«Ադրբեջանի համար ցանկացած ռազմական գործողություն հղի է կորստաբեր հետևանքներով». Շիրակ Թորոսյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանում Ադրբեջանի կողմից իրականացվող սադրիչ գործողություններին և դրա հետ կապված միջազգային կառույցների, այդ թվում՝ Վրաստանի արձագանքին:

Ըստ պատգամավորի՝ բոլոր երկրներն ունեն իրենց շահերը, հետևաբար՝ Հայաստանը պետք է լուծի իր խնդիրները՝ անկախ այն հանգամանքից, թե ինչպիսին է միջազգային արձագանքը:

«Միջազգային արձագանքը եղել է կա՛մ չեզոք, կա՛մ  հօգուտ Հայաստանի՝ բացառությամբ երկու դեպքի, առաջինը Թուրքիան էր, որը խիստ կողմնակալ վերաբերմունք ունի, և դա հասկանալի է: Եվ սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Թուրքիան իրավունք չունի ներգրավվելու ԵԱՀԿ շրջանակներում Արցախի հարցի լուծման գործընթացում, քանի որ խիստ սևեռված դիրքորոշում ունի: Մենք ունենք նաև Ուկրաինիայի արձագանքը, որը, մեղմ ասած, չէր բխում Արցախի հարցի լուծման տրամաբանական ոգուց: Մնացած բոլոր դեպքերում և՛ միջազգային կառույցների, և՛ առանձին պառլամենտականների արձագանքը եղել է արդարության ոգուն համարժեք»,- նշեց Շիրակ Թորոսյանը:

Նրա խոսքով՝ հայ-ադրբեջանական սահմանին սկսված գործողություններից անմիջապես հետո հայաստանյան համապատասխան կառույցները սկսել են աշխատել միջազգային կառույցների հետ՝ Մինսկի խմբի երկրների, նաև՝ ՀԱՊԿ, ՄԱԿ և այլն։

«Այսօր որևէ միամիտ չի մտածում, որ Բաքվում կարող է զանգվածային ցույց լինել, և ցուցարարներին չարգելեն փողոց դուրս գալ, եթե այդ ամենը, մեղմ ասած, չի կազմակերպվել իշխանությունների կողմից: Դա պատերազմական հռետորաբանության հերթական դրսևորումն է, այսինքն՝ ուզում են ասել, որ զանգվածներն են դուրս եկել ռազմական գործողությունները շարունակելու պահանջով:  Ադրբեջանի համար ցանկացած ռազմական գործողություն հղի է կորստաբեր հետևանքներով՝ նրանք կորցնելու են մեծաքանակ զինուժ, և շատ հավանական է, որ կորցնելու են նաև տարածքներ: Այսքանից հետո թող որոշեն՝ ինչի պետք է գնա Ալիևի իշխանությունը»,- ընդգծեց պատգամավոր Շիրակ Թորոսյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս