Պարոն վարչապետն ընդհանրապես դիրքորոշում չի հայտնում այն գործերի վերաբերյալ, որոնք դատական ընթացքում են գտնվում. ՀՀ վարչապետի խոսնակ
«Սասնա ծռերի» գործով հերթական նիստի ժամանակ դատախազները միջնորդություն ներկայացրին գործով ամբաստանյալների կալանավորման ժամկետների առնչությամբ։
Մեղադրանքի կողմը պահանջեց խմբի անդամներին մեղավոր ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը), 235-րդ հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք պահելը), 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով (կազմակերպված խմբի կողմից զենք հափշտակելը) և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 11-րդ կետերով (հասարակական պարտքի կատարման համար երկու կամ ավելի անձանց զուգորդված՝ մարդուն առևանգելով կամ պատանդ վերցնելով սպանությունը):
Դատախազ Պետրոս Պետրոսյանը միջնորդեց Արայիկ Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ նրա մահվան հանգամանքով պայմանավորված։
Այսպիսով՝ մեղադրողը միջնորդեց Արեգ Կյուրեղյանին, Էդվարդ Գրիգորյանին պատիժ նշանակել 8,6 ամիս, Գագիկ Եղիազարյանին՝ 8,9 ամիս, Սեդրակ Նազարյանին՝ 9 տարի, Մխիթար Ավետիսյանին՝ 8 տարի 9 ամիս, Վարուժան Ավետիսյանին՝ 8,9 ամիս, Պավել Մանուկյանին՝ 9 տարի, Արմեն Բիլյանին՝ 21 տարի ժամկետով, Սմբատ Բարսեղյանին՝ ցմահ ազատազրկում։
«Սասնա ծռերի» գործով տուժողների իրավահաջորդները դատարանից ժամանակ խնդրեցին մեղադրական ճառով հանդես գալու համար։ Դատարանը որոշեց տուժողների իրավահաջորդների միջնորդությունը բավարարել. հաջորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 19-ին, ժամը 11-ին։
«Սասնա ծռերի» անդամ Վարուժան Ավետիսյանն ArmDaily.am-ի հետ զրույցում անդրադառնալով դատական գործընթացներին՝ նշել էր. «Դատարանը և դատախազն այս գործընթացում որևէ դեր չունեն։ Նրանք դիմակի համար տուգանող ոստիկանից ոչնչով չեն տարբերվում։ Նրանցից որևէ ակնկալիք չունենք։ Սա քաղաքական գործընթաց է։ Սա հեղափոխությանը դավաճանած և ժողովրդին խաբած Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է անում, որովհետև ստանձնել է նախորդների իրավահաջորդությունը և ըստ այդմ՝ նրանց գործած սխալները պետք է կոծկի»։
Դիտարկմանը, թե շատերը պնդում են, որ «Սասնա ծռերի» անդամներից շատերն ազատության մեջ են Նիկոլ Փաշինյանի կառավարության օրոք, և, եթե չլիներ նրա կատարած հեղափոխությունը, նրանք դեռևս կլինեին անազատության մեջ, Վարուժան Ավետիսյանն արձագանքել էր. «Սրանք սրիկայաբարո տեսակետներ են։ Մենք ազատության մեջ ենք մեր ժողովրդի շնորհիվ, Նիկոլ Փաշինյանը կրակ էլ լիներ, չէր կարող մեզ չազատել»։
168.am-ը վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանից հետաքրքրվեց՝ «Սասնա ծռերի» հետ կապված վարչապետի դիրքորոշումն արդյոք փոխվե՞լ է, թե՞ ոչ։ Ի պատասխան՝ նա ասաց.
«Միակ մեկնաբանությունը, որ ես կարող եմ տալ, որ պարոն վարչապետն ընդհանրապես չի միջամտում կամ դիրքորոշում հայտնում այն գործերի վերաբերյալ, որոնք որ դատական ընթացքում են գտնվում»:
Հիշեցնենք, որ 2016թ. հուլիսի 17-ի վաղ առավոտյան «Սասնա ծռեր» խմբի անդամները բեռնատար ավտոմեքենայով ջարդել էին ոստիկանական ՊՊԾ գնդի մուտքի դարպասները, ներս մտել գնդի տարածք ու գրավել այն։ Խումբը պահանջում էր Սերժ Սարգսյանի հրաժարականն ու քաղբանտարկյալների ազատ արձակումը։
Դեպքերի ժամանակ սպանվել էր գնդապետ Արթուր Վանոյանը, ոստիկան Գագիկ Մկրտչյանը մահացել էր դեպքից մոտ մեկ ամիս անց՝ ստացած հրազենային վնասվածքի պատճառով, իսկ Յուրի Տեփանոսյանը՝ զինված խմբի հանձնվելուց մեկ օր առաջ՝ հուլիսի 30-ին, սպանվել էր դիպուկահարի արձակած կրակոցից:
Նիկոլ Փաշինյանի` իշխանության գալուց հետո խմբի անդամների հիմնական մասն ազատ արձակվեց պատգամավորների երաշխավորությամբ, սակայն նրանց գործը շարունակեց քննվել դատարանում։
2016 թ. հուլիսի 19-ին լրագրողների հետ զրույցում դեռևս ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով իրավիճակին՝ մասնավորապես ասել էր.
«…Բայց ինձ անհանգստացնում է այն, որ, ըստ էության, իրադարձությունների զարգացման մեկնաբանության և տեսլականի մասին խոսում է միայն ԱԱԾ-ն և Ոստիկանությունը:
Գիտեք, եթե մենք այս իրավիճակը պետք է գնահատենք Քրեական օրենսգրքի որևէ հոդված բացելով և ցիտելով՝ սա նշանակում է՝ մենք իրավիճակը ճիշտ չենք գնահատում և ճիշտ չենք հասկանում տեղի ունեցողի դրդապատաճառները, և ինձ համար ընդունելի չեն նաև այն ձևակերպումները, որ «Սասնա ծռեր» խմբի անդամներին փորձ է արվում ներկայացնել՝ որպես ուղակի ահաբեկիչ և այս կարգի որակումներով…»:
Նկատենք՝ 2019 թ. սեպտեմբերի 5-ին տեղի ունեցավ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, «Սասնա ծռեր» կուսակցության ղեկավար Ժիրայր Սէֆիլյանի և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանի հանդիպումը։
Արդեն սեպտեմբերի 15-ին, Վանաձորում տեղի ունեցած ասուլիսում պատասխանելով 168.am-ի հարցին, թե ո՞րն էր «Սասնա ծռեր» կուսակցության անդամների հետ հանդիպման շարժառիթը, քանի որ շատերն են ուզում իր հետ հանդիպել, բայց հաշվի առնելով զբաղվածությունը՝ ոչ բոլորի հետ է հանդիպում, վարչապետը նշել էր․
«Այս հանդիպմանը մեծ կոնտեքստ հաղորդվեց. եկեք չմոռանանք, որ երկար ժամանակ մենք գործել ենք ընդդիմադիր դաշտում, և այդ ընթացքում որոշակի հարաբերություններ են ձևավորվել: Ճիշտ է, քաղաքական առումով մենք հեռացել ենք, և այդ հեռացումը եղել է հրապարակային, սկզբունքային հարցերի շուրջ եղած սկզբունքային տարաձայնությունների վերաբերյալ: Հասկանում եմ, որ մենք զուտ մարդկային շփումներ ենք ունեցել Ժիրայր Սէֆիլյանի և Գարեգին Չուգասզյանի հետ, ես նրանց բանտում եմ այցելել, և այդպես շարունակ»:
Լուսանկարը՝ ՀԺ–ի, Երեւանի ՊՊԾ գնդի գրավման օրերից է, Խորենացի փողոցից: