Բաժիններ՝

«Բարձրաձայնում, կռիվ են տալիս, հայհոյում և անվանարկում են մարդիկ, որոնք վերջին անգամ գրականության հետ, ցավոք, առնչվել են դպրոցում»

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագիծը:

«Ճիշտ է, փաստաթուղթը մասնատված է դրված քննարկման, կուզեի, որ չմասնատվեր, որովհետև սրանք «Հայոց լեզու», «Գրականություն» առարկայական բնագավառի չափորոշիչ և ծրագրեր են՝ 1-12-րդ դասարանի համար: Դրանք չեն կարող լինել առանձին, միասին են, որովհետև դասավանդման ընթացքում ևս անընդմեջ այդ միասնական կապերը տրվելու են: 1-6-րդ դասարաններում «Մայրենի» է կոչվում, 7-12-րդ դասարաններում՝ «Հայոց լեզու», «Գրականություն»: Նախկինում 7-9-րդ դասարաններում «Գրականություն» էր կոչվում, իսկ ավագ դպրոցում արդեն՝ «Հայ գրականություն»: Պարզապես նույն մոտեցմամբ մենք 7-12-ը «Գրականություն» անվանեցինք, որպեսզի ներառենք նաև արտասահմանյան գրականության որոշ հեղինակների: Ամբողջ փաստաթղթի մեխը, կարելի է ասել՝ գաղափարախոսությունը, վերջնարդյունքներն են, որտեղ շատ հստակ, ամեն դասարանի ավարտի համար նշված են, թե  ամեն հասկացության շուրջ աշակերտն ինչի պետք է հասած լինի:

Ընդ որում, դա մենք արել ենք պարզից դեպի բարդը գնալու ճանապարհով, որպեսզի բոլոր աշակերտներից նույն բանը չպահանջենք: Նկատի ունենանք, որ այսօրվա հանրակրթության մեջ մեծ թիվ են կազմում նաև ներառական կրթության ծրագրում ընդգրկված երեխաները, և նրանց շահերը, պահանջմունքները նկատի ունենալով ևս՝ այսպիսի մոտեցում է հանդես բերվել: Ուսուցչին որոշակի ազատություն տրվեց, որ ինքը որոշի՝ որ թեման կկարդա աշակերտի հետ, որը՝ ոչ:  Որ աշակերտի հետ որը կկարդա, որը՝ ոչ:  Ասեմ, որ այս փորձը մեր հանրապետությունում կա, շատ դպրոցներում կիրառվում է: Օրինակ, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն այդ ճանապարհով է գնում»,- «Հոդված 3» ակումբի առցանց քննարկման ժամանակ ասաց «Գրականություն» առարկայի փորձագիտական խմբի ղեկավար Թամար Ալեքսանյանը՝ շեշտելով, որ սա ընդամենը նախագիծ է, սևագիր տարբերակ, և ԿԳՄՍ նախարարությունը ցանկացել է ներկայացնել հանրային քննարկման, որ հանրության ներկայացուցիչները կարողանան կարծիք հայտնել, իրենց ուղղորդել՝ ասեն՝ ինչը թողնեն, ինչը հանեն:

Նույն խմբի անդամ, 7-9-րդ դասարանների հայոց լեզվի ծրագրի մշակող  Գայանե Մկրտչյանը, շարունակելով գործընկերոջ խոսքը՝ նշեց.

«Քաջածանոթ եմ այն բոլոր խնդիրներին, որոնք կան: Ուզում եմ շեշտել ժամանակագրության հետ կապված հարցը, որ անընդհատ շահարկվում էր, թե ինչո՞ւ չի պահպանվել ժամանակագրությունը: Ասեմ, որ նախկին դասագրքերում էլ պահպանված չեն եղել, որովհետև անհնար է միայն տուրք տալ ժամանակագրությանը: Ոսկեդարը, Խորենացին այդպես պետք է  սկսեինք 7-րդ դասարանից, իսկ ցանկացած դասավանդող ուսուցիչ գիտի, թե ինչքան բարդ է երեխաներին ուսուցանել թեկուզև «Հայոց պատմություն» գրքի պատմական ու գեղարվեստական մեծագույն արժեքը: Դրա համար նախկին  ծրագրերում էլ նորագույն գրականությունից, Չարենցից  էր սկսված, այսինքն, խախտված էր ժամանակագրությունը, որովհետև միայն ժամանակագրությամբ հնարավոր չէ: Այստեղ կա տարիքային առանձնահատկությունների շեշտադրում, ժանրերի հետ ծանոթության խնդիր, և այդ ձևաչափերը պարտադիր պետք է միասնական հանդես գան: Հաշվի պետք է առնել, որ չափորոշիչը ստեղծվում  է առնվազն 12 տարվա համար, այն մեծ տեսլական պետք է ունենա: Դրա համար փռվածքն այնպիսին են դարձրել, որ 5-6 տարի հետո այս ծրագիրը չլինի հին կամ հնացած, պատասխանի նաև 5-6 տարի հետո եկող դպրոցականի մտահոգություններին, որոնք առկա են»:

Գրականագետ, ԵՊՀ Հայ գրականության ամբիոնի դոցենտ Հայկ Համբարձումյանն էլ խոսեց ծրագրում ժամանակակից գրողների ստեղծագործություններն ընդգրկելու մասին:

«Բարձրաձայնում, կռիվ են տալիս, հայհոյում և անվանարկում են մարդիկ, որոնք վերջին անգամ գրականության հետ, ցավոք, առնչվել են դպրոցում: Այսինքն, մենք խնդիր ունենք՝ հանրության մեջ փոխելու վերաբերմունքը ժամանակակից գրականության նկատմամբ: Չենք կարող 50 տարվա չափանիշերով գնահատել այսօրվա գրականությունը, հասկանալ դրա դերը, նշանակությունը, պահանջել միայն այնպիսի ստեղծագործություններ, որոնք հայրենասիրական են: Ժամանակակից գրականությունը, որը մասնակի ընդգրկված է այս ծրագրում,  այնտեղ խոսվում է  վերջին 30 տարվա ընթացքում հասարակությանը հուզող բազմաթիվ խնդիրների, սոցիալական չարիքների, երեխաների դաստիարակության դժվարության  մասին: Պարզ է, որ սևագիր տարբերակ է, ամեն դեպքում պետք է շատ հասկացություններ ավելի հստակեցվեին, որոշակի ներածական մաս լիներ, կապ պահպանվեր նախորդ չափորոշիչների հետ, հիմնավորվեր յուրաքանչյուր հեղինակի ընդգրկման նպատակը: Գրականագետներից մի քանիսն այս օրերին նշեցին, որ աչքի առջև ինչ եղել է, այսինքն, հեղինակները ծանոթ են եղել կայքերից, հրատարակչության հրատարակած գրքերից ցանկից, դրանք էլ ընդգրկվել են։ Այսինքն, շատ կարևոր է այն, որ, եթե այս փաստաթուղթը բարեփոխվելու է, հորդորում եմ նաև խմբի անդամներին, որպեսզի հնարավորության դեպքում հստակեցվի ստեղծագործության ներգրավման նպատակը: Սա թույլ է տալիս երեխաներին հասկանալ, վերլուծել գրական տեքստը, իսկ նախորդ չափորոշիչները, դասագրքերը նման հնարավորություն չեն տվել, և այդ պատճառով էր, որ բուհ ընդունվելիս մարդիկ անպայման կրկնուսույցի էին դիմում»,- ասաց գրականագետը:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյան էլ նշեց, որ, երբ կարդացել է ծրագիրը, իր համար տարօրինակ է եղել բանահյուսության բացակայությունը, կապ է հաստատել հանձնաժողովի անդամների հետ, հուշել են, որ այլ դասագրքերում, առարկայական չափորոշիչներում պետք է գտնի:

Ինչ վերաբերում է ժամանակակից գրականությանը՝ պատգամավորը նկատեց. «Խմբագրելուց հետո գուցե հեղինակները և տեքստերը նույնը չմնան, բայց ժամանակակից գրականությունը պահպանել անհրաժեշտ է, որովհետև տպավորություն էր, թե ՀՀ գրականությունը վերջացել է Սովետական Հայաստանի հետ միասին, և հետո այլևս հայ գրականություն գոյություն չի ունեցել: Այն, որ հայ գրականություն դրանից հետո գոյություն է ունեցել՝ այդ իրողությունը բացահայտել եմ բուհում՝ շատ ակադեմիական դասախոսների օգնությամբ, որոնք այսօր քննադատում են ժամանակակից գրականության ներառումը դասագրքերում: Միգուցե տեքստերի առումով որոշ բաներ պետք է վերանայվեն, բայց փորձագիտական խմբի անդամները պնդում են, որ սրանք ոչ թե պարտադիր տեքստեր են, այլ օրինակելի նմուշներ, որոնք կարելի է անցնել տվյալ թեման դասավանդելիս»:

Հայ գրականության ուսուցիչ Լիլիթ Պողոսյանն էլ ասաց, որ ինքը կողմ է ժամանակակից գրականության ներառմանը, քանի որ սկսում են համեմատել դասական գրողների հետ, վերլուծել տեքստերը: Պարզապես պետք է տարիքային խումբը հաշվի առնել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս