Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձանը հիմնանորոգվում է
Մեկնարկել են Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձանային համալիրի հիմնանորոգման աշխատանքները: Քաղաքի կենտրոնում գտնվող, հանրապետական նշանակության հուշակոթողը կվերանորոգվի ամբողջությամբ Վարդանյան ընտանիքի ֆինանսավորմամբ:
Հուշակոթողը հեղինակել են ճարտարապետ Ջիմ Թորոսյանն ու քանդակագործ Արա Շիրազը̀ 1980 թվականին: 40 տարվա ընթացքում այն երբևէ չի հիմնանորոգվել: Հուշարձանային համալիրը մասամբ վնասված եւ անմխիթար վիճակում է: Երեսպատման գրանիտե սալիկներն ամեն պահի կարող են պոկվել եւ ցած ընկնել՝ սպառնալով այնտեղ գտնվող մարդկանց անվտանգությանը: Հիմնանորոգումից հետո հուշարձանն ամբողջությամբ կպահպանի նախնական տեսքը:
Վերանորոգման նախագիծը հաստատել է մշակույթի նախարությունը, Երեւանի քաղաքապետարանն էլ տվել է շինթույլտվությունը: Հիմնանորոգման աշխատանքները կիրականցվեն երկու փուլով՝ մի մասն այս տարի, մյուսը՝ 2021 թվականի գարնանը: