Փաշինյանի վերջին «գլուխգործոց» նշանակումը
Անկախ այն հանգամանքից, թե տվյալ քաղաքական իշխանությունն ինչ գաղափարական ուղղվածություն ունի և ինչ արժեհամակարգի կրող է, պետական համակարգի կայացման հարցում պետք է դրսևորի պրոֆեսիոնալ մոտեցում և առանցքային հարցերում ցույց տա սկզբունքայնություն։ Սա հատկապես վերաբերում է քաղաքական թիմին, քանի որ պետության մեջ իշխանության կիրառելիությունն իրականացվում է՝ պետական, իսկ տվյալ դեպքում՝ արդեն քաղաքական թիմի ճիշտ ու ռացիոնալ աշխատանքով։
Իշխանության գալու հենց առաջին օրվանից Նիկոլ Փաշինյանն ապացուցեց, որ ձախողելու է կառավարման գործընթացը․ դա ակնհայտ էր նրա որդեգրած կադրային քաղաքականությունից։ Անթույլատրելի է մարդուն ոլորտի պատասխանատու նշանակել միայն այն բանի համար, որ նա մասնակցել է Գյումրիից-Երևան քայլարշավին։
Անապացուցելի է այն աքսիոմատիկ ճշմարտությունը, որ կադրային քաղաքականության առանցքը պետք է լինի՝ մասնագիտական, իսկ մի շարք առաջնային պաշտոնների դեպքում՝ քաղաքական պատրաստվածությունն ու գրագիտությունը:
Ի վերջո, փաստն այն է, որ կադրային քաղաքականության իմաստով չի կարող լինել սև ու սպիտակ կամ գծված սահմանային, ցենզային բաժանում: Վերջին հաշվով, 60 տարեկան անձը շատ դեպքերում կարող է լինել ավելի նորարար մտածող, քան 25-30 տարեկանները: Այստեղ չկա մաթեմատիկական ճշգրտությամբ որոշում կայացնելու բանաձև, բայց խնդիրը սկզբունքն է, քաղաքականության հիմքում դրվելիք փիլիսոփայությունը:
Ինչպես ժամանակին սովետական մեծ առաջնորդ Իոսիֆ Ստալինն էր իրավացիորեն ասել՝ «կադրերը որոշում են ամեն ինչ», և գործնականում հետևելով ամենատարբեր քաղաքական գործընթացների, համոզվում ենք նշված խոսքերի ճշմարտացիությանը։
Հիմա խոսենք Փաշինյանի վերջին «գլուխգործոց» նշանակման փաստի մասին, ինչը հանրության շրջանում բավականին ծավալուն քննարկումների առիթ հանդիսացավ։
Ինչպես հայտնի է՝ երեք ամիս առաջ, ավելի կոնկրետ՝ մայիսի 5-ին, իր զբաղեցրած պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացրեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, և ուղիղ երեք ամիս Նիկոլ Փաշինյանն այդ ոլորտային նախարարության կուրացիան իրականացնող նախարարի փնտրտուքի մեջ էր։
Ըստ օդում կախված լուրերի՝ իշխանությունը կոնկրետ թեկնածու չուներ և չէր կարողանում հստակ կողմնորոշվել և ընտրություն կատարել։
Այն, որ Նիկոլը բավականին կասկածով է վերաբերվում անգամ սեփական թիմակիցների և պետական ողջ ապարատում տարբեր պաշտոններում աշխատող պաշտոնյաների նկատմամբ, խոսվել է քանիցս։ Նման կասկածամտությունն ու անվստահությունն էլ հանդիսանում է այն կառավարական «բարդակի» հիմքը, որն այսօր առկա է ՀՀ պետական համակարգի գրեթե բոլոր ոլորտներում (բացի բանակից)։
Ինչևէ․ օրերս հայտնի դարձավ, որ Փաշինյանը շրջակա միջավայրի հարցերով նախարար է նշանակել իր հերթական «քայլարաստ» թիմակցին՝ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին, ով, ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Նիկոլի «սվոյների» ցուցակից է, և նախարար է նշանակվել բացարձակ իր այդ «արժանիքի» համար։
Հերթական անմեղսունակ նշանակումը հերթական անգամ վերահաստատում է, թե ինչքան անբովանդակ ու միօրինակ է Փաշինյանի կառավարման մոդելն ու նրա պատկերացումները պետության կառավարման մասին։ Դարձյալ ամրապնդում այն փաստը, որ, երբ ժամանակին Փաշինյանը քննադատում էր նախկին իշխանություններին և իր ընտանեկան թերթում «բալլադներ» ձոնելով անարգանքի սյունին գամում՝ հայտարարելով, թե «նրանք առաջնորդվում են թայֆայականությամբ», իր առօրյա քաղաքական որոշումներով ու քայլերով նա ապացուցում է, որ ինքն ամենամեծ թայֆայասերն է։
Ռոմանոս Պետրոսյանը, ով իր մարզպետ աշխատած տարիներին փորձում էր ինքնահաստատվել և իր «ուժը» մարզի համայնքապետերի նկատմամբ ցույց տալ՝ վարչական լծակներ օգտագործելով, կամ այս կամ այն թեմայի հետ կապված դատախազությունում արհեստական գործեր «կարել» տալով։
Նա իր երկամյա գործունեության ընթացքում ուրիշ ոչնչով աչքի չի ընկել։ Կոտայքցիներն իրենց արդեն նախկին մարզպետին հավանաբար կհիշեն ընդամենը նրանով, որ Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանի հետ բացահայտ «պատերազմ» էր տանում, որը, ի դեպ, նա տանուլ տվեց։
Ողջ մարզի կուրացիան ձախողած և ձևական ու անհարկի ինտրիգների վրա ինքնահաստատվող օդիոզ Ռոմանոսին բերելով առաջին պլան՝ Փաշինյանն արձանագրում է, որ մտադիր է ամբողջապես տապալել նաև բնապահպանական ու էկոլոգիական ոլորտը՝ ՀՀ ողջ էկոհամակարգում առաջացնելով կատարյալ քաոս ու կոլապս։
Արմեն Հովասափյան