«Գուցե լինեն որոշակի լարվածություններ՝ կրակոցների տեսքով, սակայն ռազմական գործողություններ բացառում եմ». Փորձագետը՝ Նախիջևանի ուղղությամբ արձակած կրակոցների մասին

Այսօր առավոտյան ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ, ռազմական վերլուծաբան Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ անցնող գիշեր ՀՀ սահմանի ողջ երկայնքով հակառակորդի կողմից իրականացվել է հրադադարի մոտ 120 խախտում, կրակոց: Հիմնականում կիրառվել են հրաձգային զենքեր, այդ թվում՝ խոշոր տրամաչափի. ««Իրականացվել են ոչ միայն Տավուշի հատվածում՝ բուն մարտական գործողությունների շրջանակում, այլև Տավուշի ամբողջ սահմանագոտում, այդ թվում՝ Նոյեմբերյանի ուղղությամբ:  Չեն կիրառվել հրետանային և ավելի խոշոր տրամաչափի միջոցներ: Սակայն կրակոցներ եղել են նաև Գեղարքունիքի հատվածում՝ 2-րդ բանակային կորպուսի ճակատում, ինչպես նաև նախիջևանյան հատվածում՝ 4-րդ և 5-րդ բանակային կորպուսների ճակատում»,- լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրել էր ռազմական վերլուծաբանը։

168.am-ի հետ զրույցում տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը բացառեց, որ Ադրբեջանը կարող է նոր ճակատ բացել Նախիջևանի ուղղությամբ։

«Գուցե լինեն որոշակի լարվածություններ՝ կրակոցների տեսքով, սակայն ռազմական գործողություններ՝ որպես այդպիսին, բացառում եմ։  Չմոռանանք, որ Նախիջևանը որոշակի պայմանագրերով գտնվում է Թուրքիայի տիրույթում։ Եթե Նախիջևանի ճակատում իրականացվի որոշակի ռազմական գործողություն, ապա միանշանակ կդիտարկվի, որ այդ ռազմական գործողություններն իրականացնում է Թուրքիան, որքան էլ այն իրականացնի Նախիջևանի կայազորը։ Թուրքիան նման քայլի չի գնա, քանի որ խնդիր է ունենալու նաև Ռուսաստանի և Իրանի հետ, որոնք տարածաշրջանում մեծ հետաքրքրություն ունեն։ Այնպես որ, ես բացառում եմ այս շրջանում նմանատիպ զարգացումներ»,- նշեց փորձագետը։

Կարեն Հովհաննիսյանը  թերահավատորեն է վերաբերվում այն խոսակցություններին, որ կարող է լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսվեն՝ ելնելով այն հանգամանքից, որ Ադրբեջանի ներքին քաղաքական կյանքը շատ հախուռն է, և այդ գործողությունները կարող են լինել երկսայր։ Ավելին, որքան էլ Ալիևը փորձի մեղմել ներքին քաղաքական լարվածությունը սահմանային լարվածությամբ, միևնույն է, եթե լայնածավալ ռազմական գործողություններ սկսվեն, ապա այդ ամենը կարող է ուղիղ ազդեցություն ունենալ նրա իշխանության վրա։ Չի բացառվում նաև, որ տեղի ունենա ռազմական հեղաշրջում։

«Այս լարվածությունը, որն իրականացնում է Ադրբեջանը, փորձում է փրկվել այն խայտառակությունից, որը տեղի է ունեցել վերջին շրջանում Տավուշի մարզում։  Կարծում եմ, որ ռազմական լայնածավալ գործողությունների հեռանկար կա, միևնույն ժամանակ՝ չեմ բացառում, որ Ալիևը, որն արկածախնդիր է, կարող է գնալ որոշակի սադրանքների»,- հավելեց փորձագետը։

Անդրադառնալով Ադրբեջանի ներքին քաղաքական կյանքում տեղի ունեցող վերջին զարգացումներին՝ Կարեն Հովհաննիսյանը նշեց, որ հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունեցել, այդ թվում՝ Սումգայիթում «Ղարաբաղ» անվամբ երթը, որի ժամանակ պահանջում էին պատերազմ Հայաստանի դեմ։

«Այս ամենը հստակորեն կազմակերպված էր, կազմակերպել էր հենց իշխանությունը։ Երթն աստիճանաբար դարձավ բազմաշերտ, որտեղ ընդգրկվեցին մարդիկ, որոնք փորձում էին դիվիդենտներ շահել։ Այսինքն՝ ընդդիմության բոլոր այն ներկայացուցիչները, ովքեր միավորվել կամ չէին միավորվել։ Երբ ցույցերի ժամանակ պատերազմ սկսելու կոչերը դադարեցին և սկսվեցին հակաիշխանական կոչեր, Ադրբեջանի իշխանությունը հասկացավ, որ կորցնելու է վերահսկողությունը, որից հետո էլ անցավ ուժի և ցույցերը ցրեց։ Այս առումով որոշակի հույսեր արթնացան ընդդիմության մեջ, և այն զանգվածը, որը ռիսկ չէր անում խոսել, ոգևորվեց և սկսեց խոսել։ Այսօր Ալիևը մեծ խնդրի առաջ է կանգնած, նա փորձում է քաղաքական դաշտում որոշակի պաշտոնանկություններով փրկել իրավիճակը։ Միևնույն ժամանակ՝ արդեն պայքար է գնում Փաշաևներին իշխանության բերելու համար, սա է պատճառը, որ Ալիևի իշխանությունը ներսից ճաք է տալիս՝ Ալիևի և Փաշաևների բանակի բաժանվելու համար»,- եզրափակեց Կարեն Հովհաննիսյանը։

Տեսանյութեր

Լրահոս