«Միակ բանը, որ կարող է նա անվավեր ճանաչել՝ դրանք իր տեղակալի հանձնարարականներն են». ՀՊՏՀ նորընտիր ռեկտորը՝ իրեն գիտական աստիճանից զրկելու մասին
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ավելի քան 3 ժամ տևած նիստի արդյունքում կառավարման խորհրդի 26 անդամից 22-ը փակ գաղտնի քվեարկությամբ իրենց ձայնը տվեցին հօգուտ համալսարանի նախկին ռեկտոր Դիանա Գալոյանի:
Իսկ այդ ընթացքում արդեն հրապարակվել էր ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈԿ) հուլիսի 17-ին ընդունած որոշումը, համաձայն որի՝ անվավեր էր ճանաչվել Տնտեսագիտական համալարանի նախկին ռեկտոր Դիանա Գալոյանի՝ միջազգային տնտեսագիտություն մասնագիտությամբ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելու մասին որոշումը:
168.am-ը տիկին Գալոյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ կարծիքի է այս որոշման մասին, նա պատասխանեց, որ նոր է այդ մասին տեղեկացել:
«Երբ ԲՈԿ նախագահը տվել է անվավերության հայցի հրամանը, ես արդեն իսկ դա վերադասության կարգով բողոքարկել եմ նախարարություն, և նա, մինչև վերադաս մարմնի կողմից իմ բողոքարկման արդյունքները չունենար, իրավունք չուներ այդ նիստն անելու: Ես, իհարկե, նորից առաջինը՝ վերադասության կարգով, երկրորդը՝ վարչական դատարանում կբողոքարկեմ, բայց Գոգյանը նաև պատասխանատվության կենթարկվի նրա համար, որ չի սպասել նախարարության պատասխանին: Օրենքն ասում է, որ, եթե կա վարչական վարույթի ներկայացված վարչական բողոք՝ վերադասության կարգով, ինքն այդ պահին ավտոմատ պետք է ստոպ լինի, կանգ առնի, մինչև կլինեին արդյունքները նախարարության կողմից: Նախարարությունը տեղեկացրել է այդ մասին, ես անձամբ եմ մուտք արել ԲՈԿ»,- ասաց նորընտիր ռեկտորը:
Դիանա Գալոյանի խոսքով՝ Սմբատ Գոգյանն ինքնիրավչությամբ է զբաղվել, ուստի վստահ է, որ իր բողոքի արդյունքները դրական են լինելու, և պահպանելու է գիտական աստիճանն ու կոչումը:
«Կարծում եմ՝ ինքներդ էլ նկատում եք, որ մի օր առաջ փորձում են ռեկտորի մրցույթի վրա կալանք դնել, մրցույթից մեկ օր առաջ վարչական վարույթ են բացում: Տեսան՝ դատարանը վարչական կալանքը հանում է, այսօր մրցույթի ժամանակ զրկում են: Նախ իր կայացրած որոշումն ուժի մեջ է մտնելու ինձ առձեռն տեղեկացնելուց հետո հաջորդ օրը, այսինքն՝ ես այս պահին շարունակում եմ ունենալ իմ կոչումն ու գիտական աստիճանը: Երկուշաբթի ես կրկին վերադասության կարգով կբողոքարկեմ, պարոն Գոգյանին էլ համապատասխան պատասխանատվության կենթարկեմ, որովհետև եղել է վերադասության կարգով բողոք, իսկ նա շարունակել է ինքնիրավչություն իրականացնել»,- ասաց Դիանա Գալոյանը:
Ճշտող հարցին՝ ընդունո՞ւմ է, որ կարող են ատենախոսության մեջ թերություններ լինել՝ Դիանա Գալոյանը պատասխանեց.
«Այո, կարող է: 300 էջ աշխատանք է, մենք տարիներ շարունակ աշխատում ենք այդ 300 էջի վրա, և հնարավոր է՝ մի քանի տեղ վրիպած լինեմ, բայց դա հիմք չի հանդիսանում պարոն Գոգյանի համար, այն դեպքում, երբ նմանատիպ դեպքեր էլի են եղել և մեր նախկին ռեկտորի, և դրանից առաջ մեկ այլ բուհի ռեկտորի հետ կապված, և ոչ միայն՝ ռեկտորների հետ կապված, ու ոչ մի անգամ ինքը նման գործընթաց չի սկսել: Հիմա հղում է տալիս նրան, որ Արդարադատության նախարարությունից գրություն է ստացել, որ ինքը վարչական մարմին է, կարող է չեղարկել իր իսկ կողմից կայացրած վարչական ակտերը, բայց դա այդպես չէ, նախարարությունն ասել է, որ այդ ամենը պետք է կատարվի օրենքով սահմանված կարգով, իսկ օրենքով սահմանված նման՝ աստիճանից զրկելու կարգ գոյություն չունի, երկրորդ՝ այդտեղ խոսքը գնում է ԲՈԿ-ի՝ որպես կոլեգիալ մարմին լինելու մասին: Գոգյանը ԲՈԿ-ի կոլեգիալ մարմինը չէ, ընդամենը ԲՈԿ նախագահն է:
Լսումները որ արել են՝ ես ընդհանրապես չեմ էլ մասնակցել, որովհետև բողոք էի ներկայացրել և չէի պատկերացնում, որ կարող է նման ապօրինության գնալ և այդ լսումներն ի վերջո կազմակերպել: Առավել ևս՝ առանց ինձ լսելու՝ ինքն իրավունք չուներ նման որոշում կայացնել, բայց ԲՈԿ-ը կոլեգիալ մարմին է և ցանկացած հարցի վերաբերյալ այդ մարմինը պետք է որոշում կայացնի, այլ ոչ թե՝ Սմբատ Գոգյանը: Սմբատ Գոգյանը ԲՈԿ-ը չէ: Միակ բանը, որ կարող է նա անվավեր ճանաչել՝ դրանք իր տեղակալի հանձնարարականներն են, դրանից ավելի ոչինչ ինքն անվավեր ճանաչել չի կարող»: