Բաժիններ՝

«Չենք կարողանալու լիճն օգտագործել ո՛չ հանգստի, ո՛չ էլ ոռոգման համար. սա ուղղակի ողբերգություն է Հայաստանի համար». Կարինե Դանիելյան

«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանի խոսքով, եթե Սևանա լիճը շարունակի ծաղկել, և դա տեղի ունենա առաջիկա մի քանի տարիներին պարբերաբար, ապա Հայաստանը կկանգնի լիճը կորցնելու վտանգի առջև։

«Աստված չանի, եթե այսպես շարունակվի, ապա մենք Սևանա լիճը, որպես լիճ, կորցնելու ենք, և այն որևէ կերպ չենք կարողանալու օգտագործել, քանի որ լճի փոխարեն՝ ունենալու ենք ճահիճ։ Չենք կարողանալու լիճն օգտագործել ո՛չ հանգստի, ո՛չ էլ ոռոգման համար։ Սա ուղղակի բացարձակ ողբերգություն է Հայաստանի համար, ցավոք, դեռ այդ հասկացությունը չկա շատերի մոտ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Կարինե Դանիելյանը։

Հիշեցնենք, որ Գիտությունների ազգային ակադեմիայի Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր Բարդուխ Գաբրիելյանն ահազանգել էր, որ Սևանա լիճը կրկին սկսել է կանաչել։

Ըստ Կարինե Դանիելյանի՝ Սևանա լիճը փրկելու համար առանձին խնդիր է ջրիմուռները վերացնելը, սակայն  առաջին նախապայմանը հանրության վերաբերմունքն է դեպի լիճը։ Այսինքն՝ տարիների ընթացքում լճում կուտակվել են քիմիական նյութերը, որոնք հիմք են հանդիսացել ճահճացման համար՝ լճի աղտոտում, ջրի մակարդակի բարձրացման խնդիր, և այլն։

«Բոլոր ծրագրերը մշակված են, դեռևս խորհրդային տարիներին 40 ինստիտուտներ աշխատեցին լճում, ծրագրի գիտքարտուղարը ես էի։ Ջրի մակարդակի բարձրացման անհրաժեշտությունն այդ ժամանակվանից հաստատվել է, մասնավորապես՝ մաքրման կետերի  կառուցման ծրագիրը, որպեսզի լիճն այլևս չընդունի այդքան աղտոտիչ նյութեր։ Կեղտերը, որոնք գալիս են դեպի լիճ, բացի քիմիական աղտոտումից, ցույց են տալիս նաև մեր վերաբերմունքը բնության նկատմամբ, դրանք աղբով լիքն են։ Եվ այս ամենին լիճը պատասխանում է»,- հավելեց բնապահպանը։

Նա նաև ընդգծեց, որ ծաղկած Սևան լճի ջրով եթե մարդիկ ոռոգեն հողը, ապա կարող է բույսը չաճի, իսկ եթե աճի, այն ուղղակի թունավոր նյութերով հագեցած կլինի։

«Ջրի մակարդակի բարձրացման ծրագրերը կան, Կառավարության խոստումները՝ նույնպես, բայց միայն ջրի մակարդակի բարձրացմամբ խնդիրը հնարավոր չէ լուծել։ Ավելին, յուրաքանչյուր տարի պարզապես չի կարելի մեկ՝ բարձրացնել, մեկ՝ նվազեցնել այս կամ այն չափով։ Ջրի բարձրացումն էլ մյուս կողմից՝ հանգեցնելու է մի շարք խնդիրների, մասնավորապես՝ ափամերձ տարածքներում կառուցված շինությունների համար, չնայած նրան, որ մեր բոլոր Կառավարությունները բազմիցս հայտարարել են, որ չի կարելի ափամերձ տարածքներում շինություններ կառուցել»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Կարինե Դանիելյանի խոսքով՝ բոլոր երկրներում էլ, որտեղ կան լճեր, կարող են առաջանալ ծաղկման հետ կապված խնդիրներ, օրինակ՝ Բայկալը, որի որոշ մասերում ծաղկում է նկատվել։

«Այն տնտեսական գործունեությունը, որ մարդկությունն ակտիվ զարգացնում է առանց էկոլոգիական բաղադրիչի,  լճերը, որոնք շատ նուրբ օրգանիզմ են, միանգամից  արձագանքում են»,- եզրափակեց Կ. Դանիելյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս