«Եթե չփոխհատուցի՝ ամբողջը կքանդեմ, կբերեմ նախկին ավերակ կարգավիճակին ու այդտեղից դուրս կգամ». Խորեոգրաֆիայի թատրոնի նախկին տնօրենը՝ տարածքի շուրջ ստեղծված աղմուկի մասին
Խորեոգրաֆիայի թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, նախարարության իրավաբանական վարչության և կադրերի բաժնի աշխատակիցների հետ 1.5 տարի անց, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով, գնացել են թատրոնի նախկին տարածք, որպեսզի հին և նոր տնօրենների միջև ընդունում հանձնում տեղի ունենար: Ներկա է եղել նաև Պարարվեստի ուսումնարանի անձնակազմը. նրանց էլ տարածքն է հետաքրքրել:
«2019 թվականից, երբ սկսվեց դատական գործընթացը՝ հարցում էինք ուղարկել Պետական գույքի կառավարման կոմիտե, պատասխանել էին, որ թատրոնի տարածքը Բայրոնի 5 հասցեի հետ ընդհանրապես կապ չունի: Մինչև 2006 թիվն իրենք ունեցել են հատկացման վկայականներ, հետո հետ էր կանչել սա Պետգույքը, սակայն նոր չափագրում, փաստաթղթավորում չէր արել: Պարարվեստի ուսումնարանի տնօրենը շատ լավ իմանալով, որ այդ տարածքն իրեն չի պատկանում, պարբերաբար գալիս է զավթման: Այսինքն, իրենց հետաքրքիր չէ թատրոնի ճակատագիրը: Իրենց չի հետաքրքրում աշխատողների ճակատագիրը, որոնց գործը դատարանում է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Խորեոգրաֆիայի թատրոնի նախկին տնօրեն Գայանե Կարապետյանը:
«Հերթական անգամ իմ իրերով գալիս եմ իմ կողմից վերանորոգված զբաղեցրած տարածք, տեսնեմ՝ եկել-ասում են, թե ունեն սեփականության վկայական: Պարարվեստի ուսումնարանի վաղեմի մարմաջն է՝ զավթել այդ տարածքը: 15 տարի է՝ կռիվ է Պարարվեստի ուսումնարանի և երաժշտական դպրոցի միջև, թե այդ տարածքն ո՞վ պետք է զավթի: 2009 թվականից երբ ինձ հրավիրեցին աշխատանքի, բնականաբար, չկար թատրոն հասկացությունը ֆիզիկապես, կար փաստացի: Սկսեցի թատրոնը մեծացնել, պահանջեցի եղած օրդերի համապատասխան, որ մեզ տարածք հատկացնեն Պարարվեստի ուսումնարանից: Հատկացրեցին դահլիճը՝ հրամաններով: Արդեն 3-4 տարի հրամաններով ես այդ դահլիճը օգտագործել եմ, տարածքից տեղ են տվել, որ պահեստային մաս եմ օգտագործել և իմ անձնական միջոցներով կաբինետային հատվածը վերանորոգել եմ, հետնամասում կար «բրախած» հատված, դա էլ վերանորոգել եմ, և քանի որ պետությունն ի վիճակի չէր մեզ համար բնակարաններ վարձել, ինչպես որ բոլոր թատրոնները տարիներ շարունակ գյուղերից եկած դերասանների համար արել են, նպատակահարմար գտանք մեր միջոցներով վերանորոգել տարածքը: Դիմեցինք, թույլ տվեցին: Իմ անձնական միջոցներով բավականին տարածք եմ վերանորոգել, որը պայմանների բացակայության պատճառով ծառայել է նաև՝ որպես փորձասենյակ: Եվ բնակվել, և փորձեր ենք արել, որ վարձով բնակարան չպահանջենք: Պահակի նման հերթապահել ենք, որովհետև ստեղծել, բերել էի բավականին արժեքավոր գույք, և այդպես, մեր էնտուզիազմի, սեփական գումարների, հովանավորների շնորհիվ կարողացանք թատրոնը ոտքի հանել»,- մանրամասնեց Գայանե Կարապետյանը:
Խորեոգրաֆիայի թատրոնի նախկին տնօրենի խոսքով՝ թյուրըմբռնումը գալիս է դեռևս 2010 թվականից:
«2010թ.-ից հերիք չէ, որ Մշակույթի նախարարությունն ինձ խաբել է, թե տարածքը, որ օգտագործում եմ՝ իրենն է, և ես արել եմ ներդրումներ, սակայն հետագայում պարզվել է, որ այդ փաստաթուղթը իրավական հիմք չունի: Երբ դատական գործերը բացվեցին՝ տեսանք, որ տարածքը բացարձակ կապ չունի Մշակույթի նախարարության հետ, որն էլ փաստեց Պետգույքը: Այդ տարածքը գտնվում է Պետգույքի տիրույթում, բացարձակ կապ չունի Բայրոնի 5-ի հետ, բայց այն աստիճանի էին ոգևորվել, որ եկել էին տարածքը զավթելու: Ընդունենք, վաղը Կառավարությունը որոշում կայացրեց, որ տարածքը հատկացվելու է ինչ-որ կազմակերպության, թող հատկացնի, բայց փոխհատուցի ներքին, արտաքին հարդարանքների համար, փաստերով, նկարներով ամբողջ ծախսերը ունեմ, եթե չի հատուցի՝ ամբողջը կքանդեմ, կբերեմ նախկին ավերակ կարգավիճակին ու այդտեղից դուրս կգամ: Իրենք մտածում են, որ ես բանալի պետք է հանձնեմ. իմ սեփական դռան բանալին հանձնեմ ձե՞զ»,- նշեց նա: