Մեր իշխանությունը լայն ժողովրդականություն ունի, որը երկրում ցավոտ փոփոխությունների է գնում, և հարևան  բռնատիրական ռեժիմները  նյարդայնացած են այդ կապակցությամբ․ Արսեն Խառատյան

«Հայաստանը երիտասարդ ժողովրդավարություն է, պետություն է բարեփոխիչ կառավարությամբ և պատճառ չունի որևէ  երկրի վրա հարձակվելու համար»,- «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության եթերում՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի և ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ  տեսակապի միջոցով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ դեբատի ընթացքում ասաց  ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը։

Նա հստակեցրեց, որ սա պարզապես հերթական սրացումը չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Խառատյանի գնահատմամբ՝ սա  ոչ թե էսկալացիա է Հայաստանի և Ադրբեջանի միջև, այլ ուղիղ սպառնալիք է ժողովրդավարությանը, սա հարձակում է ժողովրդավարության դեմ, որը ցանկանում են կառուցել Հայաստանում։

Խառատյանի բնորոշմամբ՝  2018 թվականին Հայաստանն անցավ իր պատմության գլխավոր փոփոխությունը՝ Թավշյա հեղափոխությունը, որը Հայաստան բերեց ամենալեգիտիմ իշխանությանը 1990-ական թթ կեսերից հետո։ «Մենք իրականացնում ենք բարեփոխումների լայն օրակարգ, մեր իշխանությունը լայն ժողովրդականություն ունի, որը երկրում ցավոտ փոփոխությունների է գնում, և հարևանությունում գտնվող բռնատիրական ռեժիմների ներկայացուցիչները նյարդայնացած են այդ կապակցությամբ»,- ասաց նա։

Ըստ նրա՝ Ադրբեջանի ներքին խնդիրները մղում են նման իրավիճակ ստեղծել  Հայաստանի հետ, հայատյացություն սերմանել սեփական հասարակության շրջանում։   «Մենք էլ կոռումպացված ռեժիմ ենք ունեցել և գիտենք, թե այն ինչպես է գործում, և որքան բարդ է նման ռեժիմին դիմակայելը։ Այդուամենայնիվ՝ Հայաստանը երիտասարդ ժողովրդավարություն է, պետություն է բարեփոխիչ կառավարությամբ և պատճառ չունի որևէ  երկրի վրա հարձակվելու համար»,- ասաց Խառատյանը՝ շարունակելով, որ Ադրբեջանը  թիրախավորում է  խաղաղ բնակչությանը, գյուղերը ՀՀ տարածքում՝ ուղարկելով հրթիռներ, ռումբեր։

Այնինչ Հայաստանը հավատարիմ է խաղաղության  գործընթացին։   Նա հիշեցրեց  նախօրեին ՀՀ ԱԳ նախարարի անդրադարձը, որտեղ Զոհրաբ Մնացականյանը  հստակ նշել էր, որ Հայաստանը  հավատարիմ է  խաղաղ գործընթացին։ «Մենք   հավատում ենք, որ բանակցությունների գործող  ձևաչափը, որտեղ  Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Ֆրանսիան համանախագահում են, Մինսկի խումբը միակ ձևաչափն է կողմերի միջև կառուցողական բանակցությունները շարունակելու համար։  Վերադարձեք բանակցային սեղան, ինչո՞ւ եք սպառնում, ինչո՞ւ եք ռմբակոծում։ Եթե դուք պատրաստվում եք շարունակել այդ ոճով, ակնհայտորեն դուք  համարժեք պատասխան եք ստանալու»,- նշել է Խառատյանը։

Հեռուստաբանավեճին մասնակցող Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևը հակադարձելով Արսեն Խառատյանին՝ կասկածի տակ դրեց Հայաստանում ժողովրդավարության առկայության մասին վերջինի պնդումները, որին ի պատասխան՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդականն ասաց, որ  հասկանում է, որ պարոն Հաջիևը և այդ ադմինիստրացիան բավականին վախենում են, որ նմանատիպ իրավիճակ կարող է ստեղծվել նաև Ադրբեջանում, և Բաքվում գործող ռեժիմը կարող է արժանանալ Հայաստանի նախկին իշխանությունների  ճակատագրին։

«Գիտեմ, որ դժվար ու բարդ է լինելու»,- ասաց Խառատյանը։ Նա նաև հիշեցրեց՝ երկու օր առաջ Բաքվում՝ ըստ Խառատյանի, երբ Ալիևը մարդկանց փողոց դուրս բերեց  հակահայկական  կարգախոսներով ցույցի, երկու ժամ անց այն վերածվեց հակակառավարական ցույցերի՝ իշխանության հրաժարականի պահանջով, ակնարկելով, որ նույն գործընթացները կարող են սպառնալ ադրբեջանական ռեժիմին։ Հաջիևն իր հերթին՝ Խառատյանին կոչ արեց չանհանգստանալ, քանի որ Ադրբեջանում իրավիճակը կայուն է։  Հաջիևի խոսքով՝ ցույցերի միակ պահանջը մարդկանց ցանկությունն էր՝ վերադառնալ իրենց բնակավայրեր։

Տեսանյութեր

Լրահոս