«Այս պահին Ադրբեջանը չունի մոբիլիզացիոն ռեսուրսի պակասության խնդիր, որ ստիպված լինի վարձկաններ հավաքել այլ երկրներից». Կարեն Վրթանեսյան

Инфотека24.ru կայքի աղբյուրները հայտնել են, որ սիրիական վարձկանները՝ 200 հոգի, արդեն գտնվում են Ադրբեջանի տարածքում: Լրատվամիջոցը, վկայակոչելով քրդական «ԱՆՖ» գործալությանը, նշում է, որ Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններին մասնակցելու համար սիրիական վարձկաններին առաջարկում են Թուրքիայի քաղաքացիություն:

Նշենք, որ ըստ քրդական Firat գործակալության, վարձկաններին խոստանում են միանգամից 300 դոլար վճարել, իսկ Ադրբեջանի կողմից մարտական գործողությունների ժամանակ կստանան մինչև 2000 դոլար «աշխատավարձ»:

Թե որքանո՞վ է սա համապատասխանում իրականությանը, արդյո՞ք սա կարող է լինել «ֆեյքային», ինչպես ուկրաինական վարձկանների մասին տեղեկության դեպքում: Իսկ եթե համապատասխանում է իրականությանը, ապա որքանով է դրսի կռվողը ձեռնտու Ադրբեջանին: Մասնագետների կարծիքներն այս հարցերի շուրջ տարբեր են, օրինակ, կան կարծիքներ, որ վարձկանի զոհվելու կամ վիրավորվելու դեպքում այլ ծախսերի խնդիր չի առաջանում, այսինքն՝ ընդամենը վճարվում է «ծառայության» դիմաց 2000-3000 դոլարը:

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ թեպետ Ադրբեջանում շատ են խոսում Թուրքիայի հետ եղբայրական հարաբերությունների մասին, սակայն Հեյդար Ալիևից սկսած՝ բավականին զգույշ են հարաբերվում իրենց «եղբայրների» հետ։

«Էլ ավելի զգույշ են այլ երկրների հետ, նամանավանդ մուսուլմանական՝ վախենալով, որ, եթե ազատ թողնեն ներս, ապա կարող են գաղափարախոսական ազդեցություն ունենալ Ադրբեջանի բնակչության վրա։ Մյուս կողմից՝ այս պահին Ադրբեջանը չունի մոբիլիզացիոն ռեսուրսի պակասության խնդիր, որ ստիպված լինի վարձկաններ հավաքել այլ երկրներից։ Օրինակ՝ բուհ չավարտածների պարտադիր զինծառայությունը 1,5 տարի է, իսկ բուհ ավարտածներինը՝ 1։ Այս գործոնները հաշվի առնելով, խիստ թերահավատորեն եմ մոտենում Սիրիայից ինչ-որ վարձկանների Ադրբեջան բերելու մասին լուրերին։ Սա՝ հատկապես հաշվի առնելով այն, որ այդ վարձկանները պիտի անցած լինեն իսլամիստական գաղափարախոսությամբ, ըստ էության, ահաբեկչական կառույցներով։ Ադրբեջանում, կրկնում եմ, խիստ բացասական են վերաբերվում նման խմբերին, քանի որ վտանգ են տեսնում, որ դրանք կարող են հետևորդներ գտնել երկրի հյուսիսում ապրող սունիադավան բնիկ ժողովուրդների մեջ։ Բացի այս տիպի ռիսկերից, նաև բազմաթիվ կազմակերպչական խնդիրներ են առաջանալու. նոր բերածներին պետք կլինի ինչ-որ ձևով իրենց զորքի հետ համագործակցել սովորացնել, զորավարժություններ անցկացնել։ Սա և՛ ծախսատար է, և՛ ժամանակատար, և՛ լի է ռիսկերով Ադրբեջանի իշխանությունների համար։ Այդքանից հետո դեռ պիտի նաև վճարեն այդ վարձկաններին։ Նույն գումարները եթե ուղղեն հենց Ադրբեջանում պայմանագրայիններ հավաքագրելուն, կարծում եմ, ավելի հեշտ կկարողանան կենդանի ուժը մեծացնել, եթե դրա կարիքն ունեն»,- շեշտեց Վրթանեսյանը:

Հիշեցնենք, որ դեռևս 2015-ին տեղեկություն հրապարակվեց, որ համապատասխան որոշում է կայացվել, ըստ որի՝ Ադրբեջանի զինված ուժերում թույլատրվում է պայմանագրային հիմունքներով ծառայություն այլ երկրների քաղաքացիներին մինչև 3 տարի ժամկետով, կողմերի համաձայնությամբ պայմանագիրը կարող է երկարաձգվել:

168.am-ի հետ զրույցում պահեստազորի փոխգնդապետ, ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցն իր հերթին՝ անդրադառնալով սիրիական վարձկանների՝ Ադրբեջանի կողմից մարտական գործողությունների մասին լուրերին, ընդգծեց. «Սրանք տեղեկություններ են, որոնք մեր ԱԱԾ-ի համար առաջնահերթ խնդիրներ պետք է դառնան՝ անկախ նրանից՝ իրականությո՞ւն են, թե՞ ուղղակի բամբասանք»:

Տեսանյութեր

Լրահոս