«Մեկ ամիս էլ Փաշինյան Նիկոլը կարող է այդ մասով հանգիստ լինել». Արթուր Համբարձումյան

ՇՊՀ դասախոս Արթուր Համբարձումյանի կարծիքով՝ Հայաստանում արտակարգ դրությունը պարբերաբար երկարաձգվում է իշխանությունների քաղաքական հանգստության համար:

«Արտակարգ դրության ժամանակ որոշակի իրավիճակներ չեն կարող լինել, այդ իրավիճակներից մեկն այն է, որ պառլամենտում չեն կարող քննարկել և անվստահություն հայտնել վարչապետին: Առաջին դոմինանտ պատճառը դա է: Հիմա դարձյալ երկարաձգում են, ինչը նշանակում է, որ մեկ ամիս էլ Փաշինյան Նիկոլը կարող է այդ մասով հանգիստ լինել: Իհարկե, կան նաև այլ սահմանափակումներ՝ հավաքների հետ կապված, բայց ամենագլխավոր պատճառը վերոնշյալն է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նա:

Նրա կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանին անվստահություն կարող են հայտնել ոչ միայն ընդդիմադիր խմբակցությունները, այլ նաև «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորներ. «Փաշինյանի վախերը հենց ապացուցում են, որ այո, կարող է այնպիսի իրավիճակ լինել, որ «Իմ քայլի» որոշ պատգամավորներ միանան: Բացի դրանից, ինքը մոտավորապես 1 ամիս առաջ «Հայկական Ժամանակում» անանուն հոդված էր գրել, որը հենց այդ պրոցեսին էր վերաբերում: Ըստ այդ անանուն հոդվածի՝ կան ուժեր, որոնք փորձում են «Իմ քայլը» խմբակցությունը պառակտել, նաև՝ փողով պառակտեն, որպեսզի վարչապետին անվստահություն հայտնեն: Այսինքն՝ գլխավոր պատճառը սա է, որ արտակարգ դրությունը երկարաձգվում է»:

Ինչ վերաբերում է հավաքների սահմանափակմանը, նա նշեց, որ, եթե հավաքներ լինեն, այդ սահմանափակումները չեն կարող դրանք ճնշել.

«Եթե հասարակության մեջ գեներացվի այդ պրոցեսը, որը պետք է հանգեցնի զանգվածային հավաքների, ապա դրանք տեղի կունենան՝ անկախ այն հանգամանքից՝ ՀՀ-ում արտակարգ դրության ռեժիմ է, թե ոչ: Այսինքն՝ նաև այն քաղաքական գործիչները, որոնք ասում են՝ այ, արտակարգ դրությունը երկարաձգում են, որովհետև սրանով փորձում են ճնշել հավաքները, դա իրականում պատրանք է: Հավաքները եթե լինելու լինեն, կլինեն, իսկ այ, պառլամենտում անվստահություն հայտնելու գործընթացը չի կարող լինել»:

Ըստ Արթուր Համբարձումյանի՝ այս պահին զանգվածային հավաքներ տեղի չեն ունենում, որովհետև հասարակությունն իներտ է.

«Հասարակությունը Հայաստանում մշտապես իներտ է եղել: 2018թ. էլ էր հասարակությունն իներտ, այդ ժամանակ այլ զարգացումներ տեղի ունեցան՝ հասարակությունն օգտագործվեց՝ որպես մասովկա: Հասարակությունը չէր այդ ամենի կենտրոնում, ես բազմիցս նշել եմ դա: Հասարակությունը չգեներացրեց այդ պրոցեսը: Ուղղակի հասարակությանը խաբեցին՝ փորձելով հասարակությանը համոզել, թե իրենք են սկսել այդ պրոցեսը, բայց իրենք չէին սկսել այդ պրոցեսը, իրենք չէին այդ պրոցեսի կենտրոնում: Հիմա, որպեսզի հասարակությունը փողոց դուրս գա, դանակը պետք է ամբողջությամբ հասնի ոսկորին, և որոշակի լիդերներ են պետք, որոնք կկարողանան հասարակությանը հանել փողոց: Այս պահին ես տեսնում եմ գեներացվող ատելություն, գեներացվող հիասթափություն, որը կա հասարակության մեջ, բայց դա բավարար չէ, որ մարդիկ դուրս գան փողոց: Նաև որոշակի ուժեր են պետք, որոնք կկարողանան առաջնորդել: Ուժերի մասով խնդիր կա, և գեներացվող վստահությունը դեռ այդ չափի չէ, որ հասարակությունը դուրս գա փողոց: Բայց եթե այս ուղղությամբ գնաց, հասարակությունը կարող է փողոց դուրս գալ, և այդ պրոցեսի գեներացման ֆոնին կհայտնվեն նաև լիդերներ»:

Տեսանյութեր

Լրահոս