«Իշխանություներն ինչո՞վ են տարբերվում տեռորիստական «Սասնա ծռեր»-ից». Արա Սահակյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը երեկ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանում լայնածավալ գործողությունների ընթացքում կառավարության հրաժարականը պահանջող երեք ուժերին (ԲՀԿ, ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցություն)՝ նշել էր, որ Կառավարության հրաժարական կարող են պահանջել միայն ՀՀ քաղաքացիները, բայց ոչ՝ այդ երեք ուժերը:
168.am-ն այսօր կապ է հաստատել 3 կուսակցությունների ներկայացուցիչների հետ և խնդրել մեկանաբանել Ջուլհակյանի հայտարարությունները:
«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արա Սահակյանից հետաքրքրվեցինք, արդյոք իրենք ՀՀ քաղաքացիներ չե՞ն, քանի որ պատգամավորի խոսքով՝ այդպես է ստացվում։ Ի պատասխան՝ Սահակյանն արձագանքեց, որ ոչ մի խոսք հենց այնպես չի ասվում, և, որ պատգամավորի խոսքում ինքը բովանդակություն է տեսնում.
«Լավ կլինի, որ տիկին Ջուլհակյանը պարզի, բայց ավելի կարևոր է քաղաքական գրագիտությունը, լինել պատգամավոր և չիմանալ քաղաքացիների քաղաքական իրավունքները և ազատությունները, դա ողբերգություն է, և կարծում եմ, որ այդ մանկական հիվանդությունով տառապում է այդ խմբակցության մեծամասնությունը: Ամենաառաջին մոտեցմամբ՝ պետք է ասել, որ այդ հիվանդության անունն է՝ հեղափոխականություն, խտրականություն դնել քաղաքական ուժերի միջև: Այդ դեպքում ինչո՞վ են նրանք տարբերվում տեռորիստական «Սասնա ծռեր»-ից: Նրանք նույն բանն անում էին զենքով, սրանք առայժմ նույնը, իմ կարծիքով, նախապատրաստում են խոսքով, նույն նշանակետն է՝ ընտրել իրենց քիմքին հաճո ընդդիմություն, իրենց համար կոմֆորտային ընդդիմություն ստեղծել, սա է նրանց նպատակը: Խոսքերը հենց այնպես չեն ասվում, դրանց մեջ կա բովանդակություն, մենք դրանց մեջ փնտրում ենք բովանդակություն, և այդ բովանդակությունը ես տեսնում եմ, դա այնքան ստոր արարք է, որ կարծում եմ, եթե նրանց խմբակցությունում չի գտնվելու մեկը, որ սաստի իր գործընկերոջը, ապա նշանակում է, որ այդ ստորության հեղինակն ամբողջ խմբակցությունն է»:
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն էլ 168.am-ի հետ զրույցում նշեց, որ բոլոր քաղաքական գործիչներն իրենց պահվածքի գնահատականը կստանան, սակայն սահմանում լարված իրավիճակից հետո.
«Այս պահին մենք սկզբունքորեն չենք անդրադառնում ներքաղաքական հարցերին, քանի որ դրա ժամանակը չէ, մեր պետությունը հիմա ուրիշ մարտահրավեր ունի, և մենք մեր համեստ ուժերով աշխատում ենք այդ ուղղությամբ, իսկ այն գործիչները, որոնք պահի լրջությունը չեն հասկանում և այս օրերին կրկին զբաղվում են ներքաղաքական հարցերով, դրանց կանդրադառնանք այս վիճակից հետո: Վստահեցնում եմ Ձեզ, որ ոչ միայն տվյալ պատգամավորը, այլև բազմաթիվ այլ անհայրենիք գործիչներ իրենց պահվածքի գնահատականը կստանան»:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ Ջուլհակյանի հայտարարությանը ծանոթ չէ, բայց մեր վերարտադրած տեքստից կարող է դատողություն անել, որ պատգամավորը նկատի է ունեցել հրաժարական պահանջելու իրավունքի սուբյեկտը.
«Բայց երբ 3 կուսակցություններ համաձայնագիր են ստորագրել նման նախաձեռնության, դա չի՛ նշանակում, որ կուսակցությունները պետք է դիմեն ԱԺ կամ որևէ այլ տեղ հրաժարականի: Մենք նկատի ենք ունեցել կուսակցությունների հետևում կանգնած ժողովուրդը: Արտաքին մարտահրավերների հզորացման դեպքում, բնականաբար, ներսում պետք է համախմբում լինի, բայց դա չի նշանակում, որ մենք մոռանում ենք այն խնդիրները, ինչի մասին մենք բարձրաձայնել ենք, որովհետև եթե արտաքին մարտահրավերներն ավելանում են, դա չի նշանակում, որ երկրում սոցիալական խնդիրները լուծվում են, հակառակը՝ ավելի են խորանում, դա չի նշանակում, որ մենք մոռացանք, որ կառավարությունը խոստացել է տնտեսական հեղափոխություն, ընդհակառակը՝ տնտեսական վիճակն ավելի է վատթարացել: Իրենք միշտ էլ գնացել են այդ ճանապարհով՝ սև ու սպիտակի տարբերելու, սևերին ոչնչացնելու, սպիտակներին խրախուսելու ճանապարհով, որն ընդունելի չէ: Ստացվում է, որ իրենք մի դեպքում, երբ մենք ընդդիմադիր հայացքներ ենք հայտնում, իրենց որոշ ներկայացուցիչներ մեզ համարում են դավաճաններ, բայց այն պահին, երբ երկիրը պատերազմից դուրս լայնածավալ պատերազմի վտանգի առաջ է՝ իրենք են դա խախտում, ճիշտ կլինի իրենցից պահանջել այդ բացատրությունը: Մենք վերահաստատում ենք այն, ինչ որ ասել ենք և արել ենք, պարզապես հաշվի առնելով, որ այսօր մեծ է լայնածավալ պատերազմի վտանգը, դրա համար ասում ենք՝ այս պահին հարաբերականորեն չենք խորացնում այդ պահանջները, բայց դրանք մնում են ուժի մեջ: Ամոթ այն մարդուն, ով դիմացինին մեղադրում է ինչ որ բանի մեջ՝ ինքը լինելով դրա կրողը, դրա լավագույն օրինակը»:
168.am-ը կապ հաստատեց նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հետ, ներկայացրեց թեման և մեկնաբանություն խնդրեց, վերջինս նշեց, որ քիչ ուշ զանգահարենք, քանի որ զբաղված է, սակայն նա այդպես էլ մեր զանգերին չպատասխանեց: