Նիկոլ Փաշինյանը՝ «Սասնա ծռերի» հետ հանդիպման մասին

«Այս հանդիպմանը մեծ կոնտեքստ հաղորդվեց, եկեք չմոռանանք, որ երկար ժամանակ մենք գործել ենք ընդդիմադիր դաշտում, և այդ ընթացքում որոշակի հարաբերություններ են ձևավորվել: Ճիշտ է, քաղաքական առումով մենք հեռացել ենք, և այդ հեռացումը եղել է հրապարակային, սկզբունքային հարցերի շուրջ եղած սկզբունքային տարաձայնությունների վերաբերյալ: Հասկանում եմ, որ մենք զուտ մարդկային շփումներ ենք ունեցել Ժիրայր Սէֆիլյանի և Գարեգին Չուգասզյանի հետ, ես նրանց բանտում եմ այցելել, և այդպես շարունակ»,- այսօր Վանաձորում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով 168.am-ի հարցին, թե ո՞րն էր «Սասնա ծռեր» կուսակցության անդամների հետ հանդիպման իր շարժառիթը, քանի որ շատերն են ուզում իր հետ հանդիպել, բայց հաշվի առնելով զբաղվածությունը՝ ոչ բոլորի հետ է հանդիպում:

Նրա խոսքով՝ նախորդ տարի հեղափոխությունից հետո վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո չի կարող ասել, որ նախկին ծանոթներից որևէ մեկի հետ չի կարող խոսել կամ շփվել:

«Քաղաքական առումով գուցե սա ճիշտ է՝ հաշվի առնելով շահարկումները, բայց մարդկային առումով սա ճիշտ մոտեցում չէ: Մարդիկ, որոնք զանգահարում են, ուզում են ինձ հետ խոսել, քննարկել կամ վիճել, ի՞նչ ասեմ, ասեմ, որ հիմա վարչապետի իմ կարգավիճակը ինձ թույլ չի՞ տալիս նրանց հետ հանդիպելու, ես այդպես չեմ մտածում: Այդ հանդիպումը դարձրել են մեծ վերլուծությունների առիթ, արդեն հատորներ են գրել, թե՝ այս մեկն այն մեկին, և այլն… Ես այդպես չեմ մտածում, սա գուցե շատերին դուր չի գալիս, բայց ես իմ գործողություններում աշխատում եմ լինել մաքսիմալ պարզ և հնարավորինս քիչ լինեմ ինտրիգային դաշտում»,- հավելեց վարչապետը:

Նա վստահեցրեց, որ այնպես չէ, որ այդ մարդկանց հետ օրը մեջ հանդիպում է: Վարչապետը հիշեցրեց, որ, երբ Գարեգին Չուգասզյանը հացադուլի մեջ էր, նրան խնդրել է, որպեսզի դադարեցնի հացադուլը, ձեռք են բերել նաև որոշակի պայմանավորվածություններ, ինչը եղել է հրապարակային:

Կարդացեք նաև

«Հիմա եթե ես ճանապարհով քայլելիս լինեմ, նրանք գան, պետք է ճանապարհս փոխե՞մ: Չգիտեմ, գուցե նախկինում իշխանություններն այդ սկզբունքով են գործել, ես այդ սկզբունքով չեմ գործում, պետք չէ ո՛չ թերագնահատել, ո՛չ գերագնահատել որևէ հանդիպում, զրույց, և այլն: Օրինակ՝ իմ ծանոթներից որևէ մեկին երկար ժամանակ, եթե չեմ կարողանում ընդունել, ինչքան էլ դա հասկանալի լինի, բայց այդ փաստից ես ինձ շատ վատ եմ զգում»,- եզրափակեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս