«Ամոթ է, անթույլատրելի է այդպիսի բան անելը». Սերժ Սարգսյան
«Բոլոր ժամանակներում, գոնե մինչև 2018թ. ապրիլ, բանակը մեր երկրի ամենահեղինակավոր կառույցներից էր: Ես ասում եմ սոցիոլոգիական ուսումնասիրությունների արդյունքներ, որոնց պատվիրատուները շատ տարբեր քաղաքական ուժեր են հանդիսանում, և սա որևէ մեկը չի կարող ժխտել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ընդգծելով՝ այլ խնդիր է, որ որոշ կառույցներ հատկապես զբաղվում էին բանակը վարկաբեկելու պրոցեսով:
«Որևէ կառույց չի կարող առանց թերությունների աշխատել, հնարավոր չէ, և ոչ միայն՝ մեր երկրում, այլև՝ ամբողջ աշխարհում: Եվ ամբողջ աշխարհում շատերն են քննադատության ենթարկվում, այդ թվում՝ նախագահներ, պետական ինստիտուտներ, և այլն: Այսինքն՝ քննադատությունից պետք չէ խուսափել, որովհետև դա անխուսափելի է: Բայց ես խոսում եմ ոչ թե քննադատության, այլ վարկաբեկման մասին, և սա ամոթ է: Ամոթ է վարկաբեկել այն բանակը, և, ընդհանրապես, ցանկացած բանակ, որ իր ժողովրդին այսպիսի հաղթանակներ է բերել: Ամոթ է վարկաբեկել այն սպաներին և զինվորներին, ովքեր առավոտից երեկո կանգնած մահվան բերանին՝ պաշտպանում են մեր հայրենիքը: Անթույլատրելի է այդպիսի բաներ անել, անթույլատրելի: Ինչ վերաբերում է խոսելուն, մենք միշտ էլ խոսել ենք, միշտ, և մեր ուրախ օրերին, և մեր տխուր օրերին բանակի հետ շփումների պակաս երբեք չի եղել, և բանակի մասին խոսելու պակաս երբեք չի եղել: Այնպես որ, այլ հանգամանքներով են պայմանավորված բանակի վարկաբեկման ջանքերը»,- ասաց ՀՀ երրորդ նախագահը:
Միևնույն ժամանակ՝ նա նկատեց, որ վերջին 2 տարվա ընթացքում բանակի վարկաբեկման փորձեր գրեթե չկան. «Ես ուրախ եմ, որ հիմա այդպիսի փորձեր գրեթե չկան, եթե կան, նախկին ժամանակահատվածին են վերաբերում: Փառք Աստծո, այսօր չկան: Դուք կարո՞ղ եք մի օրինակ բերել և ասել՝ այսինչ հանրապետականը այսպիսի բան է ասել Զինված ուժերի մասին՝ այս երկու տարվա ընթացքում: Չեք կարող բերել, որովհետև չի եղել այդպիսի բան: Չի եղել, և չենք անելու դա. ոչ թե այն պատճառով, որ չկան, այլ որովհետև մեզ համար դա համոզմունք է»: