Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի քույրը վաղը կարող է դառնալ դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ. Չկա՞ արդյոք շահերի հատում

Հունիսի 18-ին ՀՀ դատական իշխանության պաշտոնական կայքում Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուներ ներգրավելու նպատակով մրցույթ հայտարարելու մասին տեղեկատվություն հրապարակվեց:

168.am-ը գրել էր, որ Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուներ ներգրավելու նպատակով հայտարարված մրցույթի արդյունքում Դատավորների ընդհանուր ժողովի ժամանակ կարող են ընտրվել «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ, գործադիր տնօրեն Սոնա Այվազյան, առաջադրված թեկնածու՝ Դավիթ Հակոբյան, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ, նախագահ Կարեն Զադոյան, առաջադրված թեկնածու՝ Սյուզաննա Սողոմոնյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական  ՀԿ, գործադիր տնօրեն՝ Ա. Մուշեղյան, առաջադրված թեկնածու՝ Արտուր Հարությունյան ցանկից ներկայացված անձինք:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ թեկնածու Հասմիկ Հայկի Հարությունյանը չէր հաղթահարել մրցույթի փաստաթղթային փուլը:

Հիշեցնենք, որ մեր տեղեկություններով՝ մրցույթի փաստաթղթային փուլը չհաղթահարած թեկնածու Հասմիկ Հարությունյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի քույրն է: Վերջինը, ըստ մեզ հասած լուրերի, պատրաստվում էր դատական կարգով վիճարկել հանձնաժողովի որոշումը:

Եվ ահա դատական տեղեկատվական համակարգից՝ Դատալեքսից, տեղեկանում ենք, որ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը՝ ի դեմս նախագահ Արաքս Մելքոնյանի, 23.07.2020թ. հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուների ընտրության նպատակով ձևավորված մրցութային հանձնաժողովի, ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի՝ մրցութային հանձնաժողովի կազմակերպության ներկայացուցիչ Հասմիկ Հարությունյանի թեկնածությունը՝ որպես Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածու, Դատավորների ընդհանուր ժողով ներկայացնելու վերաբերյալ որոշում կայացնել պարտավորեցնելու պահանջի մասին:

Գործը քննում է դատավոր Ռուզաննա Ազրոյանը:

Հուլիսի 24-ին հրապարակված որոշման մեջ նշված է, որ նկատի ունենալով, որ հայցադիմումը ներկայացվել է ՀՀ վարչական դատավարության (ՎԻՎ) օրենսգրքի 73-րդ և 74-րդ հոդվածներով նախատեսված պահանջներին համապատասխան և առկա չեն նույն օրենսգրքի 79-81-րդ հոդվածներով սահմանված՝ հայցադիմումը վերադարձնելու, դրա ընդունումը մերժելու կամ այն վերահասցեագրելու հիմքերը` Դատարանը գտել է, որ այն պետք է ընդունել վարույթ:

ՀՀ ՎԻՎ օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանը, համարելով գործը դատաքննությանը նախապատրաստված, որոշում է կայացրել գործը դատաքննության նշանակելու մասին:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածով, 28-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 5-րդ մասերով, 78-րդ հոդվածով, 90-րդ հոդվածի 1-ին մասով, 127-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության հայցադիմումն ընդդեմ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուների ընտրության նպատակով ձևավորված մրցութային հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի՝ մրցութային հանձնաժողովի կազմակերպության ներկայացուցիչ Հասմիկ Հարությունյանի թեկնածությունը՝ որպես Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածու, Դատավորների ընդհանուր ժողով ներկայացնելու վերաբերյալ որոշում կայացնել պարտավորեցնելու պահանջի մասին, ընդունել վարույթ:

2. Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուների ընտրության նպատակով ձևավորված մրցութային հանձնաժողովից պահանջել սույն որոշումը ստանալու պահից՝ 2-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ներկայացնել «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից համապատասխան մրցույթին մասնակցելու համար Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուների ընտրության նպատակով ձևավորված մրցութային հանձնաժողովին ներկայացված բոլոր փաստաթղթերի օրինակները, ինչպես նաև Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուների ընտրության նպատակով ձևավորված մրցութային հանձնաժողովի՝ 06.07.2020թ. «Փաստաթղթի անհամապատասխանության հիմքով «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահի դիմումի ընդունումը մերժելու մասին» որոշման կայացման համար հիմք հանդիսացած վարույթի նյութերն ամբողջությամբ:

3. Սույն գործը դատաքննության նշանակել 2020 թվականի սեպտեմբերի 14-ին՝ ժամը 15:00-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի Երևանի նստավայրում (ք. Երևան, Գ. Նժդեհի փող. 23, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ թիվ 16): Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասմիկ Հարությունյանը, փաստորեն, դատական կարգով որոշել է վիճարկել Հանձնաժողովի որոշումը:

Ուշագրավ է, որ դատավոր Ռուզաննա Ազրոյանին հայցվոր կողմի կողմից ներկայացվել է նաև հայցի ապահովման միջոց կիրառելու մասին, ինչը բավարարվել է:

Սա նշանակում է, որ վաղը՝ Դատավորների ընդհանուր ժողովի ընթացքում, Հասմիկ Հարությունյանի անունը ևս կլինի քվեարկվող անձանց ցուցակում, քանի որ, եթե սպասեն մինչև գործի ավարտ, ուշ կլինի: Հենց սրա մասին է հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդության բավարարումը:

Հետագայում, եթե դատարանը որոշում կայացնի, որ, այնուամենայնիվ, ԲԴԽ-ն ճիշտ է վարվել, ու Հասմիկ Հարությունյանը փաստաթղթերի հետ կապված խնդիր է ունեցել, կլինի նոր քվեարկություն:

168.am-ը, անշուշտ, կհետևի այս գործի ընթացքին: Սակայն մինչ այդ հետաքրքիր է՝  եթե Հասմիկ Հարությունյանին հաջողվի շահել դատը, ու նա կարողանա հասնել մինչև Դատավորների ընդհանուր ժողովի քվեարկության փուլ, արդյոք այստեղ շահերի հատում տեղի չի՞ ունենա:

Փաստացի ընտրվելու դեպքում Հասմիկ Հարությունյանի գործառույթը հատվում է իր քրոջ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի հանձնաժողովի գործառույթի հետ:

Տեսանյութեր

Լրահոս