Բաժիններ՝

Մարդիկ, ովքեր կիրառում են բռնություն, նրանք թույլ մարդիկ են. ԵՄ դեսպանի կոչը 

«Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով մամուլի ասուլիս էր կազմակերպել, որի ժամանակ ներկայացվեց «Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» ծրագիրը։

Ծրագիրը սկսվել է 2020 թվականի փետրվարին, այն 3-ամյա նախագիծ է, որը կյանքի է կոչվել «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի կողմից և իրականացվում է Եվրոպական Միության Մարդու իրավունքների ու ժողովրդավարության խթանման գործիքի ֆինանսական աջակցությամբ:

«Կին իրավապաշտպաններն առաջնագծում պայքարող մարտիկներ են: Նրանք անմիջական շփում են ունենում զոհերի հետ և շատ հաճախ ունենում են  իրավիճակներ՝ թե՛ ընտանեկան բռնության, թե՛ իրավունքների չարաշահումների, լինի դա իրենց աշխատավայրում, հանրային վայրերում թե անգամ տանը: Եվ այս առումով մենք կարծում ենք, որ սա համաշխարհային խնդիր է, ուստի Եվրոպական միության հստակ համոզմունքն է, որ պետք է հստակ ձևով պայքարել մարդու, հատկապես՝ կանանց իրավունքների խախտման համար: Պետք է նրանք կարողանան իրացնել իրենց իրավունքն  այս երկրագնդի վրա՝ լինի դա կին, տղամարդ, աղջիկ կամ տղա երեխա: Դա հիմնական իրավունք է, որը պետք է իրացվի ցանկացած անձի կողմից»,- ծրագրի մասին խոսելիս ասաց  Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

Դեսպանի խոսքով՝ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան արդեն ոչ նոր և շատ լավ ձևավորված կազմակերպություն է, որն արդեն հայտնի է, և մասնակիցները, ինչպես նաև աշխատակիցներն իրենց աշխատանքը նվիրումով են կատարում՝ ուղղելով կանանց, երեխաների նկատմամբ բռնության կանխարգելմանը, և ապահովում, որպեսզի շարունակեն իրենց կյանքը՝ ազատ լինելով որևէ վախից և ցանկացած տեսակի բռնության գործողություններից:

«Շատ կանայք, որոնք ներգրավված են նման աշխատանքներում՝ հանրային կերպով թիրախավորվում են իրենց ջանքերի համար, բայց նրանք շարունակում են հետևողականորեն կատարել իրենց աշխատանքը, որն ինձ համար շատ տպավորիչ է: Ես ակնկալում եմ էլ ավելի սերտ համագործակցություն կոալիցիայի հետ և կհրավիրեի ծրագրին ծանոթանալու և ներգրավվելու համար հետաքրքրված անձանց:

Անհրաժեշտ  է միավորվել և միասնաբար «ոչ» ասել կանանց նկատմամբ բռնությանը: Ուզում եմ մեկ բան ընդգծել. բռնությունը չի հանդիսանում այս երկրի ավանդույթը. բռնության կիրառումը  Հայաստանում ազգային արժեք չէ, մշակույթի մաս չի հանդիսանում: Մարդիկ, ովքեր կիրառում են բռնություն, նրանք թույլ մարդիկ են: Իրենց թուլությամբ փորձում են ավելի թուլացնել դիմացինին: Հստակ համոզմունք ունեմ, որ ՀՀ Կառավարությունը մեր կողքին է՝ այս գործողությունների իրականացման հարցում:

Մենք աջակցություն ենք տրամադրում շատ ուղղություններով, դրանցից մեկը ոստիկանության բարեփոխումների ուղղությամբ է: Համոզված եմ, որ արդի ոստիկանությունը դա այն ոստիկանությունն է, որը կանգնում է  զոհի կողքին, լսում նրան: Քանի դեռ ես այստեղ եմ և իմ գործունեությունն եմ իրականացնում Հայաստանում՝ մեծ ուշադրություն եմ դարձնելու նրան, որպեզի զոհերը ոստիկանության կողմից երկրորդ անգամ զոհի կարգավիճակ չստանան, այլ աջակցություն ստանան»,- նշեց Անդրեա Վիկտորինը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս