Ֆիլիպինների հյուսիսում բարձրախտածին թռչնագրիպ է հայտնաբերվել
Ֆիլիպինների գյուղատնտեսության դեպարտամենտը հայտնել է երկրի հյուսիսի Պամպանգա նահանգում H5N6 բարձրախտածին թռչնագրիպ հայտնաբերելու մասին. դրա տարածման դեմ պայքարելու համար իշխանությունները ոչնչացրել են գրեթե 39 հազար հավ: Այդ մասին հաղորդել է CNN Philippines հեռուստաալիքը:
Հաղորդվում է, որ թռչնագրիպի օջախը հայտնաբերվել է Սան-Լուիսի շրջանի ֆերմայում: Հեռուստաալիքի տվյալներով՝ 2017 թվականին նույնպես իշխանությունները թռչնագրիպ էին հայտնաբերել Պամպանգա եւ Նուեւա-Էսիխա նահանգներում, այն ժամանակ դրա փոխանցումներ մարդուն չեն գրանցվել:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ թռչնագրիպը թռչունների վարակիչ վիրուսային հիվանդություն է, որը հաճախ ընթանում է առանց ախտանշանների: Առանձին դեպքերում վիրուսը կարող է հաղթահարել տեսակային արգելքը եւ հիվանդություն կամ անախտանիշ վարակումներ առաջացնել մարդկանց ու կենդանիների մոտ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: