«2019թ․1 շան ստերջացումը եղել է 22-24.000 դրամի սահմաններում, իսկ հիմա 100.000 դրամից ավելի է». ՀՈԱԿ-ի նախկին տնօրեն
«Ձեզ քաղաքապետարանից ոչ ճիշտ ինֆորմացիա են տվել, որովհետև 2019 թվականին ստերջացվել է 2900 շուն, ոչ թե 2335»․ այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի նախկին տնօրեն Արմեն Բեգոյանը՝ անդրադառնալով ՀՈԱԿ-ի վերաբերյալ 168.am-ի հարցմանը տրված քաղաքապետարանի տրամադրած պատասխաններին:
«Եթե իրենք ընդհանուր թիվ են ասել, որ ՀՈԱԿ-ի ստեղծման օրից մինչ օրս ստերջացվել է 3402 շուն, ապա ստացվում է, որ ոչ թե իրենք ստերջացրել են 1067, այլ 502 շուն՝ 6 ամսվա ընթացքում, իսկ անցած տարի 6 ամսվա ընթացքում մենք արել էինք մոտ 2000 շուն»,- ասաց Բեգոյանը:
Նրա խոսքով՝ քաղաքապետարանը նշել էր, որ 2019 թվականին ՀՈԱԿ-ին տրամադրվել է 149.5 միլիոն դրամ, սակայն տարեվերջում իրենք ունեցել են 50 միլիոն խնայողություն:
«Մենք ծախսել ենք 100 միլիոն, որից միայն 16 միլիոն ավտոմեքենաների գումարն է եղել: 2019 թվականին 1 շան ստերջացումը 22-24 հազար դրամի սահմաններում է եղել, եթե հիմա բաժանեք, 100 հազարից ավելի կստանաք: Միանշանակ ստել են, ինֆորմացիան ոչ պատշաճ են տվել, դուք երևի հարցը տվել եք, թե անցած տարի ինչքա՞ն է եղել բյուջեն, նրանք էլ իրենց գժի տեղ դնելով՝ պատասխանել են՝ 150 միլիոնի կարգի, բայց պետք է նշենք, որ 50 միլիոնը խնայողություն է, 100 միլիոնից էլ 16 միլիոնը մեքենաներ են գնված, մոտ 2 միլիոնի էլ՝ գույք՝ համակարգիչներ և այլն: Կարելի է ասել՝ մենք 80 միլիոն ենք ծախսել, այդտեղից և՛ աշխատավարձերն է եղել, մոտ 3000 շան համար դեղերն են եղել, որտեղ նորից ունեցել ենք խնայողություն։ Ճիշտ է, մենք 3000 շան համար էլ դեղ էինք առել և 3000 շուն էլ ստերջացրել էինք, բայց մոտավորապես ունեցել ենք որոշ դեղամիջոցների քանակով մոտ 1000 շան համար ստերջացնող դեղամիջոցներ, և դա էլ փոխանցվել է նոր ղեկավարությանը»,- ասաց նա:
Բեգոյանի խոսքով՝ այսօր «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ում ուռճացված հաստիքներ են գործում. «Մեր ժամանակ կազմակերպությունն աշխատել է 23 հոգով, հիմա աչքաչափով, որ տեսնում եմ՝ կրկնապատկվել է: Օրինակ՝ իմ ժամանակ գործավարուհին հա՛մ թեժ գծին էր պատասխանում, հա՛մ նամակներին, հա՛մ վարում էին ֆեյսբուքյան էջը, և այլն: Հիմա լսել եմ, որ ունեն ֆեյսբուքյան էջը վարող, որն աշխատավարձ է ստանում և շաբաթն ընդամենը 1 անգամ գրառում է անում, և այլն: Այնտեղ պարապուրդի մատնված մի շարք մարդիկ կան, որ ընդհանրապես ոչինչ չեն անում, ծանոթ, բարեկամներ, հարկ լինի, ժամանակը գա՝ կասեմ՝ ով ում բարեկամն է, ով ում կինն է, ով ում եղբայրն է: Օրինակ, Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Իոսիֆ Կուբատյանի կինը, որն այդ նույն ՀՈԱԿ-ում իրավաբանի պաշտոն է զբաղեցնում, իմ ժամանակ այդ պաշտոնը զբաղեցված չի՛ եղել, որովհետև անհրաժեշտություն չի եղել նման բանի, մնացածի մասին, թերևս, քիչ-քիչ»:
Անդրադառնալով այն դրվագին, որ նախկինում 1 շան համար ծախսվել է մոտ 24 հազար դրամ, իսկ այժմ՝ մոտ 100.000 դրամ, Բեգոյանն այն որակեց բյուջեի մսխում. «Միանշանակ բյուջեի մսխում է, ես դեռ սպասում եմ և գուցե աշնանը կբարձրաձայնեմ այս հարցը, որովհետև արդեն պարզ կլինի, թե ինչքան շուն է ստերջացվում, և թող քաղաքապետն իր փայլուն կադրային քաղաքականությամբ, կամ, ավելի ճիշտ, քաղաքապետը չէ, մենք գիտենք՝ ով, իր փայլուն կադրային քաղաքականությամբ պատասխան տա, թե պայմանականորեն 2020 թվականին ինչո՞ւ է արվել 2000 շուն և ծախսվել 240 միլիոն, սա՝ այն դեպքում, երբ 2019-ին արվել է 3000 շուն և ծախսվել է 100 միլիոն: Ես հետամուտ եմ լինելու և տարվա վերջում ապացուցելու եմ, թե ինչ է արժեցել 1 կենդանին Երևանի քաղաքացիների վրա, երբ 2019-ին արժեցել է 22-24 հազար դրամ»:
Դիտարկմանը, որ ՀՈԱԿ-ի վերաբերյալ չարաշահումների մասին խոսվեց, այնուհետև կադրային փոփոխություններ եղան, Բեգոյանն ասաց.
«Դա ընդհանրապես կրկես է: Նախ ասեմ՝ գործը, որ այդպես հարուցվեց, և այլն, բոլորս էլ հասկանում ենք, որ դա Երևանի քաղաքապետի գործելաոճն է՝ շանտաժի ենթարկել. նա ասել էր՝ եթե ես իմ կամքով չհեռանամ, իմ համար վատ կլինի, դա էլ ապացույցն էր այդ վատի: Նախ՝ գործը հարուցվել է կազմակերպության վրա, առայժմ ո՛չ կասկածյալներ, ո՛չ մեղադրյալներ չկան, ենթադրվում է, որ առաջին հերթին՝ տնօրենին կկանչեին, ինչ-որ հարց կտային, կամ կազմակերպության որևէ աշխատակցի, սակայն առ այս պահը կազմակերպության որևէ աշխատակցի որևէ իրավապահ մարմնից չեն կանչել, և ենթադրում եմ, որ քաղաքապետի ընկերոջ՝ ոստիկանապետի հեռանալուց հետո, երևի դա հօդս ցնդեց, համենայնդեպս, դա ենթադրություն է: Այնտեղ կան մի քանի գործող անձինք, որոնք քաղաքապետի հետ միասին վաղ թե ուշ պատասխան են տալու՝ գործեր սարքելու, գործեր կարելու, նույն այդ վերահսկողության վարչություն կոչեցյալները և այլն, մի օր պատասխան են տալու»:
Դիտարկմանը, որ՝ դուք ժամանակին նշում էիք, որ քաղաքապետ Հայկ Մարությանի կինը՝ Իվա Մարությանը, անմիջական կապ ունի ՀՈԱԿ-ների ղեկավարման հարցում, Բեգոյանն ասաց.
«Բնականաբար, նշանակված և՛ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն», և՛ «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ների տնօրեններն իրենց մարդիկ են, դա միայն այդ մարդիկ կարող են պնդել, որովհետև կոնտակտը լինում է տնօրենների միջոցով, ես կարող եմ զուտ իմ կարծիքը հայտնել։ Ճանաչելով իրեն՝ իմ համար միանշանակ է, բայց ես որևէ ապացույց չունեմ, որովհետև հասկանում եք՝ այդ տնօրենների հետ հարաբերություններ չկան, և նույն ձև նշանակված տնօրեններ են, իրենք էլ չեն ասի»: