Մջգ-19 ՌԴ-ի բուհերի մեծ մասը պատրաստ է ուսումնական տարին սկսել սեպտեմբերի 1-ին
ՌԴ-ի բարձրագույն ուսումնական հաստատությունների 8 տոկոսն ուսումնական տարվա սկիզբը հետաձգել է սեպտեմբերի 14-ին, մնացած բուհերը պատրաստականություն են հայտնել ուսումնական տարին սկսել սեպտեմբերի 1-ից: Այդ մասին հայտնել է փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան:
«Բայց անհրաժեշտության դեպքում բուհերը կարող են ուսումնական տարվա սկիզբը հետաձգել ոչ ավելի, քան երկու ամսով»,-ասել է Գոլիկովան՝ հուլիսի 29-ին հանդես գալով երկրում սանիտարա-համաճարակաբանական իրադրության շուրջ անցկացված խորհրդակցության ժամանակ:
Նա ճշտել է, որ բոլոր բուհերում հետեւելու են ուսանողների առողջական վիճակին եւ չափելու են նրանց ջերմությունը: Հատուկ ուշադրություն է հատկացվելու հանրակացարաններին, որոնցում, ինչպես հայտնել է փոխվարչապետը, ապրում է շուրջ 800 հազար մարդ: «Բուհերին տրվելու են հանձնարարականներ, որոնք նախատեսում են հանրակացարանների տարածքում սանիտարական անվտանգության պլանավորում եւ միջոցներ ձեռնարկելու պատրաստականություն վարակի տարածման սպառնալիքի առաջացման դեպքում»,-հավելել է Գոլիկովան:
«Ներկայում Ռուսաստանի համալսարաններում սովորում է ավելի քան 230 հազար օտարերկրացի ուսանող, որոնցից 85 հազարն ապրում է հանրակացարաններում, շուրջ 100 հազարը համավարակի ժամանակ մեկնել է ՌԴ-ից: Բայց մենք նաեւ սպասում ենք, որ, ընդունման արշավի արդյունքներով, մոտավորապես 15 հազար օտարերկրացի ուսանողներ կսովորեն ռուսաստանյան բուհերում»,-ասել է փոխվարչապետը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: