Բաժիններ՝

Տրվել է խիստ նախազգուշացում. Տեսչական մարմինը՝ 35 համարի երթուղայինի վարորդի հետ կապված դեպքի մասին

Հուլիսի 18-ին ֆեյսբուքյան օգտատեր Նարե Հովհաննիսյանը տեսանյութ էր հրապարակել այն մասին, թե 35 համարի երթուղայինի դիմացի նստատեղին վարորդը փորձել է երկու ուղևոր նստեցնել:

«Սա է մերօրյա Երևանը… նստել եմ 35 համարի երթուղայինի դիմացի նստատեղին։ Ինձ մի տղամարդ ուղևոր պարտադրեց, որ կողք անցնեմ, որպեսզի ինքը նստի։ Նույնը պահանջեց վարորդը։ Ես ասում եմ՝ ցույց տվեք պարետի նոր որոշումը, իմ իմացած որոշմամբ՝ չի թույլատրվում 2 ուղևոր փոխադրել վարորդի կողքին։ Վարորդը ցույց չի տալիս Պարետի նոր որոշումը, որով թույլատրվում է երթուղային տաքսու դիմացի նստատեղերին երկու ուղևոր փոխադրել, փոխարենը՝ հարձակվում են ինձ վրա և իջեցնում տրանսպորտից։ Տեղում ոստիկանություն եմ կանչել»,- գրել էր նա։

Մեկ այլ գրառմամբ օգտատերը հայտնել է, որ 35 համարի երթուղայինում տեղի ունեցած միջադեպի առթիվ ոստիկանության Դավթաշենի բաժանմունքում բացատրություն է գրել՝ հստակ պահանջ ներկայացնելով, որ վարորդին իրազեկեն պարետի որոշումների մասին, հարկադրեն, որպեսզի իր գործառույթների շրջանակում պահպանի պարետի որոշումներով հաստատված կանոնները, իսկ այդ կանոնները խախտելու դեպքում օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվի, նաև իրենից ներողություն խնդրի՝ վիրավորելու և իր հետ կոպիտ խոսելու համար։ Բացատրություն գրելուց հետո ասացին, որ վարորդը ևս ոստիկանությունում է։

«Ինձանից ներողություն խնդրելու պահանջը տեղում կատարվեց։ Ինձ համար հոգեբանորեն շատ դժվար էր լսելը, թե ինչպես է իմ հայրիկի տարիքի մարդն ինձանից խեղճացած ներողություն խնդրում։ Ես ևս վարորդից ներողություն խնդրեցի, որ իրեն նման իրավիճակի մեջ եմ դրել, բայց հանգամանալից բացատրեցի, որ անկախ անձնական որևէ անհարմարությունից՝ իմ գերանհանգստությունը վարակվելու բոլոր հնարավոր ռիսկերը կանխելն է։ Մենք իրար հասկացանք․․․ ոստիկանությունը բավականին օպերատիվ արձագանքեց, հուսով եմ՝ մինչև վերջ հետևողական կլինեն․․․»,- գրել էր նա:

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից 168.am-ին հայտեցին, որ տրվել է խիստ նախազգուշացում:

«Բողոքների կամ համացանցում հայտնված նյութերի դեպքում տրվում է խիստ նախազգուշացում, խստացված ռեժիմով հսկողություն է սահմանվում և կիրառվում են վարչական պատասխանատվության խիստ միջոցներ»,- մանրամասնեցին տեսչական մարմնից:

Տեսչական մարմնից հայտնեցին նաև, որ երթուղիներում արձանագրված հիմնական խախտումը գերբեռնված, կանգնած ուղևորների առկայությամբ փոխադրում իրականացնելու դեպքերի հետ է կապված:

Տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների դեպքում արձանագրված գերակշռող խախտումները կրկին հետևյալն են՝ դիմացի նստատեղին ուղևորի առկայությամբ փոխադրում իրականացնելու դեպքեր, ինչպես նաև առանց դիմակի վարորդներ։ Կանոնավոր երթուղիներում հայտնաբերվել են նաև տրանսպորտային միջոցներ, որոնցում բացակայել է ախտահանիչ հեղուկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս