Գերմանացի բժիշկները կարծում են, որ Գերմանիայում սկսվել է կորոնավիրուսի երկրորդ ալիքը

Գերմանիայում կորոնավիրուսի երկրորդ ալիքը, որի մասին այդքան շատ նախազգուշացնում էին փորձագետներն, արդեն սկսվել է: Այդ մասին հայտարարել է գերմանացի բժիշկների Marburger Bund միավորման նախագահ Սուզաննե Յոնան օգոստոսի 4-ին Augsburger Allgemeine թերթում հրապարակված հարցազրույցում:

«Մենք արդեն ապրում ենք (վարակումների) աճի երկրորդ ալիքը»,- ասել է Յոնան՝ նշելով, որ այն ավելի թույլ է մարտ – ապրիլի առաջին ալիքի համեմատությամբ: Այնուամենայնիվ, նոր վարակումների թիվը հետեւողականորեն ավելանում է, նշել է միավորման ղեկավարը:

«Դրանով իսկ աճում է այն բանի վտանգը, որ մենք բաց կթողնենք այն հաջողությունները, որոնք մինչ օրս ձեռք էին բերվել Գերմանիայում»,- նախազգուշացրել է փորձագետը:

Marburger Bund-ի նախագահը հավաստիացրել է, որ Գերմանիայի կլինիկաները պատրաստված են կորոնավիրուսի երկրորդ ալիքին, քանի որ այն աճում է աստիճանաբար: Համաճարակի սկզբից ի վեր Գերմանիայում օգոստոսի 4-ի դրությամբ վարակվել է 211 281 մարդ: Նախորդ օրվա համեմատությամբ վարակման դեպքերի թիվն աճել է 879-ով: Հիվադնության հետեւանքներից Գերմանիայում մինչ օրս մահացել է 9 156 հիվանդ (գումարած 8), հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս