«Պարզ է, որ Հայաստանը փորձում է վերադառնալ 2016 թվականի հետպատերազմյա պայմանավորվածություններին, որոնք Ադրբեջանը չի ընդունի»․ գերմանացի վերլուծաբան
ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում 3+2 ձևաչափով (Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի երեք համանախագահներ և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ) հանդիպումը՝ ելնելով հայ-ադրբեջանական սահմանին տիրող դրությունից, կարող է անցկացվել աշնան սկզբին, եթե թույլ տան երկու պետությունների հարաբերություններում ստեղծված իրավիճակն ու կորոնավիրուսի համավարակի դինամիկան: Այս մասին օրերս РИА Новости-ին հայտնել էր Ռուսաստանի Դաշնության Արտգործնախարարության աղբյուրը:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում 3+2 ձևաչափով հանդիպումը կարող է տեղի ունենալ աշնան սկզբին, եթե թույլ տան երկու երկրների հարաբերություններում ստեղծված իրավիճակն ու համավարակի դինամիկան»,- լրատվամիջոցին հայտնել էր զրուցակիցը:
ՌԴ Արտգործնախարարության աղբյուրը նշել էր նաև, որ այժմ գլխավոր խնդիրը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տիրող լարվածության թուլացումն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում խնդրի դիվանագիտական լուծմանն ուղղված որոնումների ակտիվացումն է: Աղբյուրը նաև նշել է, որ հավանական հանդիպման վայրը դեռևս որոշված չէ. այն կարող է անցկացվել ցանկացած վայրում:
168․am-ի հետ զրույցում բրիտանացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը նշեց, որ նախարարական մակարդակով հանդիպում կազմակերպելու նախաձեռնությունը ողջունելի է։
Ըստ նրա՝ այն պետք է ավելի շուտ կազմակերպել և վերականգնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով նախկինում շարունակվող գործընթացը, քանի որ դատելով վերջին իրադարձություններից՝ իրավիճակը պայթյունավտանգ է սահմանային հատվածում, ինչպես նաև բանակցային գործընթացն այդ ձևաչափով կարող է հայտնվել վտանգի տակ։
«Մեզ համար հստակ չէ, թե այս ամենից առաջ բանակցությունների ընթացքում կոնկրետ ինչ հարցեր էին քննարկում կողմերը։ ՌԴ ԱԳ նախարարը նշում էր, որ քննարկվում են ռուսական առաջարկները, սակայն իմ տպավորությամբ՝ դրանք կառուցողական քննարկումներ չէին, այլապես նման իրավիճակ սահմանին չէր ստեղծվի, և բողոքներ չէին հնչի ԵԱՀԿ Մինսկի խմբի հասցեին։ Դրանք, ինչպես Ադրբեջանի նախագահն օրերս ասաց, հակամարտության բուն կարգավորմանը քիչ վերաբերող հարցեր էին։
Ներկայումս ստեղծվել է նոր իրավիճակ բանակցային գործընթացին ընդառաջ, և դա նշանակում է, որ բանակցությունները չեն կարող շարունակվել նախկին բովանդակությամբ։ Ես հետևում եմ հակամարտող երկրների ղեկավարների ելույթներին և նկատում, որ բավականին կոշտ ձևակերպումներ են հնչում, և այդ իրավիճակում հենց այդ մակարդակով հանդիպումն անորոշ ժամանակով հետաձգվում է։ Գոնե նախարարական մակարդակով հանդիպում գուցե հնարավոր լինի անցկացնել, իսկ թե ինչ օրակարգի շուրջ՝ դժվար է պատկերացնել, այս պահին՝ միայն սահմանային իրավիճակի կայունացման թեմայով։
Մյուս կողմից՝ կան ջանքեր Թուրքիայի կողմից հարցը քննարկել տարատեսակ այլ ձևաչափերով Ռուսաստանի մասնակցությամբ, բնականաբար, եթե չհաջողվի կողմերին նստեցնել սեղանի շուրջ, այս ջանքերը կարող են հաջողության հասնել և միջազգային այս ձևաչափի առկայությունը դնել վտանգի տակ։ Կարծում եմ, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների համանախագահները հասկանում են, որ բազմակողմանի վտանգներ կան բանակցային գործընթացի այս ձևաչափի համար, և հարկ է օր առաջ կազմակերպել հանդիպում՝ առաջ մղելով դիվանագիտական գործընթացը»,- ասաց վերլուծաբանը։
Մաքֆարլեյնի խոսքով, եթե նույնիսկ կազմակերպվի հանդիպում, այն չի բավարարելու որևէ կողմի։
«Ակնհայտ է, որ այս ամենից հետո առավել ևս ադրբեջանական կողմը չի համաձայնելու ընդունել Հայաստանի պայմանները, ինչպես նաև Հայաստանը չի ընդունելու անմիջապես առանց Արցախի մասնակցության էական բանակցությունների անցնելու ադրբեջանական պայմանը։ Ուստի միակ օրակարգը կարող է լինել սահմանային հատվածում իրավիճակի կայունացումը, սակայն, եթե կողմերի պայմանները քննարկելու հարցում առաջընթաց չգրանցվի, չի բացառվում, որ կրկին նման իրավիճակ ստեղծվի։ Այս փուլում բանակցային գործընթացի համար բարդ իրավիճակ է ստեղծվել, հուսանք, որ կհաղթահարվի փակուղային և անելանելի թվացող իրավիճակը»,- նկատեց նա։
Իր հերթին՝ գերմանացի վերլուծաբան Սյուզան Ստյուարտն ասաց, որ նման իրավիճակում նախարարները շատ քիչ թեմաներ ունեն քննարկելու։
Ըստ նրա, իրավիճակը կայունացնելու ջանքերն ավելի արդյունավետ կարող էին լինել, եթե Մինսկի խումբն ավելի բարձր մակարդակով գործեր՝ գործընթացում ներառելով ԱԳ նախարարներին կամ այլ՝ ավելի բարձրաստիճան պաշտոնյաների ու դիվանագետների։
«Եթե հիշենք Վիեննայի հանդիպումը, այն բարձրաստիճան էր, որոշ համաձայնություններ ձեռք բերվեցին կողմերի միջև, սակայն, երբ վրա հասավ դրանց իրագործման փուլը, հարցը մտավ փակուղի։ Ուստի կարծում եմ, ընդհանուր առմամբ, ավելի բարձր արդյունավետության համար այս հակամարտությանն ավելի մեծ ու բարձր մակարդակի միջնորդություն և ուշադրություն է հարկավոր, քանի որ այն շատ բարդ է։ Եթե հաջողվի նախարարական մակարդակով հանդիպում կազմակերպել, պարզ է, որ Ադրբեջանն այլևս հումանիտար պրոյեկտներ չի քննարկելու, պարզ է նաև, որ Հայաստանը փորձում է վերադառնալ 2016 թվականի հետպատերազմյա պայմանավորվածություններին, որոնք Ադրբեջանը չի ընդունի։ Այստեղ պետք է օգնության հասնի միջնորդների ճկունությունն ու ստեղծարարությունը, քանի որ կողմերը պատրաստ չեն ոչինչ զիջել, և դա մտահոգիչ իրավիճակ է, քանի որ կարող է կրկին լարվածություն, մարտական գործողություններ և լայնամասշտաբ գործողություններ լինեն, ինչը, բնականաբար, պետք է կանխեն միջնորդները»,- ասաց Ստյուարտը։
Նրա խոսքով, եթե կան թուրքական հավակնություններ բանակցային գործընթացը տեղափոխել Ռուսաստան-Թուրքիա ձևաչափ, ապա միջազգային հանրությունը և կողմերից գոնե Հայաստանը դրան կընդդիմանան։
«Ես նման վտանգ չեմ տեսնում, կարծում եմ՝ իրավիճակը բարդ է լինելու հանդիպումները կազմակերպելու և դրանց շարունակականությունն ապահովելու տեսանկյունից։ Բայց մենք այս օրերին լսեցինք որոշ հայտարարություններ, հաղորդագրություններ ֆրանսիական և ամերիկյան միջնորդներից, որոնք հույս են ներշնչում, որ կլինի ավելի ակտիվ աշխատանք»,- ասաց նա։