն այն չէ, շատ թեթևակի հաջողություն կարող է ունենալ»:

Հոգեբանն այն կարծիքին է, որ գործող իշխանությունները հստակ ծրագրով են եկել. «Ուղղակի հնարավոր չէ չտեսնել, որ ամբողջ աշխարհում մեծագույն փոփոխություններ են տեղի ունենում, և թիրախում ազգերն են ու ազգային պետությունները: Դա նաև մեզ է բաժին հասել: Մենք տեսնում ենք, որ նույն ձևերով, նույն տեխնոլոգիաներով թիրախավորված են ժողովուրդները, ազգային պետությունները: Այնպես որ, մեզ վաղուց հայտարարված է պատերազմ, ժամանակակից պատերազմներն իրենց յուրահատկություններն ունեն, այսօր հնարավորություն կա շատ որակյալ ձևով աշխատել մարդկային գիտակցության վրա: Մենք պետք է հասկանանք՝ ինչ է կատարվում, սթափվենք և փորձենք դիմակայել: Կգոյատևեն այն ազգերը, ժողովուրդները, ովքեր հավատարիմ կմնան իրենց ավանդույթներին, ազգային արժեքներին և այդ խայծերը կուլ չեն տա: Հիմա, կարծես թե, մենք սկսել ենք դիմադրել»:

Հոգեբանը նկատեց՝ այն մարդիկ, ովքեր կառավարում են այդ պրոցեսը, շատ լավ են հասկանում կրթության դերը. «Երեխաները ի սկզբանե թիրախավորված էին: Իրենք աշխատում են և՛ ներկայի, և՛ ապագայի վրա. ներկայից փորձում են կտրել թելերը անցյալի հետ, արժեքների, եկեղեցու հետ, այն ամենի հետ, ինչ այսօր թիրախավորված է: Թիրախավորված են կրթական հաստատությունները: Ո՞ւմ ենք մենք ձևավորում, եթե այդպիսի չափորոշիչներով ենք առաջնորդվում. Մենք ձևավորում ենք ինչ-որ ամորֆ մի արարած: Հաճախ խոսում են հայրենասիրության մասին, ասում են՝ չափելի չէ. այդ չափելի բառը ինձ միանգամից հիշեցնում է այն պրոյեկտները, որոնք գրվում և ներկայացվում են գրանտային ֆինանսավորման, որովհետև այնտեղ հատուկ կետ կա չափելու մասին: Արդեն տերմինոլոգիան մարդկանց մեջ մտած է, նույնիսկ բառերից կարող ես ենթադրել մարդու մտածողության յուրահատկությունների մասին»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս