Ոսկեդարն ու միջնադարը հանել՝ նշանակում է՝ ծառն արմատից կտրել. Հայոց լեզվի և գրականության ուսուցիչները՝ Հայոց լեզվի և գրականության չափորոշիչների և ծրագրերի նոր հայեցակարգի մասին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացնում հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագիծը, որը հրապարակվել է նախարարության պաշտոնական կայքում:
Սոցիալական ցանցերում ուսուցիչների քննարկումներից պարզ է դառնում, որ շատերը կարևորում են, որպեսզի դասագրքի ու չափորոշչի հեղինակները միասին աշխատեն, և կազմում ընդգրկված լինեն ուսուցիչներ:
Նրանք չեն ողջունում հայ գրողների փոխարեն ծրագրում արտասահմանյան գրողներ ընդգրկելու որոշումը՝ ընդգծելով, որ ծրագրից դուրս են մնացել մի շարք հայ դասականներ։
Նրանց պնդմամբ՝ ցանկալի է, որ ավագ դպրոցում ավելի շատ ընդգրկվեն հայ գրողների ստեղծագործություններ, իսկ արտասահմանյան գրականության նմուշները հանձնարարվեն՝ որպես արտադասարանական ընթերցանության նյութեր։
Վիճահարույց է նաև այն, որ առաջարկվում են ընդհանրական թեմաներ՝ թույլ տալով ուսուցչին և սովորողին համատեղ պլանավորման արդյունքում ընտրել նախընտրելի գործերը։
Խնդրի հետ կապված զրուցեցինք Վանաձորի Վիկտոր Համբարձումյանի անվան 25 դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Արմինե Դունամալյանի հետ, ով ավելի շատ կողմնակից է առաջարկություններին, քան քննադատությանը:
«Ավագ դպրոցում թող «Հայ գրականություն» առարկան ներկայացվի ժամանակագրական հաջորդականությամբ՝ սկսած 5-րդ դարից, իսկ համաշխարհային գրականությանը թող տրվի առանձին մեկ դասաժամ:
Նախընտրելի է՝ 5-6-րդ դասարաններում այլևս չլինի «Մայրենի», անցնեն երկու առարկա՝ «Հայոց լեզու» և «Գրականություն»:
Լեզվաբանության բաժիններն ուսումնասիրեն հերթականությամբ: Ուշադրություն դարձնեն տրված ժամաքանակներին: 9-րդ և 10-րդ դասարանների «Հայ գրականություն» առարկայի բովանդակությունն ամբողջությամբ նույնն էր, դրա համար էլ ուսուցիչներն ու սովորողները նեղվում էին: Պետք էր 9-րդ դասարանի բովանդակությունը փոխել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արմինե Դունամալյանը:
Ինչ վերաբերում է հանրակրթական դպրոցի գրականության ուսումնառության հայեցակարգում հայ միստիկ բանաստեղծ և փիլիսոփա Նարեկացու ներառված չլինելուն՝ ուսուցչուհին նկատեց. «Անշուշտ Նարեկացի պետք է անցնի հայ սովորողը: Ոսկեդարն ու միջնադարը հանել նշանակում է ծառն արմատից կտրել ու տանել մի գեղեցիկ թաղարի մեջ դնել, զանազան արևադարձային պտուղներ վրան կախել ու հրճվել: Ուսուցիչը պետք է հմտորեն ուղղորդի աշակերտին՝ ընկալելու նյութի խորհուրդը, գաղափարը:
Ինձ շատ դուր եկավ սովորողներին նախագծային աշխատանքներում ներգրավելը:
Ամեն ինչ ուսուցչի ձեռքերում է եղել, ուսուցչի ձեռքերում էլ մնալու է»:
Մրգավետի դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ, հայոց լեզվի և գրականության մասնագետ Լուսինե Արշակյանի կարծիքով՝ պետք է շեշտադրված լինի Հայ գրականություն, ոչ թե Գրականություն:
«Մեր ԿԳՄՍ նախարարությունն ինչո՞ւ է այդքան դեմ հայ բառին: Կարող էր լինել Հայ և համաշխարհային գրականություն: Ես նորմալ եմ համարում արտասահմանյան գրողներին ընդգրկելը՝ հաշվի առնելով սերնդի ցանկությունները, հետաքրքրությունների շրջանակը, հաշվի առնելով այն, որ այլ դինամիկայով ենք ապրում կյանքում: Այո՛, անհրաժեշտություն եմ համարում, որ արտասահմանյան գրողներն ընդգրկվեն դասագրքերում, ոչ մի պախարակելի բան չկա, սակայն դա չի նշանակում, որ Նարեկացի չպետք է լինի, Քուչակի «Հայրենները» չպետք է սովորեն, «Առավոտ լուսոն» չպետք է իմանան: Հայն իր արմատներին չտիրապետի՞, ծանոթ, տեր չլինի՞: Հայոց բանակում զինվորի հայրենասիրությունը դպրոցից, Հայ գրականության, Ռազմագիտության դասերից չի գալի՞ս»,- հարց բարձրացրեց Լուսինե Արշակյանը:
Հավելենք, որ Առարկայական չափորոշիչները լրամշակող փորձագիտական խմբերից Հայոց լեզու, Գրականություն, Մայրենի առարկաները ղեկավարող Թամար Ալեքսանյանը հանդես է եկել գրառմամբ՝ նշելով.
«Սիրելի՛ ուսուցիչներ, դիմում եմ միայն ձեզ, այսինքն՝ նրանց, ովքեր ամեն օր, ամեն ժամ կանգնում են աշակերտի դիմաց…
Մեր ակադեմիական այրերը հայոց լեզվի ճոխ գանձարանից միայն վատ բառեր են սովորել և անընդմեջ լուտանք են թափում մեր հանձնախմբի գլխին: Իհարկե, խոսքը բոլորի մասին չէ. կան պարկեշտ գիտնականներ, որոնք իրենց տեղին դիտարկումներով օգնում և սատարում են մեզ և առաջարկություններ են անում` օգնելով մեզ լրացնելու և շտկելու ընդամենը սևագիր այս տարբերակը:
1. Մեր հանձնախումբը չի ընդունում վատ նվերներ, հետևաբար՝ բոլոր անվայել արտահայտությունները թողնում է հասցեատերերին:
2. Սա այն պահն է, որ ուսուցչությունը պիտի բռունցքվի և ասի իր խոսքը: Տարիներ շարունակ այս այրերը, փոխանակ գիտությամբ զբաղվելու և հայ բանասիրական միտքը ճոխացնելու, զբաղված են դպրոցի և մանկավարժության գործերին միջամտելով:
3. Նրանց թեթև ձեռքով կազմվել են գրականության ծրագրեր, որոնք հեղինակներով են լեցուն, որոնք աշակերտին դարձնում են թութակ, որոնք պարտադրում են մեր երեխաներին կրկնելու նրանց «իմաստուն» մտքերը այս կամ այն գրողի մասին՝ ժամանակ չտալով և թույլ չտալով աշակերտին կարդալ, հասկանալ գրական տեքստը, քննել, համեմատել, ինքնուրույնաբար (ուսուցչի ուղղորդումով) ուսումնասիրել, գտնել հեղինակի ասելիքը, գյուտեր անել և սովորել սիրել գիրքը և ընթերցանությունը:
4. Այս այրերի թեթև ձեռքով պարտադրվեցին դպրոցին և աշակերտին շտեմարաններ, որոնք իրենք ևս առանց օգնության չեն կարողանա լուծել և պատասխաններ տալ:
5. Այս այրերը այդպես վարվեցին, որ մեզ վրա վաճառեն իրենց գրքերը, որոնք բանասերի կարդալու և ուսումնասիրելու համար են:
6. Այս այրերը այդպես վարվեցին, որ իրենց տներում, բազմոցի վրա փռված, մեր իսկ աշակերտներին պատրաստեն ավարտական և միասնական քննություններ հանձնելուն՝ ձեռքի հետ էլ Հայոց լեզվի և Գրականության ուսուցչին անգրագետ և այլ պիտակներ կպցնելով: Եվ կարճ հիշողություն ունենալու պատճառով մոռացան, որ դպրոց մտնող ուսւոցչին հենց իրենք են ուսուցանել և կրթել:
Սիրելի՛ ուսուցիչներ, մեր՝ ուսուցիչներիս ձայնը միշտ խեղդվել է այս փքուն այրերի անիմաստ գոռգոռոցներից: Այս անգամ մենք պիտի միասին թույլ չտանք աշակերտ չտեսնող, 21-րդ դարի կրթության պահանջները չհասկացող մարդկանց մեր վզին փաթաթելու իրենց գրքերը, շտեմարանները…
Իսկ հանձնախումբը լարված աշխատում է՝ քննարկելով ՈՒՍՈՒՑՉԻ հետ, հաշվի առնելով ՆՐԱ կարծիքները և առաջարկները:
Սիրելի՛ ուսուցիչներ, լինե՛նք միասին և միակամ, օգնենք իրար՝ հանրակրթությունը (չմոռանանք՝ արմատը հանուր-ն է) ավելորդ ակադեմիզմից և գիտնական այրերի անիմաստ հոխորտանքից փրկելու համար»: