«Տավուշում կառուցվելու է պուրակ և տուն, իսկ ես պետք է գամ ու ասեմ՝ այ սա է նոր Հայաստանը». Նիկոլ Փաշինյան

«Ինչպես մենք պարտավորվել ենք, հուլիսյան դեպքերից հետո պետք է աջակցենք սահմանապահ գյուղերին։ Ընդ որում, ուզում եմ ասել, որ որոշակի ազդակներ են ստացվում, որ այնտեղ աշխատանքները բավարար արագությամբ չեն ընթանում։ Ըստ ամենայնի, մի քիչ մենք ենք դանդաղում, մի քիչ բնակիչներն են ուզում ավելի արագ տեսնել աշխատանքները։ Այս պահին, իհարկե, գումարը հատկացվում է, այս ընթացքում մի քանի քննարկումներ ենք ունեցել, որպեսզի այդ գումարի օգտագործումն առավել արդյունավետ դարձնենք»,- այս մասին Կառավարության հերթական նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ Չինարիի այն բնակելի տունը, որն ամբողջովին ավերվել էր, զրոյից կվերականգնեն, իսկ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում կհիմնվի պուրակ՝ այրված տներից մեկում։

«Մենք այդ տարածքը կգնենք սեփականատիրոջից և կնվիրենք գյուղին։ Այստեղ մի խնդիրը հետևյալն է, որ աշխատանքները պետք է հնարավորինս արագ արվեն և հնարավորինս որակով։ Շատ կարևոր է աշխատանքի բովանդակությունը, սա լավ առիթ է, որպեսզի մենք ոչ միայն ուղղակի առաջացած փոսը լցնենք, այլ փորձենք այս աշխատանքներով նոր բովանդակություն, նոր գույն հաղորդել սահմանապահ գյուղերին։ Տավուշում կառուցվելու է պուրակ և տուն, իսկ ես պետք է գամ ու ասեմ՝ այ սա՛ է նոր Հայաստանը»,- շեշտեց վարչապետը։

Նա նաև տեղեկացրեց, որ երեկ բախվել է տարօրինակ երևույթի հետ՝ լուսանկարներ է  ստացել Պառավաքար գյուղից, որտեղ ակնհայտ երևացել է, թե ինչպես օտարերկրացի մարդիկ բանվորական աշխատանք են կատարում ընկերություններից մեկում։

«Ես հետաքրքրվեցի, թե ինչն է պատճառը, որ ընկերությունն օտարերկրացի ներուժ է ներգրավում իր աշխատանքներում։ Պարզվեց, որ այն խնդիրը, որը մենք արձանագրել ենք դեռևս 2018 թվականին, երբ մենք մի կողմից՝ ունենք գործազրկության խնդիր, մյուս կողմից՝ ունենք աշխատուժի խնդիր, այդ խնդիրը շարունակում է գոյություն ունենալ։ Մասնավորապես «Տավուշ տեքստիլ» ընկերության ներկայացուցիչն ասում էր, որ երկու օրից Պառավաքարում նոր արտադրամաս է բացվելու՝ մոտավորապես 200 աշխատատեղով, և աշխատող ներուժ ներգրավվելու հետ կապված կան խնդիրներ։ Սա ռազմավարական խնդիր է, և պետք է մտածենք, թե ինչպես պետք է այն լուծենք»,- ընդգծեց վարչապետը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութումշ

Տեսանյութեր

Լրահոս