
Վատիկանը մեկնաբանել է Հռոմի պատվավոր պապ Բենեդիկտոս 16-րդի առողջական վիճակի մասին լուրերը

Հռոմի պատվավոր պապ Բենեդիկտոս 16-րդի առողջական վիճակն անհանգստանալու առիթ չի տալիս: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով Սուրբ առոթի լրատվական ծառայությանը:
«Հռոմի պատվավոր պապի առողջական վիճակը լրջորեն անհանգստանալու տեղիք չի տալիս»,- լրագրողներին հայտնել են մամուլի ծառայությունից:
Ինչպես ՏԱՍՍ-ին հաղորդել է Յոզեֆ Ռատցինգերի հիմնադրամի ղեկավար Ֆեդերիկո Լոմբարդին, 93-ամյա Բենեդիկտոս 16-րդի առողջական վիճակի վրա մեծ ազդեցություն է ունեցել Բավարիա կատարած ճամփորդությունն ու եղբոր մահը:
Ավելի վաղ գերմանական Passauer Neue Presse թերթը նշել էր, որ Բենեդիկտոս 16-րդը հիվանդացել է ծանր հիվանդությամբ: Հրատարակության տվյալներով՝ Բենեդիկտոս 16-րդի մոտ ախտորոշվել է դեմքի սուր ինֆեկցիոն հիվանդություն, որն արտահայտվում է մաշկի հատվածի կարմրությամբ և ուղեկցվում է ջերմաստիճանի բարձրացմամբ: