Այս հանձնախումբը չի կարողանալու հայ պատանիներին արժանի գրականության դասագիրք ստեղծել. Խաչիկ Մանուկյան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրային քննարկման ներկայացված հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագիծը շարունակում է քննարկվել մասնագետների և հասարակության շրջանում: Թիրախում նաև հայ ժամանակակից գրողների ստեղծագործություններն են:
Բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը, ում «Գոյամարտ» բանաստեղծությունը ևս ընդգրկված է ծրագրում, Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հայաստանի կենտրոնից, հյուսիսից, հարավից, արևմուտքից ու արևելքից, դժոխքից ու դրախտից, եթերից ու գետնի տակից` գրիչ բռնողներից շատերը մղվում են դեպի դպրոցական դասագիրք:
Ոչինչ, որ հայ աշակերտին տալու բան չունեն: Ոչինչ, որ ինքնախաբվածի գրողական իրենց կերպարն աջ ու ձախ նշավակվում է: Կարևորը` իրենց մատուցվող սուրճն արդեն առանձնահատուկ ումպերով կպարպեն…
Դասագիրքը չէր ստացվելու, որովհետև ազգ, Հայրենիք չճանաչող, քթները վեր տնկած գոյանքներն, ըստ իրենց կազմածի` իրենք իրենց վրա էին միզելու…»:
168.am–ը Խաչիկ Մանուկյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ դիտարկումներ ունի, արդյո՞ք ճիշտ չի կատարվել հեղինակների ընտրությունը, պատասխանեց.
«Դասագրքեր կազմելը լրջագույն խնդիր է, չի կարելի կամայականություն դրսևորել: Ոչ թե հեղինակները պետք է ընտրվեն, այլ ստեղծագործությունները: Ժամանակակից հեղինակների ստեղծագործությունները, իհարկե, պետք է ներկայացվեն՝ հատուկ ուշադրություն դարձնելով դպրոցականի տարիքային խնդիրներին, բայց երբեք չպետք է շրջանցեն մեր ազգային բարձր գրական արժեքները, որոնք հավերժության կնիքն են կրում և մրցունակ են բոլոր ժամանակներում:
Այս հանձնախումբն իր սիրողական կարողություններով ու գրականության սահմանափակ ընկալումներով չի կարողանալու հայ պատանիներին արժանի գրականության դասագիրք ստեղծել: Նոր հանձնախումբը պիտի ներառի այսօրվա գրականագիտությունը ներկայացնող բոլոր շերտերը: Հուսանք` կամք և կարողություն կունենան պատասխանատուները, և բացատրություններ շաղելու փոխարեն՝ կենարար սերմեր կցանեն»: