«Կարևոր է, որ ազատության չափաբաժինը ճիշտ հաշվարկվի, որ ավելի մեծ ավերածություններ և վնասներ չհասցնի». Գրականագետ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագիծը:
«Գրականություն» առարկայի փորձագիտական խմբի ղեկավար Թամար Ալեքսանյանն ավելի վաղ, երբ փաստաթղթի շուրջ նաև մասնագետներն աղմուկ բարձրացրեցին, ասել էր, թե դա սևագիր տարբերակն է, իսկ այսօր «Հոդված 3» ակումբի նախաձեռնած առցանց քննարկման ժամանակ փոխանցել էր, թե փաստաթուղթը կարգի բերելուց հետո սկսվելու է ուսուցիչների վերապատրաստման գործընթացը, չնայած հանձնաժողովն արդեն մի քանի վեբինարներ և սեմինարներ է կազմակերպել, որոնց մեծ թվով ուսուցիչներ են մասնակցել:
«Ոչ միայն ուսուցիչը պետք է պատասխանատու լինի իր գործի համար, աշակերտը ևս ունի որոշակի պատասխանատվություն, թե չէ ստացվում է՝ աշակերտին նստեցնում ենք ու սկսում ենք նրան ինչ-որ բաներ ասել: Նա պետք է պատասխանատվություն կրի, աշխատի: Իմանա, որ ուսուցչի հետ միասին պատասխանատու է այդ վերջնարդյունքների համար: Շատ հեշտ լուծվում է տարբերակված ուսուցման խնդիրը. տարբեր մտածողության, պահանջմունքների տեր երեխաներ են նստած, այս դեպքում ես կարող եմ զուգահեռաբար 1-2 նյութ կարդալ՝ այս խմբի հետ, մյուսի հետ՝ մեկ ուրիշ գործ: Ազատականացումը նաև դրա հնարավորությունն է տալիս, այդ իսկ պատճառով պարտադիրի պահը դուրս է եկել»,- ասաց «Գրականություն» առարկայի փորձագիտական խմբի ղեկավարը:
Ինչ վերաբերում է ժամանակակից գրողներին, Թամար Ալեքսանյանի խոսքով՝ սա ևս փորձի հետևանք է, որովհետև արդեն շատ դպրոցներում ուսուցիչներն իրենց նախաձեռնությամբ ժամանանակից գրողների ստեղծագործությունները կարդում են, հեղինակներին կանչում են դպրոց, և նրանց ներկայությամբ տեղի է ունենում տվյալ գործի քննություն և վերլուծություն, և սա, ըստ նրա՝ շատ ավելի մեծ գրականության դաս է:
«Ընտրվել են ժամանակակից ստեղծագործություններ՝ բոլորիս միասնական քննարկման արդյունքում, բայց սա միայն ցանկ է, շատերը կարծում են, որ վերջը, դասագիրք է մտնում, բայց այդպիսի բան լինել չի կարող: Ոչ ոք չի առաջարկում, որ այդ մարդիկ դասագրքում տեղ գտնեն: Ուղղակի երազում էինք դպրոցին տալ ընդարձակ մի ցանկ, ընդ որում, այն ավելի պետք է ընդարձակվի, շատ գրողներ ու ստեծագործություններ տեղ գտնեն: Կարևորը ստեղծագործության ասելիքն է: Խումբը հիմա այլ մտադրություն ունի. եթե ազատ ենք թողնում, սա էլ թող այդպես լինի. ուսուցիչը թող որոշի, չմիջամտենք, ուղղակի տանք պարտադիրի մասը: Դեռ կտեսնենք, թե ինչ ճանապարհով կգնանք, վերանայվող և լրացվող նախագիծ է»,- նշեց «Գրականություն» առարկայի փորձագիտական խմբի ղեկավարը:
Նույն խմբի անդամ, 7-9-րդ դասարանների հայոց լեզվի ծրագրի մշակող Գայանե Մկրտչյանը ողջունեց չափորոշիչների ազատականացումը՝ նկատելով. «Ծրագրերը նոր մոտեցմամբ այնպիսին են, որ յուրաքանչյուր դպրոց իրավունք ունի ստեղծել իր անհատական ծրագիրը: Ինչու հնարավորություն չունենա այդ դեպքում իր սեփական լեզվի և գրականության ծրագիրն ունենալ: Ես ևս դասավանդող ուսուցիչ եմ և միշտ երազել եմ ունենալ այն հնարավորությունը, որ ես ընտրեմ որևէ գրողի որևէ ստեղծագործություն: 8-րդ դասարանում դրված էր Զոհրապի «Այրին», սակայն այն հատվածներում, որտեղ Մարտիրոսի կենսաբանական գրգիռներն են ներկայացվում, այդ տարիքի համար խիստ խոցելի են և մերժելի, շատ ուսուցիչներ՝ մի կողմ դրած այդ նովելը, որը շատ կարևոր ուղերձներ ունի, բայց հենց միայն նրա համար, որ այնտեղ շեշտադրվում են Մարտիրոսի կենսաբանական գրգիռները, անատոմիական մղումները, թաքուն անցել են նաև այլ նովելներ, շեշտադրումը փոխել են, որովհետև ամեն ուսուցիչն ի վերջո երազում է իր նպատակին հասնելու համար դիմել գրողի որևէ այլ գործի, ներառել դրանք: Ահա, այս մոտեցումը հրաշալի հնարավորություն է ստեղծագործող ուսուցչի համար, որ ունենա այդ առավելությունը»,- ասաց Գայանե Մկրտչյանը։
Գրականագետ, ԵՊՀ Հայ գրականության ամբիոնի դոցենտ Հայկ Համբարձումյանի կարծիքով՝ պետք է հասկանալ, թե ազատությունն ում են տալիս:
«Կարևոր է, որ ազատության չափաբաժինը ճիշտ հաշվարկվի, որ ավելի մեծ ավերածություններ և վնասներ չհասցնի: Ճիշտ է, ավելացվեցին միջնադարյան գրականության հեղինակների անունները, բայց պարզ չէ, թե նրանց ստեղծագործություններն ինչպես են ներկայացվելու. նախկինի պե՞ս, թե՞ ժամանակակից մեթոդներով: Սա պետք է վերանայվի, որպեսզի միջնադարյան գրականության հարուստ, գեղեցիկ շրջանը հավուր պատշաճի ներկայացվի: Ամենակարևորը՝ հիմնավոր լինի այն, ինչ ընդգրկվում է: Ժամանակակից գրականությունը համապատասխանի երեխայի տարիքային, հոգեբանական պահանջներին: Նկատել եմ, որ պոեզիային քիչ տեղ է հատկացվել»,- իր դիտարկումները ներկայացրեց գրականագետը:
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանն էլ հորդորեց առաջարկություններն անպայման ուղարկել փորձագետներին: