
Զարմացած էի, երբ ակումբների կազմում ոչ մի հայ ֆուտբոլիստ դաշտ դուրս չեկավ. Կապառոս

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն այն կարծիքին է, որ հայկական ակումբներն ավելի շատ տեղացի ֆուտբոլիստներ պետք է ունենան իրենց կազմում:
Առցանց պատասխանելով լրագրողների հարցին, մարզիչը նախ շնորհավորել է բոլոր ակումբներին և ֆեդերացիային, իրենց վարքագծի համար, քանի որ այժմ շատ բարդ իրավիճակ է ստեղծվել ամբողջ աշխարհում: «Եվ այս իրավիճակում ֆեդերացիան և ակումբները լավագույնս դրսևորեցին իրենց: Բարձր էր ազգային առաջնության և գավաթի խաղարկության մրցակցությունը: Դիտել եմ նաև ազգային առաջնության վերջին հանդիպումը և շնորհավորում եմ «Արարատ-Արմենիա»-ին չեմպիոնության կապակցությամբ: Բացի այդ, մենք բազմաթիվ խաղեր ենք դիտել և վերլուծել, որը, կարծում եմ, մեզ համար շատ օգտակար կլինի»,- ասել է նա:
Խոսելով լեգիոներների քանակի սահմանափակման մասին` իսպանացի մասնագետը կարծիք է հայտնել, թե ցանկալի կլիներ, որ ավելի մեծ թվով ֆուտբոլիստներ հանդես գային հայկական ակումբներում: Եթե ավելի շատ ֆուտբոլիստներ հանդես գան ներքին առաջնությունում, դրանից կշահի նաև հավաքականը: «Զարմացած էի այն խաղերի ժամանակ, երբ ակումբների կազմում ոչ մի հայ ֆուտբոլիստ խաղադաշտ դուրս չէր գալիս: Այդ ամենը խանգարում է պատանի, երիտասարդ ֆուտբոլիստների՝ կրթություն ստանալուց հետո ինքնադրևորման շանս ունենալուն»,- ասաց մասնագետը: