Կապառոսը նպատակ ունի Հայաստանի հավաքականում հավասարակշռված խաղ ստանալ
Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը նպատակ ունի ստեղծելու մի հավաքական, որի հիմքում կլինի իսկական թիմային ոգին:
Առցանց պատասխանելով լրագրողների հարցերին` Կապառոսը շեշետեց, որ առաջին հերթին Հայաստանի ընտրանին պետք է իսկական թիմ լինի և լինի այն թիմը, որը գիտի` դաշտում ինչ անել, երբ գնդակը մրցակցի մոտ է և երբ գնդակն իր մոտ է: «Փորձելու ենք առավելագույնը ստանալ մեր ֆուտբոլիստներից: Պետք է հասնենք նրան, որ ընտրանին հավասարակշռված գործի` թե պաշտպանությունում և թե հարձակման գծում»,-ասաց նա:
Կապառոսի խոսքով` Հայաստանի ընտրանին Ազգերի լիգային պետք է մասնակցի մեծ ցանկությամբ և առաջ շարժվի քայլ առ քայլ` ունենալով հստակ նպատակ: «Պետք է վստահ լինենք, որ կարող ենք մրցել ցանկացած հակառակորդի դեմ, եթե իսկական թիմի մտածելակերպ ունենանք: Չեմ խոսի մեր թույլ կողմերի մասին, քանի որ այդ ժամանակ առավելություն կտանք Մակեդոնիայի և մյուս թիմերին: Ոչ մի թիմ անթերի չէ, պետք է պահպանել սառնասրտությունը և առաջ գնալ»,-շեշտեց նա:
Կապառոսին հավաքականի խաղերից տպավորել է Երևանում Իտալիայի դեմ հանդիպումը:
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Ազգերի լիգայի որակավորման փուլում պայքարը կսկսի սեպտեմբերի 5-ին` մրցելով Հյուսիսային Մակեդոնիայի դեմ: