«Չեմ կարծում, որ թուրք-ադրբեջանական զորավարժություններն ավելացնում են այն ռիսկերը, որոնք արդեն իսկ առկա են ԼՂ հակամարտության գոտում»․ Խրամչիխին

Հայ-ադրբեջանական սահմանին նախանցած շաբաթ տեղի ունեցած մարտական գործողություններից հետո այսօր Ադրբեջանը և Թուրքիան համատեղ լայնածավալ մարտավարական զորավարժություններ են սկսում։ Զորավարժություններին, ըստ ռուսական մամուլի, ներգրավված են մեծ թվով զրահատեխնիկա, հրետանու կայանքներ, ականանետեր, մարտական ավիացիա և հակաօդային պաշտպանության համակարգեր:

Հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը Բաքվում, Գյանջայում, Քյուրդամիրում և Եվլախում անցկացվելիք զորավարժությունների ցամաքային փուլը տեղի կունենա օգոստոսի 1-5-ը Նախիջևանում:

Հարկ է հիշեցնել, որ մինչ զորավարժությունների մեկնարկը և տավուշյան սրացումից օրեր անց՝ հուլիսի 27-ին, հայկական կողմը զոհ ունեցավ՝ ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հակառակորդի կողմից դիպուկահար հրազենից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացավ պայմանագրային զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը։ 168.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը զորավարժությունների առնչությամբ ընդգծել էր. «ՀՀ ՊՆ-ն և ԶՈւ-ն ուշադիր հետևելու են թուրք-ադրբեջանական զորավարժությունների ընթացքին և միտումներին»:

Իր հերթին՝ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտի հետ հանդիպմանը, անդրադառնալով թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին, նշել է, որ բուն ռազմական տեսանկյունից դրանց մարտավարական բնույթը մտահոգիչ չէ, սակայն կարևոր է, որպեսզի զորավարժությունները չվերածվեն Հայաստանի Հանրապետության սահմանների, պաշտպանական կառույցների և այլ ենթակառուցվածքների անմիջական հարևանությամբ սադրիչ գործողությունների։

ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ հայկական կողմը ուշադիր հետևելու է զորավարժությունների ընթացքին և հետագա զարգացումներին։

Ուշագրավ է հատկապես այն հանգամանքը, որ ադրբեջանաթուրքական զորավարժությունները հետևում են՝ ինչպես տավուշյան սրացմանը, այնպես էլ՝ ռուսաստանյան զորավարժություններին։

Ինչպես հայտնի է, հուլիսի 17-ին Ռուսաստանը հայտարարեց արևմտյան ու հարավային ռազմական շրջաններում տեղաբաշխված զորամիավորումների անակնկալ ստուգատեսի մասին։ Դրան հաջորդեց հուլիսի 27-ին ՌԴ Հարավային ռազմական օկրուգում զորավարժությունները 5 հազար զինծառայողների, զրահատեխնիկայի և օդուժի մասնակցությամբ, և այս զորավարժություններին մասնակցում են նաև ՀՀ Զինված ուժերը։ Իսկ հուլիսի 23-ին հայտնի դարձավ, որ մեկնարկել են հայ-ռուսական միավորված հակաօդային պաշտպանության համակարգի վարժանքները, որոնց ընթացքում խաղարկվել են հետախուզական-հարվածային ԱԹՍ-ների կիրառման և հակազդման տարբեր սցենարներ:

168am-ի հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ նմանատիպ զորավարժություններ Թուրքիան և Ադրբեջանն անցկացնում են ամեն տարի, այսինքն՝ դրանցում աննախադեպայնություն չկա։ Սակայն այսօր, նրա որակմամբ, առանձնահատկությունն այն է, որ այս մասշտաբային զորավարժությունները տեղի են ունենում հայ-ադրբեջանական սահմանին բռնկված ռազմագործողություններից, թուրքական սպառնալիքներից և դրան հաջորդած ռուսական ստուգատեսերից ու վարժանքներից հետո։ Ըստ նրա, բնականաբար, երբ Թուրքիան հայտարարություններ է տարածում՝ սպառնալով ռազմական միջամտությամբ հարավկովկասյան խնդիրներին, Ռուսաստանը, որը ՀՀ-ում ունի ռազմական բազա, տարածաշրջանում՝ դաշնակից, ՀԱՊԿ անդամ, փորձում է դիրքավորվել՝ որպես անվտանգության երաշխավոր՝ պատրաստ լինելով հակամարտության գոտում ցանկացած սպասելի ու անսպասելի սցենարի։

«Դա բնական է և, փաստորեն, այնքան ազդեցիկ, որ դրան հաջորդում են թուրք-ադրբեջանական զորավարժությունները։ Չեմ կարծում, որ այս զորավարժություններն ավելացնում են այն ռիսկերը, որոնք արդեն իսկ առկա են այս հակամարտության գոտում, քանի որ իրավիճակն արդեն իսկ մտահոգիչ է։ Տավուշյան մարտական գործողություններից հետո Ռուսաստանն անհանգստացավ և որոշ քայլեր ձեռնարկեց։ Սակայն, ընդհանուր առմամբ, կարծում եմ՝ վերլուծության տեսանկյունից առավել ուշագրավ է այս ամենի ժամանակացույցը, քան դրա սպառնալիքը, քանի որ հակամարտության առկայության դեպքում սահմանների մոտ սպառազինության յուրաքանչյուր շարժ ռիսկային է և արժանի հակառակորդի զգոնությանը՝ հատկապես, երբ սահմանային իրավիճակը սրված էր օրեր շարունակ և մեկ քայլն էր իրավիճակը հեռացնում պատերազմից։ Ես պատերազմի վտանգ տեսնում եմ նաև այսօր, վստահ եմ, որ դա լինելու է նաև վաղը, քանի որ խաղաղ կարգավորման հեռանկար չեմ տեսնում։

Մարտավարական զորավարժությունների պարագայում ռիսկերն ավելի փոքր են, բայց յուրաքանչյուր նմանատիպ վարժանք կարող է ցանկության դեպքում վերաճել սադրանքի կամ դիտարկվել՝ որպես սադրանք, քաղաքական ակտ, ուստի ցանկացած սցենարի դեպքում զգոնությունն ու ուշադրությունն անհրաժեշտություն են՝ անցանկալի զարգացումներից խուսափելու նպատակով։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ տավուշյան իրադարձությունները լիովին հաղթահարված չեն, և դրանք կարող են ունենալ շարունակություն թե՛ ռազմական, թե՛ քաղաքական ճնշումների տեսքով, և այս զորավարժությունը կարող է դրա բաղադրիչներից մեկը դիտարկվել»,- ասաց ռուս ռազմագետը։

Տեսանյութեր

Լրահոս