Կամ կեղծ ցուցմունք Սերժ Սարգսյանի դեմ, կամ ձերբակալություն. ինչո՞ւ է ձերբակալվել Ռոբերտ Նազարյանը
Այսօր տեղեկություն տարածվեց, որ Հատուկ քննչական ծառայությունը ձերբակալել է Երևանի նախկին քաղաքապետ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին։
«Իրավապահ համակարգի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նախքան ձերբակալելը Ռոբերտ Նազարյանից պահաջել են հարուցված քրեական գործերից մեկով ցուցմունք տալ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ՝ խոստանալով դադարեցնել նրա դեմ քրեական հետապնդումը:
Նույն աղբյուրի փոխանցմամբ, Նազարյանը հրաժարվել է՝ պնդելով, որ իրեն առաջարկվող ցուցմունքն իրականությանը չի համապատասխանում, և ինքը չի կարող ստորագրել դրա տակ, ինչից հետո նրան ձերբակալել են: Այս պահին ճնշումների միջոցով փորձում են ցուցմունք կորզել»,- գրել էր Hraparak.am-ը:
Ձերբակալման լուրը հաստատեցին նաև ՀՔԾ-ից:
«Ռոբերտ Նազարյանը ձերբակալվել է ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում»,- ասաց ՀՔԾ մամլո խոսնակ Մարինա Օհանջանյանը:
Այլ տեղեկություններ չհաղորդվեցին, ասացին միայն, որ լրացուցիչ նորությունների դեպքում կտեղեկացնեն:
168.am-ի տեղեկություններով՝ Ռոբերտ Նազարյանին ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալել են՝ վերջինիս՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում պաշտոնավարելու ժամանակահատվածում ինչ-որ տարածքի օտարման հետ կապված գործի շրջանակներում:
Տևական ժամանակ քննչական մարմինները Ռոբերտ Նազարյանին փորձել են կալանավորման սպառնալիքով պարտադրել ցուցմունք տալ, թե իբր տարածքի օտարումը տեղի է ունեցել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրահանգով: Ռոբերտ Նազարյանը հրաժարվել է կեղծ ցուցմունք տալ, ինչի արդյունքում նա կալանավորվել է: