«Եթե ՀՀ-ում 2018 թվականից հետո ձևավորված լիներ նոր արժեքային համակարգ, ապա Հայաստանը չէր շտապի շնորհավորել Բելառուսում ընտրությունները». Քաղտեխնոլոգ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, տարաբնույթ քննարկումների առիթ է դարձել:

Հասարակական ու քաղաքական շրջանակներում, անգամ իշխանամերձ շրջանակներում հնչում է հարցը՝ պե՞տք էր շնորհավորել, թե՞ ոչ:

Նկատենք՝ պաշտոնական տվյալների համաձայն՝ Բելառուսի նախագահի ընտրություններում հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, նրա օգտին է քվեարկել ընտրողների 80,23 տոկոսը: Նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի շտաբը չի ընդունել ընտրությունների արդյունքները: Մինսկում և Բելառուսի այլ քաղաքներում զանգվածային ցույցեր են սկսվել, ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են եղել։ Իրավապաշտպանները հայտնում են, որ դրանց հետևանքով մեկ մարդ է մահացել։

«Շնորհավորելով Բելառուսի նախագահին՝ ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Հայաստանում ձևավորված քաղաքական համակարգն իր էությամբ ոչնչով չի տարբերվում մինչև 2018 թ. ապրիլ-մայիսյան իրադարձությունները ձևավորված քաղաքական համակարգից, որովհետև եթե լինեին նախկին նախագահները, նախկին քաղաքական համակարգի ղեկավաները, նրանք նույնպես կշնորհավորեին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

Ա. Բադալյանը վստահ է՝ այդ համակարգի տրամաբանությունից է բխում շնորհավորելը. «Եթե Հայաստանում 2018 թվականից հետո ձևավորված լիներ նոր արժեքային համակարգ, ապա, բնականաբար, Հայաստանը չէր շտապի շնորհավորել Բելառուսում ընտրությունները, որոնք անցել են բացահայտ կեղծիքներով: Միանշանակ է, որ այնտեղ ընտրությունների արդյունքները նկարվել են՝ ինչպես նկարվում էին Հայաստանում 1991 թվականից հետո մինչև 2018 թվականի դեկտեմբերը»:

Անդրադառնալով ՀՀ վարչապետի հասցեին հնչող այն քննադատություններին, թե նա չպետք է շնորհավորեր Բելառուսի վերընտրված նախագահին՝ մեր զրուցակիցն արձանագրեց. «Հիմնականում մեղադրում են իրենց քաղհասարակություն անվանողները կամ իշխանության սորոսական թևը, բայց այդ նույն մեղադրողները լռում էին, երբ վարչապետի կողմից Հայաստանում դատարաններն էին շրջապատվում, երբ ճնշումներ էին գործադրվում դատական համակարգի նկատմամբ, իսկ երբ արդեն Բելառուսի նախագահական ընտրությունների առնչությամբ հարցն առաջացավ, նրանք, չգիտես ինչու, սկսեցին դրսևորել քաղաքական սկզբունքայնություն:

Միգուցե պատճառն այն է, որ իշխանության մեջ արևմտյան բաժնետերերը տվեցին այդ հրահանգը, որովհետև, եթե ուշադրություն դարձրիք, ԱՄՆ և Եվրամիության անդամները նույնպես չեն շտապում ճանաչել, ավելին՝ որոշ երկրներ խիստ քննադատել են տեղի ունեցածը (ընտրամիջոցառումը, ոչ թե ընտրությունները):

Իսկ ՀՀ վարչապետը քանի որ ամբողջությամբ բավականին լավ յուրացրել է 2008-2018 թթ. Հայաստանի գործող քաղաքական համակարգի բոլոր կանոնները, բնականաբար, ինքը շարժվում է այդ բնական կանոններով՝ ճանաչել ոչ ժողովրդավարական ընտրությունները, ճանաչել ընտրանկարչությունը: Իհարկե, այստեղ կարող ենք նաև գումարել այն հարցը, որ վերջին մեկ-երկու տարվա ընթացքում ՀՀ վարչապետը Բելառուսի նախագահի հետ նաև սեպարատ ինչ-որ հարցեր էր քննարկում: Ոնց որ թե դա էլ էր իրեն պարտավորեցնում, որ ինքն օր առաջ ճանաչի»:

Հիշեցնենք՝ դեռ ամիսներ առաջ թե՛ ՀՀ արչապետը, թե՛ Բելառուսի նախագահն անդրադարձել էին ԵԱՏՄ տարածքում էներգակիրների միասնական շուկայի և գնագոյացման միասնական մոտեցմանը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հակադարձել էր Հայաստանի և Բելառուսի ղեկավարներին՝ նշելով, որ դեռևս վաղաժամ է խոսել միասնական սակագնի մասին։

Տեսանյութեր

Լրահոս