«ԿԳՄՍՉՊՋՌՍՎՏՐ նախարարը թող ոչ թե՝ սեռականություն սերմանի հայ աշակերտի մեջ, այլ՝ սեր առ կյանք և սեր առ հայրենիք». Սոնա Աղեկյան

Վերջին օրերին համացանցում ակտիվորեն քննարկվում է «Սեռական կյանքի հանրագիտարան 7-9 տարեկան երեխաների համար» գիրքը: Շատերը նշում են, որ այն ներառվելու է դպրոցական ծրագրերում, ինչը համացանցում տարբեր քննարկումների առիթ է դարձել:

«Երևանի այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության ղեկավար Սոնա Աղեկյանը ևս ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր այս թեմային՝ նշելով. «Դե, ինչ, պատրաստվեք, սիրելի ծնողներ», և կից տեղադրել էր այդ գրքից լուսանկարներ:

168.am-ն այսօր զրուցել է Սոնա Աղեկյանի հետ, հետաքրքրվել, թե որտեղի՞ց այդ տեղեկությունն իրեն, որ այդ գիրքը ներառվելու է դպրոցական ծրագրերում.

«Ստեղծվել է «Գիտակից ծնող» հանձնախումբը, որտեղ ներառված են հոգեբաններ, մանկավարժներ, գիտնականներ, պատմաբաններ, տարբեր մասնագիտության տեր մարդիկ, որոնք նաև ծնողներ են և անհանգստացած են այն ամենով, ինչ տեղի է ունենում կրթության չափորոշիչների հետ այս 2 տարիների ընթացքում: Երբ տեղեկություն եղավ, որ ԱԺ-ում Լանզարոտեի կոնվենցիան վավերացնելու մասին քննարկումներ իրականացնող հանձնաժողովի հավանությանն է արժանացել նաև այս գիրքը, որը տպագրվել է դեռ 1987 թվականին, բնականաբար, բոլորս միանգամից դժկամություն հայտնեցինք: Մեզ պատասխանեցին, որ երեխաները սեռական կյանքի մասին ոչ թե համացանցից պետք է տեղեկատվություն ստանան, այլ իրենց օրգանիզմի և, առավել ևս, զգայարանների վերաբերյալ տեղեկատվություն պետք է ստանան դեռ դպրոցից՝ նախադպրոցական տարիքից, և երեխաները հստակ պետք է գիտակցեն, թե ինչի համար ունեն զգայարաններ, պետք է ունենան հաճույք զգալու իրավունք և օգտվեն այդ իրավունքից, և ծնողը որևէ խոչընդոտ այդ պարագայում իրավունք չունի հանդիսանալու: Հասկանալով, թե այսօր ԱԺ-ում ովքեր են պատգամավորներ, ովքեր են ներկայացնում այդ հանձնաժողովը, որը քննարկում էր, ապա հավանության արժանացրեց ու վավերացրեց Լանզարոտեի անիծյալ կոնվենցիան, մենք, բնականաբար, բողոքի ձայն բարձրացրեցինք, և «Գիտակից ծնող» հանձնախումբը հյուրընկալվեց այսօր գործող ի պաշտոնե «նախագահի դերակատար» անձի մոտ (ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի,- Ն.Խ.), իրենց մտահոգությունները կիսեցին և կարողացան անել այն ամենը, որ այս գիրքն այս պահին դադարի փուլում մնա: Դեռ սպասում ենք, հասկանանք՝ կմտնի՞, թե՞ չի մտնի»:

Աղեկյանի խոսքով՝ մյուս խնդիր էլ այն է, որ գրքում շեշտը դրված է հակաբեղմնավորիչների վրա, ինչը լուրջ վտանգ  է ներկայացնում: Բացի այդ, իր տեղեկություններով ԿԳՄՍ նախարարությունը այլ՝ քողարկված տարբերակ է գտել, որպեսզի այս հանրագիտարանը պարտադիր դպրոց մտցնի.

«Նախատեսում են այնպիսի նկարներով, մանրամասնորեն ներկայացնել սեռական հաճույքները, սեռական բնազդները, հղիությունը, որ դրանք մեր սերունդը սովորել է ամուսնությունից առաջ: Ահա թե ինչ խորամանկության դիմեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունը՝ այս գրքում տեղակայված բոլոր չափորոշիչներն ընդգրկեցին տարբեր առարկաների մեջ՝ մաթեմատիկա, երկրաչափություն, հայոց լեզու, շրջակա աշխարհ: Օրինակ՝ երկրաչափություն և մաթեմատիկա առարկայում կանանց ձվազատման օվուլյացիայի մասին գրաֆիկական պատկերներ են կազմելու և ուսումնասիրելու են վիճակագրությունը, թե տարբեր երկրներում կանանց մոտ ձվազատման օվուլյացիան ինչպիսի գրաֆիկական պատկերով է տեղի ունենում: Ես հակադարձում եմ մեր ԿԳՄՍՉՊՋՌՍՎՏՐ նախարարին, որ ոչ թե՝ սեռականություն սերմանել հայ աշակերտի մեջ, այլ՝ սերմանել սեր առ կյանք և սեր առ հայրենիք: Այդ գրքում մրգերի և պտուղների հետ համեմատություններ են անում, փոքրերին այդ խաղերի միջոցով ներկայացնում են կնոջ և տղամարդու սեռական օրգանները:

Ի՞նչ է նշանակում՝ 3 ընկերներից մեկը տրանսվիստիտ է, իսկ 2-ը սիրող զույգ են, այն պարագայում, երբ 3-ն էլ արական սեռի ներկայացուցիչներ են: Այս ամենը նախարարության միջոցով անում է պատվիրատուն, որը 2 տարի առաջ պատվիրեց հեղափոխություն կոչված իշխանափոխությունը մեր երկրում: Թշնամին հասկանում է, որ զենքով և ոգով չի կարողանում հաղթել հային, ուստի հայերի մեջ ներդրել է մի իշխանություն, որոնցից մեկն Արայիկ Հարությունյանն է: Ո՞վ է Արայիկ Հարությունյանը: Արայիկ Հարությունյան անձն այս պահին ամուսնացած չէ, չունի սերունդ, իրենից հետո կանգնած չէ այն փոքրիկ զավակը, որին Արայիկ Հարությունյանը պարտավորված է թողնել հայրենիք, որի հանդեպ ունի պատասխանատվության զգացում:

Ընդամենը 1-2 վայրկյանանոց իր հաճույքները բավարարելու համար, անհրաժեշտ գումարները գրանտների միջոցով ստանալով՝ այլասերում է ողջ հասարակությունը: Այս գրքում շեշտը դրված է հակաբեղմնավորիչների վրա, պետք է հասկանանք, որ նոր սերնդին հոգեբանորեն պատրաստում ենք նրան, որ անընդհատ օգտագործեն հակաբեղմնավորիչներ: Հակաբեղմնավորիչներից հետո, եթե որոշեն երեխա ունենալ, ի՞նչ հիվանդություններով է երեխան ծնվելու: Չենք թողնելու, որ մեր երեխաները սովորեն հակաբեղմնավորիչների օգտագործման մասին դեռ 7 տարեկանից սկսած, սա պարզապես անթույլատրելի է»:

Դիտարկմանը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեռական դաստիարակության թեմային անդրադարձել էր դեռ ամիսներ առաջ՝ մամուլի ասուլիսի ժամանակ, երբ ինքն էր հարց տվել, թե նորապսակ զույգերը որտեղի՞ց են իմանում սեռական կյանքի մասին, Աղեկյանը պատասխանեց.

«Իսկ որտեղի՞ց է Նիկոլ Փաշինյանն ամուսնական կյանքի մասին տեղեկություն ստացել, չէ՞ որ ամուսնացած է և ունի 4 զավակ: Եթե այն ժամանակ ինքը դպրոցում չի անցել այս սեռական հանրագիտարանը, մանկապարտեզում չի ստացել սեռական հաճույքներ, ինչպե՞ս է ձեռք բերել սեռական գիտելիքներ և ինչպե՞ս է կարողացել իրականացնել իր սեռական պարտավորությունները և ունենալ 4 զավակ»:

Աղեկյանի խոսքով՝ ինքն այս ընթացքում  բազմաթիվ ծնողների հետ է շփվում, և բոլորը դեմ են այս ծրագրին, և, որ երեխաներին պատրաստ են դպրոց չուղարկել. «Իմ երեխաները և մեր բազում հայրենակիցների երեխաները դպրոց չեն հաճախի, մենք կմերժենք այն դպրոցը, որտեղ սորոսածինները պետք է մեզ պարտադրեն, ասենք, մաթեմատիկայի ժամին գծել այն գրաֆիկը, որով կանանց վերարտադրողականության օվուլյուցիան է տեղի ունենում»:

Տեսանյութեր

Լրահոս