««Իսկանդերի» հրթիռները հասնելու էին Բաքու, Գյանջա». Սերժ Սարգսյան

«Գիտե՞ք, այդ հարցի հասցեատերը ես չեմ, և ես էլ հաճույքով կցանկանայի լսել, թե ինչ պատասխաններ են տրվել, կամ ինչ քննարկումներ են եղել ՌԴ գործընկերների հետ: Եվ ես խնդրում եմ, դուք առիթներ շատ եք ունենում, հարցեր տալ հասցեատիրոջը, և դրա համար ես ձեզ շատ շնորհակալ կլինեմ»,- անդրադառնալով 168.am-ի այն հարցին, թե ի՞նչ պատասխաններ է ռուսական կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել Ապրիլյան պատերազմի վերաբերյալ, ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Ինչ վերաբերում է բուն գաղափարին, 3-րդ նախագահի խոսքով՝ այդպիսի հայտարարություններն այդ տեսակետից տգիտություն են:

«Գիտե՞ք, երբ մարդիկ չստուգված, վարկաբեկող մտքեր, տեսակետներ են հայտնում դաշնակիցների վերաբերյալ, դա ունենում է շատ խորը հետևանքներ, և ոչ միայն այդ պահին: ՌԴ-ն մեր ռազմավարական դաշնակիցն է: Այդպիսի հայտարարությունը նշանակում է՝ ուղղակի մեղադրել քո դաշնակցին պատերազմ հրահրելու, այսինքն՝ դավաճանության մեջ: Դա անթույլատրելի է հատկապես այն պարագայում, երբ ՌԴ-ն մեզ հսկայական օժանդակություն է ցուցաբերել՝ որպես դաշնակից: Կարծում եմ, շատերը կհիշեն 2010թ. ՌԴ այն ժամանակվա նախագահ Դ. Մեդվեդևի պետական այցը Հայաստան, որի շրջանակներում մենք փաստաթուղթ ստորագրեցինք, լրացուցիչ արձանագրություն, որով ՌԴ ռազմական բազան լրացուցիչ պարտականություններ վերցրեց: Մինչ այդ ՌԴ ռազմական բազան պատասխանատու էր ԱՊՀ արտաքին սահմանների համար, իսկ 2010թ. ստորագրած փաստաթղթով՝ իր վրա պատասխանատվություն վերցրեց նաև ՀՀ ողջ սահմանների երկայնքի համար: Գումարած դրան՝ պատասխանատվություն վերցրեց նաև մեզ օժանդակելու, թարմացնելու մեր սպառազինությունը»,- ասաց ՀՀ 3-րդ նախագահը:

Սերժ Սարգսյանի խոսքով՝ մենք մինչև 2018թ. Ապրիլյան իրադարձություններ ստացել ենք 50000 տոննայից ավելի ռազմատեխնիկական օժանդակություն, իսկ դա նշանակում է, որ դրա համար չես վճարում:

«Այդ թվի մեջ չի մտնում «Իսկանդերը», «Точка У»-ն, 200 միլիոն, 100 միլիոն դոլարի պայմանագրով նախատեսված սպառազինությունները, և այսպիսի պարագաներում խոսել նրա մասին, թե ՌԴ գիտությամբ և հրահրմա՞մբ են տեղի ունեցել Ապրիլյան իրադարձությունները, կարծում եմ, ուղղակի պարզապես սխալի արդյունք էր: Չի կարելի այդպիսի հայտարարություններ անել: Եվ ես սրա վրա ծանրանում եմ ոչ թե նրա համար, որ այսպիսի հայտարարություններ անողները այսօր իշխանության են, ես սրա վրա ծանրանում եմ, որպեսզի ապագայում այդպիսի մոտեցումներ չթույլատրվեն»,- ասաց Սերժ Սարգսյանը:

Նա նշեց, որ Հայաստանից բացի, որևէ մեկը «Իսկանդեր» չունի, և անգամ Բելառուսը, որը ՌԴ-ի հետ ունի ընդհանուր պետության գաղափար, չունի այդ զինատեսակը, և միայն դրա առկայությունն էր, որ 2016թ. ապրիլին լայնածավալ, խոշորամասշտաբ պատերազմ տեղի չունեցավ, այլ եղան լայնամասշտաբ ռազմական գործողություններ:

«Ձեզ համար տարօրինակ չէ՞, որ ադրբեջանցիները այդ լայնածավալ ռազմական գործողությունները սկսեցին իրենց հատուկ նշանակության ստորաբաժանումների ուժերով: Նրանց հրետանին հասանելի էր մեր մի քանի զինավանների մշտական տեղակայման վայրերին: Ինչո՞ւ չօգտագործեցին: Ակնհայտ է, չէ՞, պատասխանն ի՞նչ էր լինելու:  Պատասխանը լինելու էր շատ ուղիղ. «Իսկանդերի» հրթիռները հասնելու էին Բաքու, Գյանջա, և դրանից հետո պարզ չէր, թե Ադրբեջանի ղեկավարությունը կարո՞ղ էր դիմանալ այդ կորուստներին ներքաղաքական իմաստով: Ձեզ համար տարօրինակ չէ՞, որ ադրբեջանցիները չօգտագործեցին ռազմական ինքնաթիռներ: Չօգտագործեցին, որովհետև դրանք հենց փորձում էին մոտենալ սահմանին, նրանք արդեն գտնվում էին С-300-ի թիրախում, իսկ դրանք մենք ստացել ենք՝ որպես ռազմատեխնիկական օժանդակություն: Գիտե՞ք, միգուցե այդ հարցադրման պատճառը եղել է նաև այն, որ ռազմական գործողությունները տևել են մինչև ապրիլի 5-ը, և շատերը կարծում էին, որ 1-ին օրը Ռուսաստանի կողմից պետք է դադարեցվեին այդ գործողությունները: Իսկ դուք վստահ էի՞ք, որ Ռուսաստանը հենց առաջին օրը կարող էր ասել՝ ավարտեք այդ պատությունը: Հո Ադրբեջանը Ռուսաստանի ենթական չի՞: Իսկ միգուցե այդ ռազմական գործողությունները տևեցին 4 օր նաև այն պատճառով, որ ադրբեջանցիները համոզվեն, որ իրենք ի վիճակի չեն ռազմական ճանապարհով Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծել»,- ասաց Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ դաշնակիցների, գործընկերների մասով հայտարարությունները պետք է շատ հղկված լինեն, որովհետև դրանք ունենում են դրական և բացասական իմաստներ:

Տեսանյութեր

Լրահոս