Թրամփը հայտարարել է, որ կկրճատի իր զորակազմն Աֆղանստանում
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ամերիկացի զինծառայողների թվաքանակը Աֆղանստանում մոտ ժամանակներս կկրճատի մինչեւ չորս հազար:
«Մենք շատ կարճ ժամանակաշրջանում (զորակազմի թվաքանակը) կկրճատենք մինչեւ ութ հազար, այնուհետեւ կկրճատենք մինչեւ չորս հազար: Մենք այժմ բանակցություններ ենք վարում»,-ասել է Թրամփը Axios պորտալին տված հարցազրույցում:
Նա չի ճշտել, թե հատկապես երբ տեղի կունենա զորակազմի կրճատումը: «Շատ շուտով»,-խոստացել 1 Թրամփը՝ հրաժարվելով նշել կոնկրետ ժամանակային շրջանակներ: Լրագրողի այն հարցին, թե որքան կլինի զորակազմի թվաքանակն Աֆղանստանում ԱՄՆ-ի նոյեմբերյան ընտրությունների ժամանակ, Թրամփը պատասխանել 1, որ այն կկազմի, «հավանաբար, 4-ից մինչեւ 5 հազար»:
Փետրվարի վերջին Քատարում կայացած արարողության ընթացքում ԱՄՆ-ը եւ «Թալիբան» արմատական շարժումն ստորագրել են պատերազմի ավելի քան 18 տարվա ընթացքում առաջին հաշտության համաձայնագիրը, որը նախատեսում է Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերում 14 ամսվա ընթացքում եւ միջաֆղանական երկխոսության սկսում գերիների փոխանակման գործարքի ավարտից հետո:
Ավելի վաղ պետքարտուղար Մայք Փոմպեոն հայտարարել էր, որ ԱՄՆ-ը պլանավորում է զորքերն ամբողջությամբ Աֆղանստանից դուրս բերել մինչեւ 2021 թվականի մայիսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: