«Դրան հայկական կողմը երբեք չի գնալու, Ալիևն ընդհանրապես այդ սցենարի մասին պետք է մոռանա»․ Տաթևիկ Հայրապետյան
«Կարծում եմ՝ այսպես թե այնպես, ադրբեջանական տեսլականում կա խնդրի չակերտավոր լուծման ռազմական ճանապարհը, և դա Ալիևը երբեք չի թաքցրել: Նա հերթական անգամ խոսում էր դրա մասին՝ նշելով, թե ով կարող է իրենց զրկել դրանից, ինչ է նշանակում, թե ռազմական լուծում չի կարող լինել։ Այո, խնդրին ռազմական լուծում չի կարող լինել, եթե Ադրբեջանը գնա նման լուծման, ապա, ինչպես 90-ականներին, այնպես էլ այս անգամ՝ արժանի հակահարվածի կարժանանա, որովհետև սա մեզ համար մարդու ազատ ապրելու իրավունքի մասին է, և հետքայլի իրավունք չունենք»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը՝ անդրադառնալով Ալիևի վերջին հայտարարությանը։
Հիշեցնենք, որ օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանն Արցախի հարցի լուծման հետ կապված իր դիրքորոշումը չի փոխել։ Ավելին, ըստ նրա՝ եթե բանակցություններն առարկայական չլինեն, ապա Ադրբեջանը չի մասնակցի բանակցային գործընթացին:
«ԵԱՀԿ Մինսկի խումբը չի արձագանքում Հայաստանի վարչապետի հայտարարությանն առ այն, որ «Ղարաբաղը Հայաստան է»: Այդ հայտարարությունը տապալում է բանակցությունները և դրանք անիմաստ դարձնում: Այսօր կարգավորման բանակցություններ փաստացիորեն չկան, Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարների տեսակոնֆերանսներից էլ ոչ մի օգուտ չկա: Դա զուտ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության իմիտացիա է: Եթե բանակցություններն առարկայական չլինեն, մենք չենք մասնակցի դրանց»,- ասել էր Ալիևը։
Տաթևիկ Հայրապետյանը համոզված է, որ Ադրբեջանն ուղղակի Թուրքիայի հայերին բնաջնջելու քաղաքականության կրողն է հանդիսանում տարածաշրջանում։
Նրա խոսքով՝ Ադրբեջանն իր շանտաժային մոտեցմամբ փորձում է հայկական կողմին դրդել հրաժարվել իր օրակարգերից, որովհետև տեսնում է, որ դրանք միջազգային օրակարգի մաս են դառնում։
«Մենք ասում էինք՝ փոխվստահության մեխանիզմ, համապատասխան մթնոլորտ, և դա արտացոլվեց Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ։ Հաջորդ կարևոր խնդիրն Արցախի վերադարձն է բանակցային սեղան և լիարժեք եռաչափ ֆորմատի վերականգնումը։ Սա՛ է նյարդայնացնում Ալիևին, մտածում է, որ, եթե նման ձևով շարունակվի, և Արցախը մի օր վերադառնա բանակցային սեղանի շուրջ, դա կնշանակի Ադրբեջանի տոտալ դիվանագիտական պարտությունը։ Այս վախերից դրդված Ալիևը ամպագոռգոռ և ոչ այդքան հավասարակշռված հայտարարություններ է անում»,- հավելեց նա։
Հայրապետյանը նաև ընդգծեց՝ առաջին անգամ չէ, որ Ադրբեջանը մեղադրում է Մինսկի խմբին, և Ադրբեջանի համար առարկայական բանակցությունները միակողմանի և անհեթեթության հասնող զիջումներն են, որին հայկական կողմը երբեք չի գնալու, հետևաբար՝ Ալիևն ընդհանրապես այդ սցենարի մասին պետք է մոռանա։
«Եթե Ադրբեջանը խաղաղություն է ուզում, իսկապես թող պատրաստվի խաղաղության և ժողովրդին պատրաստի խաղաղության և խոսի հավանական փոխզիջումների մասին։ Ալիևն այս մասին երբեք չի խոսում։ Ավելին՝ նա գիտակցում է, որ հայտնի և կարևոր սկզբունքներից մեկն ազգերի ինքնորոշման իրավունքն է, որն ընդունում է նաև Մինսկի խումբը։ Եթե Ալիևը մտածում է, որ Մինսկի խումբը կարող է սրանից հրաժարվել, ապա չարաչար սխալվում է։ Եթե բանակցային գործընթացում չկա առաջընթաց, ապա դա, առաջին հերթին՝ Ադրբեջանի և Ալիևի մեղքն է, որովհետև հենց իր ռազմատենչ և ապակառուցողական դիրքորոշումներն են բերում նման իրավիճակի»,- շեշտեց նա։
Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին Արցախի վերադարձին, Տաթևիկ Հայրապետյանը հիշեցրեց, որ Արցախը եղել է բանակցությունների կողմ, այժմ խնդիրը նախկին ֆորմատի լիարժեք վերականգնումն է։
«Այստեղ մի կողմ դնենք Ադրբեջանի դիրքորոշումը, կարևոր է, թե մենք ինչպես ենք աշխատում մեր միջազգային գործընկերների հետ։ Արցախի վերադարձը բանակցային սեղանին կարևոր բաղադրիչ է, առանց որի՝ իրական լուծում հնարավոր չէ։ Եթե մի օր Ադրբեջանը սա գիտակցի, ապա դա միայն օգուտ կբերի գործընթացին։ Կարևոր եմ համարում Ադրբեջանի հայտարարությունների հետ կապված միջազգային կառույցների արձագանքը։
Վերջին շրջանում Ադրբեջանի հայտարարություններում մեկ միտք է կարմիր գծի նման անցնում, որ իբրև միջազգային իրավիճակն իրենց թույլ չի տալիս գնալու ռազմական գործողությունների վերսկսման։ Գիտակցելով իրենց վրա առկա բեռը՝ միջազգային գործընկերները պետք է աչալուրջ լինեն հատկապես այս համավարակի պայմաններում, որպեսզի Ադրբեջանի սադրիչ հայտարարությունները ստանան համապատասխան արձագանք և դրանց համար զսպաշապիկ հանդիսանան։ Բնականաբար, գլխավոր զսպաշապիկը մեր Զինված ուժերն են, բայց իսկապես միջազային արձագանքը կարևոր է»,- եզրափակեց նա։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում