«Թշնամին որքան փորձի չափերն անցնի, պատասխանը ստանալու ա». Տավուշի բնակիչ
«Կոնկրետ այս պահին գույքագրում ենք իրականացնում Այգեպարում». այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Բերդ խոշորացված համայնքի ավագանու անդամ Վահան Սուքիասյանը: Ավագանու անդամը Տավուշ գյուղի բնակիչ է, վստահ է՝ սահմանապահներին հնարավոր չէ խեղճացնել:
«Ահավոր է վիճակը ավերածությունների առումով, բայց վստահեցնում եմ ձեզ շամշադինցին, առավել ևս՝ սահմանապահ այգեպարցին, պառավաքարցին, չինարեցին, ներքինկարմիրաղբյուրցին, ուժեղ են, անկոտրում են, հնարավոր չի իրանց խեղճացնել: Էդ մարդիկ ապրել են էս հողի վրա, ապրելու են ու ամուր են իրանց հողի վրա»,- ասաց Սուքիասյանը:
Ավագանու անդամն ասաց, որ գույքագրման արդյունքում պարզ է դարձել, որ կան տներ, որոնց միայն տանիքն է վնասվել, կամ ապակիները, բայց կան նաև տներ, որոնք գրեթե ամբողջությամբ են ավերվել:
«Ունենք այրված տուն, որը, կարծում եմ՝ վերանորոգելը իրատեսական չի, պետք է քանդվի, նորը կառուցվի»,- ասաց ավագանու անդամն ու ավելացրեց, որ անգամ այդ այրված տան բնակիչն Այգեպարից գնալ չի ուզում:
«Լավ, ո՞ւր գնան էդ մարդիկ: Էս հողում ծնվել են, էս հողում ապրել են, կառչած են էս հողին, լավ, գնացինք, ո՞ւր գնանք, ես ո՞ւր գնամ: Ասողներ կլինեն, որ գնանք ավելի ապահով վայրեր, բայց դա հարցի լուծում չի: Ես գիտեմ, որ շամշադինցին գնալու տեղ չունի: Հարցի լուծումն է՝ մնալ, պայքարել, մաքառել, արարել ու ապրել: Ստեղից մենք գնալու տեղ չունենք: Թուրքը, որ էսօր փորձում ա ավերի, տներ քանդի, վառի, իրա հարամությունն անում ա, մեկ ա, ոչ մի արդյունքի չի հասնելու: Վստահ եմ, որ շամշադինցին ու մեր բանակի քաջամարտիկները, մեր արծիվ տղերքը շատ շուտ սրա պատասխանը հարյուրապատիկ տալու են, արդեն տվել են: Թշնամին որքան փորձի չափերն անցնի, պատասխանը ստանալու ա»,- շեշտեց Սուքիասյանը: