«Եթե նախկինների գործը շարունակող լինեինք, նրանից  շատերը, ովքեր նախկինների օրոք գտնվում էին ճաղերի հետևում, այսօր նույնպես կլինեին ճաղերի հետևում». Հրաչյա Հակոբյան

«Սասնա ծռեր» համահայկական շարժման ղեկավար-անդամ Ժիրայր Սէֆիլյանն ուշագրավ հայտարարություն է արել ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով «Սասնա ծռերի» գործով հերթական նիստի ժամանակ դատախազների ներկայացրած միջնորդությանը՝ գործով ամբաստանյալների համար խնդրած պատժաչափերի ժամկետների առնչությամբ:

«Կիսագաղութային կեղեքիչ համակարգի դատախազության և դատարանի որոշումները մեզ համար ոչ մի արժեք և նշանակություն չունեն։
Ժողովո՛ւրդն է որոշողը։

Եվ մենք համոզված ենք, որ մեր նախաձեռնությամբ մեր ժողովուրդը շուտով ազատելու է Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին։

Մենք նաև համոզված ենք, որ շուտով մեր ժողովուրդը ոչ միայն տալու է նախկինների գործը շարունակող այս վարչակազմի գնահատականը, այլև ոտքի է կանգնելու և նրան ուղարկելու է ուր որ հարկն է»,- գրել էր Ժ. Սէֆիլյանը:

Հիշեցնենք՝ մեղադրանքի կողմը պահանջել էր խմբի անդամներին մեղավոր ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը), 235-րդ հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք պահելը), 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով (կազմակերպված խմբի կողմից զենք հափշտակելը) և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 11-րդ կետերով (հասարակական պարտքի կատարման համար երկու կամ ավելի անձանց զուգորդված՝ մարդուն առևանգելով կամ պատանդ վերցնելով սպանությունը):

Դատախազ Պետրոս Պետրոսյանը միջնորդել էր  Արայիկ Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ նրա մահվան հանգամանքով պայմանավորված: Մեղադրող կողմը միջնորդել էր  Արեգ Կյուրեղյանին, Էդվարդ Գրիգորյանին պատիժ նշանակել 8,6 ամիս, Գագիկ Եղիազարյանին՝ 8,9 ամիս, Սեդրակ Նազարյանին՝ 9 տարի, Մխիթար Ավետիսյանին՝ 8 տարի 9 ամիս, Վարուժան Ավետիսյանին՝ 8,9 ամիս, Պավել Մանուկյանին՝ 9 տարի, Արմեն Բիլյանին՝ 21 տարի ժամկետով, Սմբատ Բարսեղյանին՝ ցմահ ազատազրկում։

168.amը Ժիրայր Սէֆիլյանի գրառման վերաբերյալ լսեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի տեսակետը:

Հիշեցնենք՝ Հրաչյա Հակոբյանը դեռ 2018թ.-ի հունիսին երաշխավորել էր «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Արեգ Կյուրեղյանին ազատ արձակելու համար՝ վճարելով պահանջված գումարի չափը:

«Այնտեղ կա մի այսպիսի ձևակերպում՝ «նախկինների գործը շարունակող այս վարչակազմը…». եթե մենք նախկինների գործը շարունակող լինեինք, նրանցից  շատերը, ովքեր նախկինների օրոք գտնվում էին ճաղերի հետևում՝ բանտարկված, այսօր նույնպես կլինեին ճաղերի հետևում՝ բանտարկված»,-  «Սասնա ծռեր» համահայկական շարժման ղեկավարի գրառմանն անդրադառնալով՝ նշեց պատգամավորը:

Ի դեպ, Հրաչյա Հակոբյանն ասաց, որ չի ափսոսում այդ խմբավորման անդամի ազատ արձակման հարցում ժամանակին ներկայացված երաշխավորագրի համար. «Դրա կարիքը զգացել եմ ինքս և ներկայացրել եմ:  Այսօր ամեն դեպքում այդ մարդիկ այլ դիրքորոշում ունեն.  մեզ, ինձ, օրինակ, համեմատում են նախկինների հետ, ով իրենց համար  երաշխավորագիր է ներկայացրել, բայց միևնույն է, ես չեմ ափսոսում իմ արածների համար»:

Հարցին՝ ի՞նչ եք կարծում՝  ժողովուրդը կկանգնի՞ ոտքի գրառման մեջ մատնանշած խնդիրների համար, ինչպես նշում է Ժիրայր Սէֆիլյանը, Հրաչյա Հակոբյանը պատասխանեց.

«Ես այնտեղ  չտեսա՝ ինչ խնդիր են մատնանշում: Իրավական պրոցես է տեղի ուենում, և ժողովուրդը հետևում է իրավական պրոցեսներին: Կան մարդիկ, ովքեր իրենց կողմնակիցներն են, բայց նրանք չեն կարող այսօր Հայաստանում ինչ-որ այսպիսի պրոցեսներ, գործընթացներ սկսել, ինչպես իրենք են նշում, ժողովուրդը կազատի… Կա դատական իշխանություն, վերջիվերջո, իրավական պետութուն ենք մենք. պետք է իրավապահները որոշեն»:

Ի դեպ, օրերս 168.am-ը վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանից հետաքրքրվել էր, թե արդյոք փոխվե՞լ է «Սասնա ծռերի» հետ կապված վարչապետի դիրքորոշումը:

«Միակ մեկնաբանությունը, որ ես կարող եմ տալ, որ պարոն վարչապետն ընդհանրապես չի միջամտում կամ դիրքորոշում հայտնում այն գործերի վերաբերյալ, որոնք որ դատական ընթացքում են գտնվում»,- ի պատասխան՝ ասել էր վարչապետի խոսնակը:

Հիշեցնենք, որ 2016թ. հուլիսի 17-ի վաղ առավոտյան «Սասնա ծռեր» խմբի անդամները բեռնատար ավտոմեքենայով ջարդել էին ոստիկանական ՊՊԾ գնդի մուտքի դարպասները, ներս մտել գնդի տարածք ու գրավել այն։ Խումբը պահանջում էր Սերժ Սարգսյանի հրաժարականն ու քաղբանտարկյալների ազատ արձակումը։
Դեպքերի ժամանակ սպանվել էր գնդապետ Արթուր Վանոյանը, ոստիկան Գագիկ Մկրտչյանը մահացել էր դեպքից մոտ մեկ ամիս անց՝ ստացած հրազենային վնասվածքի պատճառով, իսկ Յուրի Տեփանոսյանը՝ զինված խմբի հանձնվելուց մեկ օր առաջ՝ հուլիսի 30-ին, սպանվել էր դիպուկահարի արձակած կրակոցից:

Նիկոլ Փաշինյանի` իշխանության գալուց հետո խմբի անդամների հիմնական մասն ազատ արձակվեց պատգամավորների երաշխավորությամբ, սակայն նրանց գործը շարունակեց քննվել դատարանում։

2016 թ. հուլիսի 19-ին լրագրողների հետ զրույցում դեռևս ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով իրավիճակին՝ մասնավորապես ասել էր:

«…Բայց ինձ անհանգստացնում է այն, որ, ըստ էության, իրադարձությունների զարգացման մեկնաբանության և տեսլականի մասին խոսում է միայն ԱԱԾ-ն և Ոստիկանությունը: Գիտե՞ք, եթե մենք այս իրավիճակը պետք է գնահատենք Քրեական օրենսգրքի որևէ հոդված բացելով և ցիտելով՝ սա նշանակում է՝ մենք իրավիճակը ճիշտ չենք գնահատում և ճիշտ չենք հասկանում տեղի ունեցողի դրդապատճառները, և ինձ համար ընդունելի չեն նաև այն ձևակերպումները, որ «Սասնա ծռեր» խմբի անդամներին փորձ է արվում ներկայացնել՝ որպես ուղղակի ահաբեկիչ և այս կարգի որակումներով…»:

Նկատենք՝ 2019 թ. սեպտեմբերի 5-ին տեղի ունեցավ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, «Սասնա ծռեր» կուսակցության ղեկավար Ժիրայր Սէֆիլյանի և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանի հանդիպումը։

Արդեն սեպտեմբերի 15-ին՝ Վանաձորում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում, պատասխանելով 168.am-ի հարցին, թե ո՞րն էր «Սասնա ծռեր» կուսակցության անդամների հետ հանդիպման շարժառիթը, քանի որ շատերն են ուզում իր հետ հանդիպել, բայց հաշվի առնելով զբաղվածությունը, վարչապետը ոչ բոլորի հետ է հանդիպում, գործադիրի ղեկավարը նշել էր

«Այս հանդիպմանը մեծ կոնտեքստ հաղորդվեց. եկեք չմոռանանք, որ երկար ժամանակ մենք գործել ենք ընդդիմադիր դաշտում, և այդ ընթացքում որոշակի հարաբերություններ են ձևավորվել: Ճիշտ է, քաղաքական առումով մենք հեռացել ենք, և այդ հեռացումը եղել է հրապարակային, սկզբունքային հարցերի շուրջ եղած սկզբունքային տարաձայնությունների վերաբերյալ: Հասկանում եմ, որ մենք զուտ մարդկային շփումներ ենք ունեցել Ժիրայր Սէֆիլյանի և Գարեգին Չուգասզյանի հետ, ես նրանց բանտում եմ այցելել, և այդպես շարունակ»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս