Իսրայելցի դիվանագետը հայտնել է ԵԱՏՄ երկրների հետ բանակցություններում առաջընթացի մասին
Իսրայելն ու Եվրասիական տնտեսական միությունն առաջընթաց են գրանցել ազատ առևտրի գոտու համաձայնագրի ստորագրման հարցում: ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին ասել է Ռուսաստանում Իսրայելի գործերի ժամանակավոր հավատարմատար Յակով Լիվնեն:
«Ազատ առևտրի գոտու վերաբերյալ բանակցությունները շարունակվում են Իսրայելի և ԵԱՏՄ-ի միջև: Մինչև համավարակի սկիզբը մենք իրականացրել ենք խորհրդատվությունների 6 փուլ, վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2020թ. մարտին, Երուսաղեմում, անմիջապես Covid-19-ի պատճառով մտցված սահմանափակումներից առաջ»,- ասել է Լիվնեն:
Նրա խոսքով՝ դեռևս իրավիճակը թույլ չի տալիս վերսկսել անձնական հանդիպումները, սակայն կողմերը շարունակում են աշխատել առցանց ձևաչափով:
«Մենք կարծում ենք, որ տնտեսական հարաբերությունների զարգացման մեծ հեռանկար կա Իսրայելի և Ռուսաստանի, ինչպես նաև ԵԱՏՄ այլ երկրների միջև: Ազատ առևտրի գոտու համաձայնագիրը հնարավորություն կտա վեր հանել այդ հեռանկարը»,- նշել է դիվանագետը:
Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտնել է, որ 2020թ. ԵԱՏՄ-ն լուրջ քայլեր կձեռնարկի Եգիպտոսի և Իսրայելի հետ ազատ առևտրի գոտու համաձայնագրի ստորագրման գործընթացում: