«Որոշ իրողություններից դատելով՝ հակված եմ նրան, որ Ադրբեջանում չկան «Bayraktar»-ներ, բայց ուշ թե շուտ ձեռք է բերելու». վերլուծաբան
Թուրքական «Bayraktar»-ը գնելու հետաքրքրություն Ադրբեջանն ունեցել է դեռևս տարիներ առաջ, սակայն եղել են նրբություններ, որոնք կարող էին խանգարել դրան:
168.am–ի հետ զրույցում ասաց «Ռազմինֆո» մասնագիտացած կայքի վերլուծաբան Հայկ Խաչիկյանը:
«Խանգարող հանգամանքները կապված էին նրա հետ, որ «Bayraktar»-ի վրա առկա որոշ սարքավորումներ թուրքական արտադրության չէին, այլ եվրոպական կամ ամերիկականադական: Իսկ դրանք վաճառելու համար հարկավոր էր այս երկրների, ընկերությունների թույլտվությունը: Իսկ թե այս պահին Ադրբեջանում կա՞ն «Bayraktar»-ներ, թե՞ ոչ, որոշ դետալներից, իրողություններից դատելով՝ հակված եմ նրան, որ չկան: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ ուշ թե շուտ Ադրբեջանը դրանք ձեռք բերելու է»,- շեշտեց նա:
Մոտ մեկ շաբաթ առաջ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության տնօրեն Իսմաիլ Դեմիրը հանդիպել էր Թուրքիայում գտնվող Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարներ Քերեմ Մուստաֆաևի և Ռամիզ Թաիրովի հետ:
«Մենք քննարկել ենք ռազմական արդյունաբերության ոլորտում համագործակցության հարցերը: Մեր անօդաչու թռչող սարքերը և հրթիռներն Ադրբեջանի տրամադրության տակ են»,- թվիթերի իր միկրոբլոգում գրառել էր Դեմիրը:
Ավելի ուշ ՀՀ-ում անցկացվեցին հայ-ռուսական միավորված հակաօդային պաշտպանության համակարգի պլանային վարժանքներ, որոնց նպատակը հետախուզական-հարվածային անօդաչու թռչող սարքերին հակազդելու մեթոդների ուսումնասիրումն էր:
«Զինուժ» ծրագրի հուլիսի 25-ի թողարկման շրջանակում այս թեմայով պատրաստված ռեպորտաժում մի կարևոր փաստ է ուշադրություն գրավում. կադրերում երևում է, որ աշխատանքային քննարկումներից մեկի ընթացքում համապատասխան մասնագետներն ուսումնասիրում են թուրքական «Bayraktar TB2» տեսակի ԱԹՍ-ները։
Սրան հաջորդեց Avia pro կայքի հոդվածը, թե իբր, ըստ ռուսական աղբյուրների, թուրքական Bayraktar TB2 անօդաչուներն օդային հարվածներ են հասցրել ՀՀ տարածքին: Հոդվածում ժամկետները չեն հստակեցվում, սակայն նշվում է, որ ՀՀ ռազմական ղեկավարությունն այդ հարցին մեծ ուշադրություն է հատկացրել՝ հատկապես Թուրքիայի կողմից Հայաստանի տարածքն օկուպացնելու սպառնալիքների ֆոնին:
ՀՀ ՊՆ-ից 168.am-ին ասացին, որ դեռ վաղ է եզրակացություններ անել, թե տավուշյան գործողությունների ընթացքում Ադրբեջանի կողմից կիրառվել են նաև թուրքական միջոցներ: