«Այդ կարգի համեմատությունները ոչ միայն կոռեկտ չեն, այլև՝ անազնիվ են». Հայկ Մարությանի խոսնակ
Բնապահպաններն ու հասարակական ակտիվիստները կրկին ահազանգում են Մաշտոցի պուրակում տեղի ունեցող բարեկարգման աշխատանքների ընթացքում ծառահատումների վերաբերյալ:
«Կենաց տուն» ՀԿ մշակութային կենտրոնի տնօրեն Լալա Մնեյանը Ֆեյսբուքում տեղադրել է Մաշտոցի պուրակից մի քանի լուսանկարներ՝ գրելով, որ բետոնի տակ է անցել պուրակի այն հատվածը, որի համար ամենատարբեր տարիքի ու հայացքների տեր մարդիկ ամիսներով պայքարել են նախորդ իշխանությունների օրոք.
«Եվ պարզվում է նաև, որ մենք ծառի ու զովություն պարգևող կանաչ տարածքների փոխարեն այսօր կարիք ունենք միայն և միայն սրճարան-ռեստորանների։ Պուրակում կտրել են ծառեր, շարել պատեր, բետոնապատել հողը։ Փողի մոլուցքն այնքան է իր ճիրաններում աքցանել մարդկանց, որ ծառ ու թուփ տնկելու, զբոսայգիներ հիմնելու, շնչելու օդի հնարավորություն ստեղծելու փոխարեն՝ միայն ու միայն բարձրահարկեր կառուցելու և խանութ-սրճարան հիմնելու մասին են մտածում։ Ո՞վ է թույլատրել կառուցապատել այգու տարածքը, կտրել հաստաբուն ծառերը։
Խոսում են, որ կտրած ծառերը թեղիներ են` քաղաքի համար ոչ այնքան պիտանի ծառատեսակ։ Բայց կտրողները քանի՞ հարյուր սոսի ու թխկի են տնկել, որ հիմա էլ իրավունք ունենան թեղիները հեռացնելու։ Ծառի տեսակը պատճառ բռնելը արդարացում չի կարող լինել, քանի որ պուրակը պուրակ պիտի մնա և ոչ թե՝ վերածվի սրճարանի։ Մնում է, որ մեկը գտնվի ու ասի քաղաքապետին` «Սիրո’ւն չի, հե’չ սիրուն չի, մանավանդ հեղափոխությունից հետո»:
«Հենց հիմա հեռացնում են Մաշտոցի պուրակի սրճարանի տարածքում կտրած ծառի արմատները»,- ժամեր առաջ էլ ֆեյսբուքյան եթերում տեղեկացրեց Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը։
Նկատենք՝ օրեր առաջ անդրադառնալով եղած մտահոգություններին, Երևանի քաղաքապետարանին առընթեր «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը հայտարարություն էր տարածել՝ մասնավորապես հայտնելով.
«Մաշտոցի պուրակի սկզբնամասում բարեկարգվող սրճարանի սեփականատերը ԳՐԱՎՈՐ պարտավորվել է հատված 4 թեղիների փոխարեն տարածքում տնկել 9 արևելյան սոսի (չինարի): Հատված թեղիները, մասնագետների գնահատմամբ, անառողջ էին և ոչ կենսունակ: Բացի դրանից, տնտեսվարողը պարտավորվել է պարբերաբար բարեկարգել ու կանաչապատել այգու հարակից տարածքը: Աշխատանքների մի մասն արդեն կատարվել է, մնացածը կարվի կառուցապատման աշխատանքների ավարտից հետո: Ծառատունկը կիրականացվի նոյեմբերին՝ մեր մասնագետների խիստ հսկողությամբ»:
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի նախկին տնօրեն Արմեն Բեգոյանը, սակայն, պնդում է՝ իրականում Մաշտոցի պուրակի ծառերը կենսունակ էին:
«Կարող ենք ասել, որ այս այգու կեսը քաղաքապետի գրչի մի հարվածով ուղղակի ոչնչացվեց»,- ֆեյսբուքյան եթերում հայտարարեց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի նախկին տնօրենը:
Ի դեպ, այս օրերին հաճախ են հիշում Հայկ Մարությանի ակտիվ պայքարը դեռ 2012-ին, երբ Մաշտոցի պուրակում նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկնարկել էր պուրակի բարեկարգման աշխատանքները, և որի շրջանակում իրականացվում էին նաև կառուցապատման աշխատանքներ:
«Այն, ինչ որ կատարվում է այս պահին, գոնե Կենտրոն համայնքի բնակիչները պետք է գիտակցեն, որ կարևոր է իրենց համար: Մեր երեխաների համար գոնե պետք է պաշտպանենք այս տարածքը»,- 2012 թ.-ին Մաշտոցի պուրակում հերթական բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել էր Հ. Մարությանը:
168.am-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը անհիմն ու մաիպուլյատիվ որակեց այն մեղադրանքները, թե Հայկ Մարությանն առաջ պայքարում էր ծառահատումների դեմ, իսկ այժմ այլ սկզբունքներ է որդեգրել: Քաղաքապետի խոսնակը համոզված է՝ այդ մեղադրանքները հարցի էությունը չեն փոխանցում.
«Քաղաքապետը, այո՛, պայքարել է. եթե հիշում եք, կոնկրետ Մաշտոցի պուրակի 2012 թվականի ծրագիրը վերաբերում էր ամբողջ պուրակը կրպակներով պատելուն, իսկ տարածքը, որի մասին այս օրերին քննարկումը գնում է, տասնյակ տարիներ ի վեր այդտեղ այդ սրճարանը եղել է: Սրճարանը նույն ծավալների մեջ վերանորոգվում է:
Քաղաքապետի սկբունքների մեջ, բնականաբար, ոչինչ չի փոխվել, և կանչապատումն առաջնահերթ է. կոնկրետ Մաշտոցի պուրակում այս ամիսների ընթացքում 40 նոր տնկի է տնկվել, այդ թվում՝ արժեքավոր ծառեր, արծաթափայլ եղևնիներ, այդ սրճարանի հատվածում տնկվել է 4 նոր տնկի, իսկ այս խնդրահարույց՝ օրերս հատված ծառերի փոխարեն և տեղում կառուցապատողը կրկին գրավոր կերպով պարտավորվել է տնկել արժեքավոր սոսի տեսակի ծառեր:
Այսինքն՝ այստեղ այդ կարգի համեմատությունները ոչ միայն անտեղի են, ոչ միայն կոռեկտ չեն, այլև՝ անազնիվ են»:
Մեր դիտարկմանը, թե «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի նախկին տնօրենը Արմեն Բեգոյանը վստահեցնում է, որ Մաշտոցի պուրակի հատված ծառերը կենսունակ էին, նա արձագանքեց. «Այդ անձի որևէ ասածը մտադիր չեմ մեկնաբանելու»:
Հարցին՝ արդյոք քաղաքապետը պատրա՞ստ է հանդիպել բնապահպաններին և ակտիվիստներին, եթե դժգոհությունները շարունակվեն, Հակոբ Կարապետյանը պատասխանեց.
«Քաղաքապետն ընդհանրապես ցանկացած քննարկման առաջ բաց է, և վերջին երկու տարվա աշխատանքները, կարծում եմ, դրա ապացույցն են: Ցանկացած մակարդակում՝ թե՛ ավագանու նիստերի ընթացքում, թե՛ լրագրողական համայնքի հետ շփումներում, ընդհանրապես ո՛րևէ քննարկման հետ կապված՝ տաբու չկա: Ուղղակի պետք է քննել, թե որքանով է բարձրացված աղմուկը համապատասխանում հարցի բուն էությանը. ես այստեղ պետք է նշեմ, որ այդ աղմուկն առնվազն մի քիչ ուռճացված է»: