Ինչ փոփոխություններ են սպասվում նոր Սահմանադրությամբ․ մի քանի կետեր արդեն պատրաստ են․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թերեւս փետրվարին ձեւավորված սահմանադրական բարեփոխումների մասնագի­տական հանձնաժողովն ակտիվ աշխատում է, սակայն մինչեւ այժմ որեւէ փաստա­թուղթ առկա չէ: Դրա փոխարեն մասնագիտական հանձնաժողովն արդեն երկու ան­գամ հանրային քննարկում է անցկացնել եւ շարունակում է քննարկումները նաեւ մասնագիտական հանձնաժողովի ձեւաչափով:

Թերթի տեղեկու­թյուններով՝ չնայած քննարկված ու համաձայնություն ստացած կետեր կան, սակայն էական հարցերի շուրջ մասնագիտական հանձնաժողովի անդամները դեռ չունեն մի­ասնական մոտեցում:

Այսպիսով՝ թերթի տեղեկություններով՝ առա­ջին եւ գլխավոր հարցերից մեկը, որի շուրջ կարողացել են արդեն համաձայնության հասնել, կառավարման մոդելի հարցն է, եւ որոշում է կայացվել, որ Հայաստանում կառավարման մոդել չի փոխվելու:

Այսպիսով, 2015 թվականին ընտրված խորհրդարանական հանրապետության մոդելը կպահպանվի, սակայն դրա փոխարեն արդեն որոշվել է, որ կհանվի բոնուսների միջոցով խորհրդարանում մեծամասնություն ձեւավորելու դրույթը: Սակայն մեր տեղեկություններով այս հարցի վերաբերյալ որոշումը հեշտ չի ստացվել, եւ շատերն այն ռիսկային են համարել, սակայն կարծիք է հնչել, թե հենց դա է բխում խորհրդարանական մոդելի տրամաբանությունից:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նոր Սահմանադրությամբ վերանայվելու են նաեւ հանրապետության նախագահի լիազորությունները, քանի որ նախագահ Արմեն Սարգսյանը հենց մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպմանը դժգոհել էր իր սա­կավ լիազորություններից, սակայն հանձնաժողովը դեռ չի որոշել՝ ինչ են ավելացնելու նախագահի լիազորություններում:

Այս որոշումները մասնագիտական հանձնաժողո­վի անդամները հեշտությամբ են կատարել, սակայն, մեր տեղեկություններով՝ նրանք չեն կարողանում համաձայնության հասնել դատական իշխանությանն առնչվող փոփոխությունների շուրջ:

Եվ վիճահարույց է հատկապես Վճռաբեկ եւ Սահմանադրական դատարանները միավորելու հարցը: Սա էլ եղել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը, սակայն տեղեկացանք, որ քննարկումների արդյունքում կարծիքները տարբեր են եղել: Այդուհանդերձ, հանձնաժողովը նախատեսում է հոկտեմբերին հրապարակել նախնական հայեցակարգը, իսկ արդեն 2021 թվականի հունիսին՝ Սահմա­նադրության փոփոխությունների նախագիծը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս