Ավարտվել է ռեստորանի գլխավոր մենեջերի կողմից հափշտակության դեպքի առթիվ քրեական գործի նախաքննությունը
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է ռեստորանային համալիրի գլխավոր մենեջերի կողմից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 35-ամյա բնակիչը, 2019թ. օգոստոսից աշխատելով Արմավիրի մարզի Փարաքար համայնքում գտնվող ռեստորանային համալիրում՝ որպես գլխավոր մենեջեր, լիազորված լինելով հաճախորդներից ստանալ պատվերների գումարները և անձամբ մուտքագրել դրամարկղ, սպորտային խաղադրույքներ կատարելու և անձնական կարիքները հոգալու նպատակով, 2019թ. սեպտեմբերից մինչև նոյեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում իր աշխատանքային դիրքն օգտագործելով, ռեստորանային համալիր այցելած հաճախորդներից ստացել է ընդհանուր 4.654.800 ՀՀ դրամ գումար, որը չի մուտքագրել ռեստորանային համալիրի դրամարկղ՝ այդ կերպ հափշտակելով համալիրին պատկանող առանձնապես խոշոր չափերի հասնող դրամական միջոցները:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նշված ռեստորանային համալիրի գլխավոր մենեջերին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի(յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեականդ ատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: