Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ղեկավարությունը խոստացել է լուծել արոտավայրերի խնդիրը, որի պատճառով վեճ էր առաջացել հայերի և թուրքերի միջև. Շիրակ Թորոսյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի խոսքով՝ Վրաստանում, այդ թվում՝ Ջավախքում, կորոնավիրուսի տարածվածության մակարդակը շատ ցածր է:
«Կոնկրետ Ջավախքում կորոնավիրուսով վարակված մարդ գրեթե գոյություն չունի, հազվադեպ փաստեր են արձանագրել, որ կոնկրետ կան կորոնավիրուսով վարակվածներ: Այս առումով ամեն ինչ շատ կայուն է, հանգիստ, Ջավախքում այսօր թեթև ռեժիմի մեջ են, այսինքն՝ խիստ սահմանափակումներ չկան: Սա շատ դրական վիճակ է, որը կա Ջավախքում»,- այսօր ԱԺ-ում ասաց պատգամավորը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե կորոնավիրուսով պայմանավորված՝ ի՞նչ իրավիճակ է Ջավախքում:
Անդրադառնալով ջավախահայերի և թուրքերի միջև ծագած վեճերին՝ կապված արոտավայրերի հետ, որտեղ և՛ հայերը, և՛ սահմանամերձ թուրքական գյուղերի բնակիչներն արածեցնում են իրենց անասուներին, Շիրակ Թորոսյանն ասաց, որ վերջին օրերին այդ արոտավայրերի հետ կապված՝ երկու կողմերի միջև կա լարվածություն:
«Վրաստանի մի շարք վայրերից թուրքերն իրենց անասունները բերում են և արածեցնում արոտավայրերում: Այժմ, այս կորոնավիրուսով պայմանավորված, Ջավախքից մեծ թվով մարդիկ չեն մեկնել արտագնա աշխատանքի, հետևաբար՝ ձեռքերը ծալած նստելու փոխարեն՝ զբաղվում են գյուղատնտեսությամբ: Այս կորոնավիրուսի համավարակը հնարավորություն է տալիս տեղում արժեք ստեղծելու համար, եթե դա հաջողվի, ապա հետագա տարիներին արտագնա աշխատանքի ծավալները կնվազեն»,- շեշտեց Շիրակ Թորոսյանը:
Ըստ պատգամավորի՝ այսօր բարձր լեռնային արոտավայրերը զբաղեցնում են թուրք գյուղացիները, ինչն արդար չէ, քանի որ ջավախքցիները պետք է կարողանան զբաղեցնել իրենց արոտավայրերը:
«Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ղեկավարությունը, մասնավորապես՝ նահանգապետը, վստահեցրել է, որ այդ խնդիրը քայլ առ քայլ լուծվելու է: Այս պահին մեր հայրենակիցների կողմից ծավալային դժգոհություններ չկան: Հուսանք՝ խնդիրը կլուծվի, և Ջավախքի հայ բնակչությունը կկարողանա իր հողերի վրա զարգացնել իր տնտեսությունը, և այլևս բողոքի ալիք չի առաջանա»,- ընդգծեց Շիրակ Թորոսյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում