Հայաստանից մեքենա գնած ՌԴ քաղաքացիներն աջակցության համար դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Ռուսաստանում շարունակում են կալանքի տակ գցել և ստիպել  մաքսազերծել հայկական համարանիշով մեքենաները: Այս քայլն  առաջացրել է  թե՛ հայ ավտոներկրողների, թե՛ ռուս գնորդների վրդովմունքը:

«ՀՀ կառավարությունը հրատապ պետք է ռուսների հետ բանակցի, որպեսզի հասկանա հակահայկական արշավի դրդապատճառները և կանգնեցնի Ռուսաստանում հայկական մեքենաներն առգրավելու գործընթացը»,- 168.am-ի հետ զրույցում ավելի վաղ ասել էր ավտոներկրող Զոհրաբ Իգիթյանը:

ՀՀ կառավարությունից աջակցություն են ակնկալում նաև ռուս գնորդները, ովքեր նշում են, որ ՌԴ-ում բարձրաստիճան պաշտոնյաներից ոչ ոք կարծես թե չի լսում իրենց ձայնը, ուստի որոշել են դիմել ՀՀ վարչապետին:

«Հարգելի՛ Նիկոլ Փաշինյան, հավանաբար լսել եք այն մասին, թե ի՞նչ է կատարվում Ռուսաստանում՝ կապված հայկական համարանիշով մեքենաների հետ: ՀՀ-ից 2017 թվականից ՌԴ քաղաքացիները մեքենաներ են գնել, ոչ մի խնդիր չի առաջացել: Շատ ենք ուզում օգնել մեր քաղաքացիներին՝ ցանկանալով ունենալ նաև ձեր աջակցությունը: Եվ այն քաղաքացիները, ովքեր որ ՀՀ-ից մեքենա են գնել, ստիպում են ՌԴ-ում ևս հաշվառման կանգնել: Սրա համար պետք է գումար վճարել: Խոսքը մեծ գումարների մասին է: Մոտ 300․000 ռուս մնալու է առանց ավտոմեքենայի, որովհետև ստիպում են կրկին մաքսազերծել մեքենաները, բայց ոչ ոք չի անելու դա: Մենք նաև այնքան գումար չունենք, որ նմանատիպ մեքենա գնենք Ռուսաստանում: Մենք չենք կարողանա նաև մեքենաների հարկերը վճարել, որը վնաս է լինելու ՀՀ տնտեսությանը: ՀՀ-ում վաճառքի ենթակա  շատ մեքենա կա: Ձեր ավտոներկրողները  հիմա այն չեն կարողանա վաճառել: Մենք երկխոսություն ենք ակնկալում ձեր ու մեր իշխանությունների միջև, քանի որ կարծում ենք՝ մեր իշխանությունները չեն հետևում ԵԱՏՄ կանոններին»,- ասված է տեսաուղերձում:

Տեսանյութեր

Լրահոս