
Էրդողանը կոչ է արել դադարեցնել հանքախուզությունը Միջերկրական ծովի արևելքում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Միջերկրական ծովի արեւելքում Թուրքիայի նավթագազային գործունեության շուրջ ստեղծված իրադրության կապակցությամբ կողմ է արտահայտվել նման ակտիվության ժամանակավոր դադարեցմանը: Այդ մասին հայտնել է նախագահի քարտուղար Իբրահիմ Քալընը: Ավելի վաղ Թուրքիայի նման գործունեությունը հունական կղզիների մերձակայքում առաջացրել է Աթենքի քննադատությունը: Այսպես, հուլիսի կեսերին Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը ցանկություն է հայտնել, որպեսզի ԵՄ-ի գծով գործընկերները տնտեսական պատժամիջոցներ պատրաստեն Անկարայի դեմ այն դեպքում, երբ Թուրքիան շարունակի նավթի ու գազի հորատումն այս շրջանում:
«Եկեք հետեւենք կառուցողական մոտեցմանը եւ դադարեցնենք դա (հորատումը)»,-հուլիսի 28-ին Էրդողանի խոսքը փոխանցել է Քալընը: Միեւնույն ժամանակ Քալընը Հունաստանին կոչ է արել Թուրքիայի հետ խնդիրները լուծել երկկողմ հիման վրա՝ գործընթացին չներքաշել այլ երկրների: «Հունաստանի համար հնարավոր չի լինի արդյունքների հասնել՝ ԵՄ-ին իր անդամակցությունն օգտագործելով որպես ճնշման միջոց»,-նշել է նա: Ավելի վաղ ԵՄ-ի երկրների արտաքին գործերի նախարարները Թուրքիային քննադատության էին ենթարկել Միջերկրական ծովի արեւելյան ջրերում նավթի ու գազի հորատման կապակցությամբ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: