
Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ հեռախոսազրույցում ներկակացրել է վերջին օրերին ՀՀ հյուսիսարեւելյան շրջանում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մանրամասները

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ աշխատակազմը։
Հեռախոսազրույցի ընթացքում ԱԺ նախագահը ներկայացրել է վերջին օրերին ՀՀ հյուսիսարեւելյան շրջանում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մանրամասները, խաղաղ բնակչության, տների եւ մանկապարտեզների հրետակոծումը, ինչպես նաեւ Ադրբեջանի կողմից Մեծամորի ատոմակայանը ռմբակոծելու պաշտոնական սպառնալիքը: Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ ԽՎ նախագահի ուշադրությունն է հրավիրել նաեւ Թուրքիայից հնչող հայտարարություններին՝ նշելով, որ դրանք ապակայունացման վտանգ են ներկայացնում ողջ տարածաշրջանի համար:
ՀՀ ԱԺ նախագահը վերահաստատել է իրավիճակը խաղաղ կերպով հաղթահարելու ՀՀ իշխանությունների պատրաստակամությունը՝ հավելելով, որ հայկական կողմը շարունակելու է գործի դնել բոլոր միջոցները՝ ՀՀ քաղաքացիների ֆիզիկական անվտանգությունը ապահովելու նպատակով: