Միշտ պատրաստ ենք մեր բոլոր հնարավորություններն ու կարողականությունը ի սպաս դնել Հայրենիքի ու հայության անվտանգությանն ու զարգացմանը․ ՀՅԴ Բյուրո

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի հարձակողապաշտ ու ռազմատենչ նկրտումների հերթական փաստն արձանագրվեց: Այս պահին թիրախը ՀՀ սահմանի հյուսիսարևելյան հատվածն է: Ինչպես նախորդ բոլոր դեպքերում, այս անգամ էլ դրան ուղեկցում է քարոզչական ապատեղեկատվությունը՝ Թուրքիայի անմիջական աջակցությամբ:

Առաջին իսկ պահից ՀՅԴ աշխարհասփյուռ կառույցը, իր բոլոր հնարավորություններով, ձեռնամուխ եղավ բանակցությունների փոխարեն Հայաստանի համար ֆիզիկական սպառնալիք հանդիսացող Ադրբեջանի քաղաքականությունը միջազգային հանրությանը ներկայացնելուն. մեկ անգամ ևս հաստատելով, որ ներխուժումն ու նախահարձակ կողմին չդատապարտելը խրախուսում է Ադրբեջանին եւ հող է նախապատրաստում լայնամասշտաբ ռազմական գործողությունների համար:

Այս դժվարին պահին ՀՅ Դաշնակցությունն՝ իր աշխարհասփյուռ կառույցով, Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների ցանցով, ուղեկից միություններով ու համակիրներով, կանգնած է Հայոց զույգ պետությունների, Հայոց բանակի կողքին: Ինչպես միշտ, մենք պատրաստ ենք մեր բոլոր հնարավորություններն ու կարողականությունն ի սպաս դնել Հայրենիքի ու հայության անվտանգությանն ու զարգացմանը:

Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի Հանրապետութեան դէմ Ազրպէյճանի յարձակողապաշտ ու ռազմատենչ նկրտումներու հերթական փաստը արձանագրուեցաւ: Այս պահուն թիրախը Հայաստանի Հանրապետութեան հիւսիսարեւելեան սահմանի հատուածն է: Ինչպէս նախորդ բոլոր պարագաներուն, այս անգամ ալ անոր կ՚ուղեկցի քարոզչական ապատեղեկատուութիւնը, Թուրքիոյ անմիջական աջակցութեամբ:

Առաջին իսկ պահէն Հ.Յ.Դ. աշխարհասփիւռ կառոյցը ձեռնարկեց իր բոլոր կարողութիւններով միջազգային հանրութեան ներկայացնելու՝ բանակցութիւններու փոխարէն Հայաստանին ֆիզիքական սպառնալիք ներկայացնող Ադրբեջանի քաղաքականութիւնը, անգամ մը եւս հաստատելով որ ներխուժումն ու նախայարձակ կողմը չդատապարտելը կը խրախուսէ Ազրպէյճանին եւ հող կը նախապատրաստէ լայնամասշտաբ ռազմական գործողութիւններու համար:

Այս դժուարին պահուն, Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը իր աշխարհասփիւռ կառոյցով, Հայ Դատի Յանձնախումբերու եւ գրասենեակներու ցանցով, ուղեկից միութիւններով ու համակիրներով կանգնած է հայկական զոյգ պետութեանց, հայկական բանակին կողքին: Ինչպէս միշտ, մենք պատրաստ ենք մեր բոլոր հնարաւորութիւններն ու կարողականութիւնը ի սպաս դնել Հայրենիքին ու հայութեան անվտանգութեան եւ զարգացումին։

Հ.Յ. Դաշնակցութեան Բիւրօ
14 Յուլիս 2020

Տեսանյութեր

Լրահոս